Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ երիկամն էլ է հիվանդ

Մայիս 17,2008 00:00

Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է:

«19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ճանաչվել եմ 2-րդ կարգի, այնուհետեւ 3-րդ կարգի հաշմանդամ եւ ստացել 2-3 հազար դրամ թոշակ, սակայն սկսած 1998-ից, այլեւս գումար չեմ ստացել եւ զրկվել եմ հաշմանդամության կարգից»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել 53-ամյա Աննա Հովհաննիսյանը: Չնայած նա տարբեր բժիշկների մոտ հետազոտվել է ու նրանք հաստատել են, որ Ա. Հովհաննիսյանն իսկապես ունի երիկամային անբավարարություն, սակայն նրան մինչ օրս բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ-ն) հաշմանդամության կարգ չի տալիս՝ պատճառաբանելով, որ նրա միակ երիկամը շատ էլ առողջ է: Գործակալության մասնագետների ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ կա երիկամային անբավարարություն, սակայն մասնագետները եկել են այն համոզման, որ երիկամը այս պահին հանգիստ վիճակում է եւ նրա կենսագործունեության վրա վատ ազդեցություն չի թողնում, իսկ երիկամում առկա է կես սանտիմետրանոց քար եւ ֆունկցիայի գրեթե աննշան խանգարում: Ա. Հովհաննիսյանն այս հարցը նաեւ վիճարկել է դատարանում, սակայն ԲՍՓ-ի հիմնավորումները դատարանի համար լիարժեք են եղել եւ երկու ատյանն էլ որոշում է կայացրել հօգուտ ԲՍՓ-ի:

«Վիճակս կտրուկ վատացավ եւ անցած տարի պետպատվերով հետազոտվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Ես անգամ հետազոտության համար գումար չունեմ: Մի որդի ունեմ, նա է ինձ պահում, բայց այնքան գումար չի աշխատում, որ բուժում ստանամ: Ես չեմ աշխատում: Այս հիվանդանոցում ինձ բժիշիկ Խաչատուրովան տվել է բժշկական հետազոտության եզրակացություն, ըստ որի՝ ես ունեմ երիկամային անբավարարություն, բացի դրանից՝ երիկամումս կա նաեւ քար եւ պետք է խուսափեմ ֆիզիկական ծանր աշխատանք կատարելուց»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Այս փաստաթուղթը հիվանդը ներկայացրել է ԲՍՓ, որպեսզի գործակալության մասնագետներն իր առողջական վիճակը հաշվի առնելով՝ իրեն կրկին հաշմանդամության կարգ տան: Հակառակ Աննայի սպասելիքների՝ ԲՍՓ-ի մասնագետները այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց՝ պարզելու, թե հիվանդն ինչ բողոքներով է այցելել բժշկին, ինչ չափսեր ունի երիկամի քարը եւ ինչ բուժում է ստացել, որից հետո Ա. Հովհաննիսյանին կրկին կանչել են իրենց գրասենյակ եւ ասել, որ նրան հաշմանդամության կարգ չեն կարող տալ: Այս առնչությամբ ԲՍՓ-ի պետ Միշա Վանյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք առաջնորդվել են օրենքով. «Նրա երիկամի ֆունկցիան աննշան է խանգարված: Մարդ հաշմանդամ է ճանաչվում, երբ տեղաշարժման ունակության, աշխատանքային գործունեության սահմանափակումներ ունի, սեփական վարքագիծը չվերահսկելու դեպքում սրանցից ոչ մեկը տիկին Աննայի մոտ չկա: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է եւ կարող է հաշվապահ կամ հաշվետար աշխատել, այլ ոչ թե ծանր աշխատանք կատարել»:

Մեր հարցին, թե ԲՍՓ-ն հաշվի չի՞ առնում բոլոր բժիշկների ախտորոշումը, պարոն Վանյանը պատասխանեց. «Մենք ենք հաշմանդամ ճանաչում մեր երկրի քաղաքացիներին եւ իրավունք ունենք նրանց եզրակացությունը հաշվի չառնել»:

ԲՍՓ-ի առողջապահության բաժնի ավագ մասնագետ, թերապեւտ Ցեալա Խուդինյանն էլ ավելացրեց, որ տիկին Հովհաննիսյանը ԲՍՓ-ին մոտ 5 տարի չի դիմել՝ 2001-ից 2005-ը, որը վկայում է այն մասին, որ նա չէր կարող երիկամային անբավարարություն ունենալ: Չնայած դրան, Ա. Հովհաննիսյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց՝ նա այդ 5 տարիների ընթացքում առողջության վիճակի վատթարացման պատճառով բազմիցս դիմել է բժշկի: Իսկ ԲՍՓ չի դիմել, քանի որ վստահ է եղել, որ կրկին մերժելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել