Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»

Մայիս 17,2008 00:00

\"\"Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են

«Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով Հայաստանի բժիշկներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր նախորդ օրը կատարել են իրենց մասնագիտական պարտքը եւ Արամ Կարապետյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ասում է քաղբանտարկյալի կինը՝ Գայանե Հայրապետյանը: Նա հորդորում է բժիշկներին՝ «չնայած իշխանության որոշ ուժային կառույցների կողմից առկա ճնշումներին՝ չվախենալ ճշմարտությունն ասելուց: Դուք քաղաքական գործիչներ չեք: Իմանալով, որ ձեզանից մեկը՝ անկախ սրտաբան Արմեն Գասպարյանը, փաստացի ազատված է աշխատանքից, միայն նրա համար, որ ամուսնուս հիվանդության իրական ախտորոշումն է ներկայացրել, ցավ եմ ապրում: Եվ ինքս ինձ հարցնում եմ՝ ինչո՞ւ է նման բան տեղի ունենում, ո՞վ է հետաքրքրված նրանում, որ նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն խցում բուժեն, ո՞վ է ցանկանում Արամ Կարապետյանի մահը»: Խոնարհվելով բժիշկների մասնագիտական ունակությունների առջեւ՝ քաղբանտարկյալի կինը կարեւորում է ամուսնու հետազոտությանը անկախ սրտաբանների ներկայությունը՝ չցանկանալով, որ կրկնվի սրտաբան Արմեն Գասպարյանի ճակատագիրը:

Դատախազության շենքի մոտ երեկ, բացի Արամ Կարապետյանի կուսակիցներից եւ համակիրներից, հավաքվել էին նաեւ Համաժողովրդական շարժման լիդերները, այլ քաղբանտարկյալների հարազատներ ու համակիրներ: «Սկզբում ասում էին՝ մի խփեք վրանը, հավաքեք, գնացեք: Ես էլ պարոն գնդապետին (Տարոն Բաղդասարյանին- Ն. Գ.) ասացի, որ արդեն 24 ժամ այստեղ նստած ենք եւ պաշտոնապես հացադուլ ենք հայտարարել: Մեզ հանգստանալ է պետք, եթե վրանից բացի այլ տարբերակ գիտեք՝ ասեք: Ասաց՝ ինձ չի հետաքրքրում, վրան չպիտի լինի: Ես էլ ասացի՝ պիտի լինի, ու մտա վրանի մեջ: Տարոն Բաղդասարյանի հրամանով ոստիկանները եւ սպեցնազը սկսեցին քաշքշել մեզ ու վրանը քանդել: Ինձ նաեւ հարվածել են ոտքերով: Ես սա ասում եմ՝ ցույց տալու համար իրենց խղճուկ վիճակը: Իրենք որեւէ իրավական հիմք չբերեցին, որ ես պիտի դուրս գայի այդտեղից,- պատմում է ՆԺԿ վարչության անդամ, հացադուլավոր Հրաչյա Սարգսյանը:- Մենք շարունակելու ենք մեր պահանջը ու կոչ ենք անում ողջ հայ ժողովրդին, որպեսզի միանան մեզ, եւ բոլոր քաղբանտարկյալների հարցերը անհապաղ լուծվեն»: Մինչեւ ուշ երեկո ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին վրան խփել: Քանի որ հացադուլավորների մեջ նաեւ կանայք կային, նրանք ստիպված եղան գիշերը գնալ տուն: Հրաչյա Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածություն կա Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ. այսօր առավոտյան հացադուլավորները բուժզննում կանցնեն եւ դատախազության շենքի մոտ կշարունակեն անժամկետ հացադուլը:

Ինչպես վերը հիշատակվեց, երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արթուր Ռոստոմյանը կենտրոնի աշխատակից, սրտաբան Արմեն Գասպարյանին, ով նախորդ օրը հետազոտել էր Արամ Կարապետյանին եւ պահանջել նրան անհապաղ ստացիոնար մասնագիտացված բուժհիմնարկ տեղափոխել, ասել է, որ հիվանդանոց էլ չմտնի: «Դա կապված է նրա հետ, որ ես նախորդ օրը զննել եմ Արամ Կարապետյանին եւ անաչառ եզրակացություն ներկայացրել»,- երեկ հայտարարեց բժիշկը: ՆԺԿ ղեկավարի առողջական վիճակը մնում է կայուն՝ միջին ծանրության, ճնշումը դեռ չի կարգավորվում, եւ կան ռիսկային բազմաթիվ գործոններ: «Պետք է իրականացվեն հետազոտություններ, որոնց համար իրականում սրտաբանները իրենց անաչառ կարծիքը պետք է հայտնեն, ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Նրա կյանքին սպառնացող վտանգը դեռ կա, 24-ժամյա հսկողություն է պետք սահմանվի եւ հաշվի առնվի առաջատար սրտաբանների կարծիքը, ոչ թե արագացված ինչ-որ բան արվի»,- ասում է Ա. Գասպարյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնը, որտեղ գտնվում է Արամ Կարապետյանը, նույնպես շրջափակված է ոստիկաններով:

Մայիսի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Արամ Կարապետյանի գործով առաջին դատական նիստը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության երեկվա հաղորդագրության մեջ ասվում է, որ Ա. Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: ՆԺԿ-ի տարածած հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ «կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես ՔԿՀ բժշկական ծառայության, այնպես էլ՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից: Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ ՔԿՀ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին եւ տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ, սիրտ ուղեղային ձեւ, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է ՔԿՀ բուժծառայության եզրակացությունը, ըստ որի՝ անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման»: Ըստ հաղորդագրության՝ Արամ Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե վիճակի վատացման, այլ «անհարկի շահարկումները կանխելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել