Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում:
19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային վնասվածքներից ապրիլի 11-ին մահացավ հիվանդանոցում՝ զորակոչվել էր 2007-ին, եւ ծառայությունն անցնում էր ոստիկանության զորքերում: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզան Հարությունյանը, «Ազգի» թղթակցին ասել էր. «Եթե իմանայի գնացել է պատերազմ, կռիվ, էդքան չէի տանջվի, բայց քաղաքի կենտրոնում փողոցային կռվի պատճառո՞վ…»:
Արդյոք ապահովագրվա՞ծ ենք այն հեռանկարից, որ ժամկետային զինծառայության ուղարկելով մեր որդիներին՝ հետո նրանք չեն հայտնվելու մեր դիմաց, ներքաղաքական բախումների ընթացքում: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գնահատականով՝ ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում բանակի կիրառում նման պայմաններում, եւ մարտի 1-21-ը արտակարգ դրության ժամանակ Երեւանում զինուժի օգտագործումը Սահմանադրության կոպիտ խախտում էր: Ըստ Սահմանադրության 55 հոդվածի՝ ՀՀ նախագահը «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»: Վահան Շիրխանյանը շեշտեց, որ թվարկված 3 դեպքերից բացի՝ որեւէ այլ պարագայում զինուժ չպիտի օգտագործվի. «Այդ դեպքերից ոչ մեկն առկա չէր: Իսկ Սահմանադրությունն այլ դեպքեր չի նախատեսում, նշանակում է՝ արգելում է»:
Ըստ Սահմանադրության 55 հոդվածի՝ «Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ»: Հայտնի է, որ նման նիստ էլ չի գումարվել, որի օրակարգում լիներ զինուժի օգտագործման հարցը: Մարտի 1-ի գիշերը գումարված հատուկ նիստը վերաբերել է միայն արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրին:
Սահմանադրության 81 հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն կարող է չեղյալ հայտարարել ռազմական կամ արտակարգ դրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։ Սակայն դարձյալ հայտնի է, որ մարտի 1-ի հատուկ նիստի ընթացքում որեւէ պատգամավոր չի ներկայացրել «Միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։ Հարց է առաջանում՝ արդյոք մեր օրենսդիրների մեջ չի՞ եղել որեւէ մեկը, որը կնկատեր Սահմանադրությանն այդ հրամանագրի անհամապատասխանությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, որն իրավագիտության դոկտոր է՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին այսպիսի հարց էր տվել. «Դուք համեմատություն անցկացրե՞լ եք արդյոք՝ ՀՀ նախագահի հրամանագիրը համապատասխանո՞ւմ է, լրիվ չափով բխո՞ւմ է, ի՞նչ փոխհարաբերության մեջ է միջազգային իրավական փաստաթղթերի հետ, բացի մեր Սահմանադրությունից»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը միակն է, որի հարցադրումը վերաբերել էր նրան, թե ինչո՞ւ են զինված ուժեր կիրառում արտակարգ դրության պայմաններում. «Անկեղծ ասած, իմ մոտ 3-րդ կետից տպավորություն է ստեղծվում, որ կիսառազմական դրության մասին է խոսքը: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ պետք է այդ ռեժիմի ապահովումը վերապահել ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ պաշտպանության նախարարությանը»: Ստեփան Սաֆարյանի հենց այս հարցից հետո էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») հայհոյանքներ տվել նրա հասցեին: Իսկ արդարադատության նախարարը Ստեփան Սաֆարյանի հարցին պատասխանել էր. «Արտակարգ դրությունը հենց կիսառազմական դրություն է, եւ, բնականաբար, պետք է ենթադրվեր, որ այս ռեժիմը պետք է պահպանվի հենց այնպիսի ուժային կառույցների կողմից, որոնք ունակ են, ի վիճակի են այս սպառնալիքների դեմը կանգնելու: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ոստիկանությանը, հերթականությունը իր մեջ նույնպես տրամաբանություն ունի, 2-րդը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը»:
Հայտարարելով, թե ԱԺ-ն մարտի 1-ի դեպքերի հետ կապված որեւէ քայլ չի կատարել՝ պրն Շիրխանյանը երեկ ՄԱԱ-ում կարծիք հայտնեց, թե խորհրդարանը Հայաստանում ավելորդ է. «Ի՞նչ կփոխվեր, եթե կառավարությունն օրինագիծը մշակեր, քննարկեր կառավարության նիստում, ներկայացներ նախագահին, նա էլ հաստատեր: Ոչ մի բան չէր փոխվի, ոչ մի որակական պակաս չէր լինի, ուղղակի երկիրը մեծ եկամուտ կունենար այդ ծախսերը չկատարելով»:
«Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, ՀՀ նախագահի այդ հրամանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ոչ թե առանձին անհատների հարց է, այլ նման գնահատական կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Իրավական առումով՝ իհարկե, ճիշտ կլինի դիմել ՍԴ-ին վերջնական մեկնաբանություն ստանալու համար»: Սակայն նաեւ նշեց, թե որքան տեղյակ է՝ չկա նման նախաձեռնություն այս հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ: