Լրահոս
Օրվա լրահոսը

«Առբաժվարը գաղութի ֆելդշերի է հիշեցնում»

Մայիս 17,2008 00:00

Այսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից:

Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, լսելով Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից իրենց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի հորդոր-հրամանը, նախորդ օրը՝ ժամը 21.00-ից, ժամանակավորապես դադարեցրին հացադուլը: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան հենց հրամանատարի՝ Աշոտ Զաքարյանի համար էր, որին առանց հիմնավոր փաստերի մեղադրում են «խուլիգանությամբ ընտրական գործընթացը ձախողելու» մեջ: Մինչ հացադուլի դադարեցումը, նրանցից մեկի՝ Մկրտիչ Բաղդասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ու նրան շտապ տեղափոխել էին Գյումրիի Սամարիթեր հիվանդանոց: Այս դեպքից հետո Գյումրիում քաղբանտարկյալների պաշտպանության ու հացադուլավորների հարցերով ստեղծված կոմիտեն հայտարարել էր, որ եթե առողջապահության վարչությունը նույն ստրկամտությամբ շարունակի վերաբերվել հացադուլավորներին, ապա իրենք կդիմեն հարեւան Վրաստանի օգնությանը: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հացադուլից դուրս եկած ազատամարտիկները հասարակ քաղաքացիներին ու մի շարք քաղաքական ուժերի շնորհակալություն հայտնելուց զատ, առանձին քննարկման արժանացրին մարզի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանի պահվածքը: Տեղեկացնենք, որ վերոհիշյալ պաշտոնյան երկու օր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ հայտարարել էր. «Ի՞նչ պարտադիր է հացադուլավորներին ամեն վայրկյան այցելել, երբ կանչ կլինի, այն ժամանակ էլ բժշկական օգնություն կցուցաբերվի»:

Պաշտոնյայի խոսքերից ապշահար՝ ազատամարտիկները երեկ հակադարձեցին. «Եթե առբաժվարը մտածում է, որ մենք գտնվում ենք գաղութում, այլ ոչ թե ազատ քաղաքացիներ ենք, նա ճիշտ է: Եթե նա համարում է, որ իրոք Հայաստանը իր պատկերացումով գաղութ է, մենք այլ բան չունենք նրան ասելու: Բայց երբ նստած են հացադուլի, բոլորը վատառողջ են, հաշմանդամներ են, եւ ոչ մեկը երաշխիք չունի, թե տվյալ անձի հիվանդությունը որ պահին ինչ սրացում կստանա եւ ինչպիսի ելք կունենա, սա է խնդիրը, թե չէ՝ իշխանությունների քամահրանքից ելնելով, բառախաղերի մեջ մտնելով չէ, պաշտոնը տրված է մարդկանց օգտակար լինելու համար, տրված չի մարդկանց իրավունքները ոտնահարելու համար։ Եթե ժամանակին բժշկական հսկողություն սահմանեին, առավոտյան 6.30-ին Մկրտիչ Բաղդասարյանին հիվանդանոց չէին տեղափոխի, եթե ուզում են, որ մեզանից ոչ ոք կենդանի չլինի, չարաչար սխալվում են՝ հաղթելու ենք ապրելով»: Նրանցից մեկն էլ առողջապահության վարչության պետին հիշեցրեց, որ նա պարտավոր էր ստեղծել հատուկ հանձնաժողով, նախապես ստուգեր մարդկանց առողջական վիճակը, նոր թույլտվություն տար հացադուլի, այնուհետեւ 24-ժամյա հերթապահություն սահմաներ: «Մեր առողջապահության բաժնի պետը երեւի թե մինչեւ օրս մնացել է դեռ գաղութի ֆելդշերի հոգեբանությամբ (վերջինս եղել է կալանավայրերի բժիշկ.- խմբ.), որովհետեւ կալանավայրերում, կոմունիստական ժամանակներից սկսած, երբ դատապարտյալը հացադուլ է հայտարարում, խախտելով մարդկային բոլոր նորմերը՝ ամեն ինչ հակառակն են անում, հացը բերում, դնում են դեմը, ստիպում են, որ ուտի, երրորդ օրը գալիս՝ չեն զննում: Մենք խորհուրդ կտանք առողջապահության բաժնի վարիչին՝ ուսումնասիրել Մարդու միջազգային իրավունքները եւ բոլոր նորմերը, եւ դրանից հետո նոր հայտարարություններ կատարել հեռուստատեսությամբ, անհարմար է ուղղակի»,- ասացին ազատամարտիկները, փաստելով, որ բժիշկների այցելությունը սկսվել է հացադուլի երրորդ օրվանից, ընդ որում՝ Վրաստանից բժիշկ բերելու մասին հացադուլավորների նախազգուշական հայտարարությունից հետո: ԵԿՄ անդամները նաեւ տեղեկացրին, որ կախված Ա. Զաքարյանի առաջիկա դատավարությունից, իրենք մշակում են բողոքի նոր՝ հետաքրքիր ձեւեր, ու այնքան են «ցավացնելու իշխանությունների գլուխը», մինչեւ արդարությունը հաղթի:

Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ գյուղերի հինգ հացադուլավորներն էլ երեկ հացադուլը դադարեցրին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հորդորով: Թեեւ յոթ տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Ուռուտյանի որդիները՝ նախկին հացադուլավոր Բաբկեն եւ Գալուստ Ուռուտյանները վստահեցնում են, որ եթե երեքշաբթի օրը ՀՀ Վերաքննիչ դատարանը արդար դատաքննություն չանցկացնի, շարունակի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեւ գործը, իրենք հացադուլ կհայտարարեն հենց դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել