«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երեկ կազմակերպած «Պառլամենտարիզմի 18 տարին Հայաստանում» թեմայով քննարկման զեկուցողն էր: Արա Սահակյանի այս խոսքերն ուղղված էին մյուս զեկուցողին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին. «Հասկանո՞ւմ եք՝ մենք տիպաբանորեն տարբեր մարդիկ ենք: Դուք ինձ նման, այստեղ ներկա մարդկանց նման՝ մտածող, այլ կերպ մտածող, արժեքային այլ համակարգ ունեցող մարդկանց դուրս եք շպրտել քաղաքական միջավայրից: Հայաստանում չի կարող քաղաքական միջավայրն առողջանալ, Հայաստանն ինքը չի կարող զարգանալ, եթե հիմնական մտայնությունները ներկայացնող հասարակական խավերը ներկայացված չլինեն խորհրդարանում»:
Արմեն Աշոտյանն ի պատասխան առաջարկեց վերհիշել. «Լեւոն Տեր-Պետրոսյանական ընդդիմության հատվածի հիմնական քաղաքական առանցքը՝ ՀՀՇ-ն, մասնակցության հայտ տվեց ԱԺ ընտրություններին: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նվազագույնը 10-15 տոկոս ձայն ունեն, հետո կեսից փոշմանեցին ու հետ քաշվեցին: Ինչո՞ւ պիտի ներկայիս ԱԺ-ն տուժի նրա համար, որ ՀՀՇ-ն իր քաղաքական սխեմաների մեջ որոշեց, թե ավելի լավ է մեկ անգամ փորձի՝ նախագահական ընտրություններում»: Արա Սահակյանը նկատեց, որ ինքը ՀՀՇ-ն չի ներկայացնում: Աշոտյանը շարունակեց. «Ընտրություններին մասնակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող բազմաթիվ քաղաքական ուժեր՝ «Նոր ժամանակներ», «Հանրապետություն», ՀԺԿ, «Իմպիչմենթ»: Բոլորը միասին հավաքել են շուրջ 450 հազար ձայն: Բա ինչո՞ւ միասնական ցուցակով չէիք գնացել, որ այդ ձայները չփոշիանային: Ձեր մարտավարական բացթողումներն ինչո՞ւ եք ուզում գործող ԱԺ-ի քթից բերել… Սա ձե՛ր մարտավարական անհաջող հաշվարկի հետեւանք է եղել եւ ոչ թե ընտրական գործընթացի խեղաթյուրման կամ որեւէ բռնության ու կեղծարարության արդյունք»: ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի արձագանքն էր, թե այդ ուժերն ԱԺ-ում չեն, քանի որ ընտրությունները կեղծվել են. «Ընտրություն չի էլ եղել՝ եղել է միջոցառում»: