Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ

Մայիս 17,2008 00:00

Խոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները:

Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին խոսք գնալիս՝ մեր իշխանավորները անընդհատ խոսում են միայն բյուջեն լցնելու մասին, եւ տպավորություն է ստեղծվում, թե հարկային ու մաքսային մարմինները, բացի պետբյուջեի գումարների հավաքագրումից, այլ գործառույթներ չունեն: Եթե նրանք լրջորեն ուսումնասիրեն Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը, ապա կհայտնաբերեն, թե մեր պատգամավորներն ու օլիգարխներն ինչպես են կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւ ինչ մեթոդներով ու կոնկրետ ում դեմ է պետք պայքարել այդ ստվերը կրճատելու համար: Տնտեսագետների հաշվարկներով, մեր տնտեսության կեսից ավելին պատկանում է 44 մարդու եւ երկրի դրամական միջոցների հսկայական մասն էլ շրջանառվում է այդ մարդկանց ձեռքերում ու նպաստում է նրանց բիզնեսի զարգացմանը: Սակայն հենց այդ նույն մեծահարուստ գործարարները, որպես կանոն, անբարեխիղճ հարկատուներ են ու իրենց միլիարդավոր դոլարների եկամուտից պետբյուջե են մուծում չնչին, երբեմն էլ պարզապես ծիծաղելի փոքր չափի գումարներ: Օրերս տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ, իր հաշվարկով, խոշոր հարկատուների վճարած հարկերի 52%-ը կազմում են ոչ թե շահութահարկն ու եկամտահարկը, այլ՝ ավելացված արժեքի հարկն ու ակցիզային հարկը, ինչը նշանակում է, որ պետբյուջե մուծվող գումարների մեծ մասը վճարում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները:

Ուսումնասիրելով այս տարվա 1-ին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ապրանքների ծավալներով լայն սպառում ունեցող եւ անգամ մենաշնորհային դիրք ունեցող բազմաթիվ ընկերություններ աշխատում են կամ վնասով, կամ էլ չնչին եկամտաբերությամբ, իսկ պետբյուջեն լցնում են ոչ թե միլիարդավոր դոլարների եկամուտ ունեցող գործարարները, այլ համեմատաբար փոքր ու «թիկունք» չունեցող ձեռնարկատերերը: Խոշոր հարկատուների ցանկում տարեցտարի իրենց դիրքերը զիջում ու վերջին շարքերում են հայտնվում հատկապես ԱԺ պատգամավորներին պատկանող հայտնի ընկերությունները: Մասնավորապես, հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպ» ընկերությունը նախորդ տարվա 1-ին եռամսյակի 2 միլիարդ 300 միլիոն դրամի փոխարեն, այս տարվա նույն ժամանակահատվածում պետբյուջե է վճարել ընդամենը 1 միլիարդ 36 միլիոն դրամ հարկ: Նշենք, որ Ս. Ալեքսանյանին են պատկանում «Լուսաստղ Պլաստ» շինանյութերի եւ պոլիէթիլենային պարկերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Բեռլին» մսամթերքի արտադրամասը, «Լուսաստղ» եւ «Երեւան Սիթի» խանութների ցանցը, տասնյակ դեղատնային ցանցեր ունեցող եւ թունաքիմիկատների ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմը», ինչպես նաեւ տասնյակ սպասարկման օբյեկտներ ու առեւտրի կետեր: Եթե նկատի ունենանք նաեւ, որ «Սալեքս գրուպը» հանրապետությունում շաքարավազի եւ կարագի ներկրման բիզնեսում գերիշխող է, ապա պարզ է դառնում, թե Ս. Ալեքսանյանը հսկայական գերշահույթների դիմաց պետությանը որքան չնչին հարկ է մուծել: Նշենք նաեւ, որ «Սալեքս գրուպի» մեջ մտնող բոլոր ընկերությունների վճարած հարկերի մեծ մասը անուղղակի, այսինքն՝ ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերն են: Օրինակ, «Նատալի ֆարմի» վճարած 267 միլիոն դրամ ընդհանուր հարկերից միայն 60 միլիոնն է հավաքագրվել հարկային մարմինների կողմից:

Հարկերի վճարման առումով նույն պատկերն է նաեւ մեր երկրի պաշտոնյաների կողմից շատ սիրված ու արտոնյալ մեկ այլ գործարարի՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող ընկերություններում: Չնայած Մ. Բաղդասարովի բիզնեսը Հայաստանում ծաղկում է ոչ թե տարեցտարի, այլ օր օրի, սակայն պետբյուջե վճարած գումարների չափով նրա ընկերությունները գնալով հայտնվում են խոշոր հարկատուների ցանկի վերջին տեղերում, իսկ որոշ ընկերություններ արդեն ընդհանրապես դուրս են մնացել այդ ցանկից: Օրինակ, Մ. Բաղդասարովին պատկանող մեր ազգային ավիափոխադրող «Արմավիան» նախորդ տարվա 1-ին եռամսյակում գոնե 62 միլիոն դրամ հարկ էր պետբյուջե վճարել, ու չնայած այս տարի ընկերությունն ավելացրել է ավիափոխադրումներն ու չվերթների ուղղությունները, բայց դուրս է մնացել այս տարվա 1-ին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից: Այսինքն՝ «Արմավիան» 3 ամիսների ընթացքում 49 միլիոն դրամից էլ պակաս հարկ է վճարել, քանի որ ցանկի վերջին տեղում համակարգչային տեխնիկայի ներկրմամբ զբաղվող «Յունիկոմպ» ընկերությունն է, որը վճարել է մոտ 49 միլիոն դրամ հարկ: Ի տարբերություն հանքային ջրերի վաճառքով զբաղվող «Ջերմուկի», «Բջնիի» կամ, ասենք, «Արզնիի», Մ. Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Դիլիջան Ֆրոլովան» եւս բացակայում է հարկատուների ցանկից:

Մեր երկրի ամենախոշոր գործարարներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին են պատկանում բենզինի ու հեղուկ գազի լիցքավորման տասնյակ կետեր, խանութներ, խոշոր արտադրամասեր ու հանրապետության տարբեր վայրերում տեղակայված շքեղ հյուրանոցային համալիրներ: Ու չնայած սրան, այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են միայն մատների վրա հաշված հատուկենտ ընկերություններ, այն էլ՝ զարմանալի ցածր վճարումներով: Օրինակ, հանրապետության գրեթե բոլոր մարզերում գազի եւ բենզինի լիցքավորման կետեր ունեցող «Մուլտի Լեոնը» այս տարվա առաջին եռամսյակում վճարել է ընդամենը 97 միլիոն, իսկ շուկայում ցեմենտի սպառման ծավալներով առաջատար դիրքերում գտնվող «Արարտցեմենտը» վճարել է մոտ 191 միլիոն դրամ:

Նախորդ տարեվերջից մինչ օրերս «Սիլ Կոնցեռնի» հանդեպ հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի վարած քաղաքականության հետեւանքով, նվազել են կոնցեռնի որոշ ընկերությունների վճարած հարկերը: Օրինակ, նախորդ տարվա 1-ին եռամսյակի 1 մլրդ 571 մլն դրամի փոխարեն այս տարվա նույն ժամանակահատվածում «Պարես Արմենիան» վճարել է 1 մլրդ 255 մլն դրամ: Իսկ նույն կոնցեռնին պատկանող «Նարեկ» ընկերությունը, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի քան 5 միլիոնով պակաս հարկ է վճարել:

Նախորդ տարվա ցանկի առաջատար «ՀայՌուսգազարդն» իր դիրքերը զիջել է «Ղ-Տելեկոմին», որն էլ պետբյուջե է վճարել 6 միլիարդ 813 միլիոն դրամ: Կարելի է եզրակացնել, որ «ԱրմենՏելն» այս տարի բավականին մեծ թվով բաժանորդ է կորցրել, քանի որ նախորդ տարվա առաջին եռամսյակի 5 միլիարդ 197 միլիոնի փոխարեն այս տարի վճարել է 3 միլիարդ 681 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել