Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ընդվզում է ՆԱՏՕ-ի, իսկ ՄԱԿ-ը՝ Մոսկվայի դեմ

Մայիս 17,2008 00:00

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիի ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առավել մեծ ակտիվություն են դրսեւորում ԱՄՆ-ը, Թուրքիան, Բուլղարիան եւ Չեխիան: Վրաստանը նշանակալի ծավալների սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ստանում Ուկրաինայից, ընդլայնվում է իսրայելա-վրացական ռազմատեխնիկական համագործակցությունը»,- արձանագրում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունը:

Նախօրեին ռուս-վրացական հակամարտության սաստկացմանն է անդրադարձել նաեւ ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: «Նովոստի-Գրուզիային» տված հարցազրույցում նա ասել է, թե «Աբխազիայի տարածքում ռազմական բազայի հնարավոր ստեղծումը, եթե համապատասխան քաղաքական որոշում ընդունվի, կնպաստեր Ռուսաստանի պետական սահմանի պահպանության որակի բարձրացմանը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշն առաջարկել էր Աբխազիայի տարածքում ստեղծել ռուսական ռազմահանգրվան:

Ալեքսանդր Զելինը նշել է նաեւ, որ «հակաօդային պաշտպանության միջոցների առկայությունը ՌԴ պետական սահմանի ողջ երկայնքով նոր որակ կհաղորդի պետության օդային տարածության պաշտպանությանն ու պահպանությանը»: ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարը հավելել է, թե Ռուսաստանը շատ սերտ կապեր ունի Հայաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում: «Կուզենայինք, որ այդպիսի հարաբերություններ լինեին նաեւ Վրաստանի հետ, ցավոք, դա չստացվեց»,- իր ափսոսանքն է հայտնել ռուս գեներալը:

Միաժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր բանաձեւով պաշտպանել է վրաց փախստականների՝ Աբխազիա վերադառնալու իրավունքը: Համապատասխան նախագիծը պաշտոնապես ՄԱԿ-ի ԳԱ-ի քննարկմանն էր ներկայացվել Վրաստանի կողմից: ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Իրակլի Ալասանիան այս բանաձեւը որակել է իբրեւ «իր երկրի հաղթանակ»: Մեկնաբանները, սակայն, նշում են, որ բանաձեւը պարտադիր ուժ չունի. դրա օգտին քվեարկել է ընդամենը 14 երկիր: Պետությունների մեծ մասը՝ 105 երկիր, ձեռնպահ է մնացել, 10-ը դեմ է քվեարկել: Ի դեպ, Հայաստանը, ինչպես եւ սպասվում էր, ՌԴ-ի հետ միասին, դեմ քվեարկած երկրների շարքում է: Հիշեցնենք, որ 1990 թվականին տասնյակ հազարավոր վրացիներ պատերազմի պատճառով ստիպված են եղել թողնել իրենց բնակության վայրերն Աբխազիայում եւ հեռանալ երկրի այլ շրջաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել