Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչ հունիսի 9-ը

Մայիս 17,2008 00:00

Մարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը ներկայացրել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 24-ին՝ մինչ ապրիլի 17-ին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը, որով եւս առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: ԵԽԽՎ բանաձեւում եւ դրանից շուրջ 1 ամիս առաջ շրջանառության մեջ դրված որոշման նախագծում կան նաեւ բազմաթիվ այլ համահունչ դրույթներ: «Ես գլոբալ եմ դրել խնդիրը ՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ֆորմատով»,- իր նախաձեռնությունը մեր զրույցում այսպես գնահատեց պրն Դալլաքյանը:

Երեկ քննարկման ընթացքում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունել են այս նախաձեռնությունը: Սակայն կոալիցիայի ներկայացուցիչները կարեւորել են, որ այս հանձնաժողովի ստեղծման հարցում լինի քաղաքական համաձայնություն: Դավիթ Հարությունյանը գնահատելով այս նախագծի ներկայացումը «խիզախ քայլ»՝ առաջարկել է նախագծի հեղինակին համագործակցել կոալիցիայի հետ եւ համատեղ նախագծով հանդես գալ կամ հետաձգել նախագիծը:

Հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ միակ վերապահումը հայտնել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ենթադրություն հայտնելով, թե արդյոք սա թղթի վրա ստեղծվող հերթական մի մարմին չի՞ լինի, «որն ուղղակի կխաբի Եվրոպայի խորհրդին կամ չգիտեմ ում, որ մենք նման գործողություններ ենք իրականացրել»: Զարուհի Փոստանջյանը նշել է, թե իրենք հանձնաժողովի գաղափարին չեն դեմ, այլ արդյունավետությանը:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանի նախապատրաստած ԱԺ որոշման նախագծի համաձայն՝ «Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կողմ ձայների թվով երկրորդը ճանաչված թեկնածուն կամ նրա ներկայացուցիչը: Նա իրավունք ունի հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ, որոնք պարտադիր քննարկվում են եւ դրանց վերաբերյալ ընդունվում են որոշումներ»: Հանձնաժողովում կարող են ներգրավվել նաեւ միջազգային փորձագետներ ու մասնագետներ:

Ըստ այս նախագծի՝ հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008թ. հունիսի 12-ը պիտի զեկուցեր ԱԺ նիստում: Իսկ այժմ հետաձգման պատճառով արդյոք չի՞ վտանգվի նաեւ ԵԽԽՎ բանաձեւի համապատասխան դրույթի իրականացումը: Մեր այս հարցին Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Հանձնաժողովի նիստի ընթացքում ես առաջարկեցի հարցը ներառել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգ: Բայց խորհրդարանական մեծամասնությունը, որը դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը՝ ինձ առաջարկեց հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա, այսինքն՝ հունիսի 9-ը: Եթե հունիսի 9-12-ի քառօրյա նիստերի ընթացքում ստեղծվի այս հանձնաժողովը՝ կստացվի, որ Հայաստանը կատարել է ԵԽԽՎ բանաձեւում ամրագրված համապատասխան դրույթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել