Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացահայտ ընդվզում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի

Մայիս 16,2008 00:00

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիին՝ ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, առավել մեծ ակտիվություն են դրսեւորում Միացյալ Նահանգները, Թուրքիան, Բուլղարիան եւ Չեխիան: Վրաստանը նշանակալի ծավալների սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ստանում Ուկրաինայից, ընդլայնվում է իսրայելա-վրացական ռազմատեխնիկական համագործակցությունը»,- արձանագրում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունը: Նախօրեին ռուս-վրացական հակամարտության սաստկացմանն է անդրադարձել նաեւ ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: «Նովոստի-Գրուզիային» տված հարցազրույցում նա ասել է, թե «Աբխազիայի տարածքում ռազմական բազայի հնարավոր ստեղծումը, եթե համապատասխան քաղաքական որոշում ընդունվի, կնպաստեր Ռուսաստանի պետական սահմանի պահպանության որակի բարձրացմանը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշն առաջարկել էր Աբխազիայի տարածքում ստեղծել ռուսական ռազմահանգրվան:

Ալեքսանդր Զելինը նշել է նաեւ, որ «հակաօդային պաշտպանության միջոցների առկայությունը ՌԴ պետական սահմանի ողջ երկայնքով նոր որակ կհաղորդի պետության օդային տարածության պաշտպանությանն ու պահպանությանը»: ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարը հավելել է, թե Ռուսաստանը շատ սերտ կապեր ունի Հայաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում: «Կուզենայինք, որ այդպիսի հարաբերություններ լինեին նաեւ Վրաստանի հետ, ցավոք, դա չստացվեց»,- իր ափսոսանքն է հայտնել ռուս գեներալը:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում սկսվել են վրաց փախստականներին Աբխազիա վերադարձնելու հետ կապված հարցի քննարկումները: Այս մասին, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, հաղորդել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ լրատվության դեպարտամենտից: «Փախստականներին Աբխազիա վերադարձնելու հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւը կնպաստի այդ խնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոլ Վաշաձեն:

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին պետք է ներկայացնի վրացական պատվիրակության պատրաստած բանաձեւի նախագիծը: Դրանում, մասնավորապես, առաջարկված են վրաց փախստականներին Աբխազիա վերադարձնելու խաղաղ մեխանիզմները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել