Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի
Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», հատկանիշներով ՀՀ քանի՞ քաղաքացի է կալանավորված, քանիսի՞ գործերն են, որ այս օրերին քննվում են դատարանում եւ քանի՞սն են արդեն դատապարտվել այդ հոդվածով: Փոխարենը կարելի է պնդել, որ այդ հոդվածը ամենահարմարն է ընդդիմադիր գործիչներին եւ այլախոհ քաղաքացիներին բանտարկելու եւ դատելու համար: Դրա համար միայն պետք է, որ որեւէ ոստիկան, կապ չունի՝ նա իսկապե՞ս «հանցագործության» վկա է եղել, թե ոչ, ցուցմունք տա, որ ինքը տեսել է, թե այսինչը իր գործընկեր ոստիկանին հրել է, կամ, որ ավելի լավ է՝ ասի, որ այդինչը իրեն է հրել: Մեղադրվողը կարող է հերքել ոստիկանի ցուցմունքը, բայց վերջին խոսքը մեր երկրում ոչ թե քաղաքացունն է, այլ՝ ոստիկանինը: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի դեպքը այդպիսի բազմաթիվ օրինակներից մեկն է եւ, թերեւս, ամենանենգը:
Հիշեցնենք, որ Ջհանգիրյան եղբայրները ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «6», բերման էին ենթարկվել փետրվարի 23-ին՝ Արգավանդի խաչմերուկից: Այդ օրը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ժամը 23:00-ին, «6»-ի դիմակավորված աշխատակիցները կանգնեցրել էին Գ. Ջհանգիրյանին պատկանող «Ջիփը», որի մեջ էին Ջհանգիրյան եղբայրները, ու նրանց ուղեկցող մեքենան, եւ առանց ներկայանալու սկսել էին ջարդել «Ջիփի» ապակիները, հետո մեքենայից դուրս էին քաշել եւ գետնին տապալելուց հետո սկսել էին ծեծել Վ. Ջհանգիրյանին, «անզգուշաբար» կրակել էին նրա վրա ու արնաքամ վիճակում բերման էին ենթարկել վարչություն: Վ. Ջհանգիրյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»: Հիշեցնենք, որ Վ. Ջհանգիրյանը տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով, դրա համար կորսետ է կրում եւ ակտիվ գործողությունների, ուր մնաց թե բռնություն գործադրելու հնարավորություն ֆիզիկապես չունի: Իրականում այդ ոստիկաններն էին, որ բռնություններ էին գործադրել Վ. Ջհանգիրյանի նկատմամբ, իսկ վերջինս, նրա պաշտպան Լուսինե Սահակյանի մատուցմամբ, փորձել էր ընդամենը իր ողնաշարը անխնա հարվածներից պաշտպանել: Մեզ հետ զրույցում Լ. Սահակյանն ասաց, որ իրենք ունեն փորձագիտական եզրակացություններ, ըստ որոնց՝ Վ. Ջհանգիրյանին շտապ անհրաժեշտ է ստացիոնար մասնագիտական բուժում եւ մասնագիտական խնամք, բայց, չնայած դրան, նա շարունակում է մնալ ազատազրկման մեջ: Ավելի քան սարսափազդու էր Վ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու նկարագրությունը: Այսպես, նրա պաշտպանի փոխանցմամբ, իրավապահները արձանագրություն են կազմել, ըստ որի՝ Վ. Ջհանգիրյանին ԿՀԴՊՎ բերման են ենթարկել ժամը 11:30-ին, մինչ այդ արդեն նրա վրա կրակած են եղել Արգավանդում, ու միայն ժամը 00:50-ին ոստիկանները նոր դիմել են բերման ենթարկվածին առաջին բուժօգնություն ցույց տալու համար: «Այսինքն՝ մոտ մեկ ժամ 20 րոպե նրան, որ արնաքամ է եղել վարչություն բերելու ճանապարհին, բուժօգնություն ցույց չեն տվել: Թղթեր, թերթեր են դրել աթոռին, իրեն նստեցրել են դրանց վրա, որ արյունը իրենց աթոռներին չքսվի: Իհարկե, արյունը հոսել ու թղթերի միջով հասել, արյունոտել է իրավապահների աթոռները: Այս ամենը տեւել է այնքան ժամանակ, մինչեւ «6»-ի աշխատակիցները հասկացել են, որ բերման ենթարկվածին կարող են կորցնել ու պրոբլեմ ունենալ, համ էլ տեսել են, որ իրենց աթոռներն են արյունոտվում՝ ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց: Առաջին օգնություն ցույց տալուց հետո Վ. Ջհանգիրյանին հետ են բերել վարչություն՝ իբր ինքը հոսպիտալացումից հրաժարվում է եւ մեծագույն ցանկությամբ ուզում է վերադառնալ «6-րդ վարչություն»: Բայց առավոտյան ժամը 9-ին, տեսնելով, որ արյունահոսությունը չի դադարում, նորից տեղափոխել են հիվանդանոց: Սա արդեն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ակնհայտ խախտում եւ միանշանակորեն խոշտանգում է: Այդ պայմաններում նրան ձերբակալել են, հարցաքննել են, իրավունք են բացատրել, ընդ որում, առանց պաշտպան ներգրավելու»,- ներկայացրեց Լ. Սահակյանը:
Իհարկե, Վ. Ջհանգիրյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկել էին, որովհետեւ ստիպված են եղել դա անել՝ նրա վնասվածքը հրազենային է եղել: Բացի այդ վնասվածքից, նրա մարմնի վրա բազմաթիվ այլ վնասվածքներ են հայտնաբերվել, որոնք կարող էին պատճառված լինել բութ գործիքով հարվածից: Փաստաբան Լ. Սահակյանն ասաց, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքով դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ «անզգուշորեն» արձակված կրակոցի եւ դրա հետեւանքով Վ. Ջհանգիրյանին միջին ծանրության վնասվածքներ հասցնելու, ինչպես նաեւ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին «6»-ում ծեծի ենթարկելու փաստերի առիթով քրգործ հարուցելու եւ դրանցում Ջհանգիրյաններին տուժող ներգրավելու պահանջով: Նկատենք, որ թեեւ «անզգույշ» կրակոցի արդյունքում, բացի Վ. Ջհանգիրյանից, հրազենային վնասվածքներ էր ստացել նաեւ երկու ոստիկան, տեղի ունեցած փաստի առիթով քրգործ չի էլ հարուցվել, թեեւ պարտավոր էին դա անել:
Վ. Ջհանգիրյանի գործը ապրիլի 23-ին փոխանցվել է դատարան, դատական առաջին նիստը կկայանա մայիսի 19-ին: