Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ

Մայիս 16,2008 00:00

«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ

Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում էին հայ արվեստագետները, որովհետեւ այդկերպ ազգային մշակույթի տարածք էր բերվում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլեւ արվեստների համաշխարհային դպրոցների ազդեցությունը: Այսօր, սակայն, անգամ իտալական վոկալ դպրոցում կատարելագործված երգիչը պահանջարկ չի վայելում մեզանում, ստիպված լինելով «ինքնարտահայտվել» սերիալներում եւ շոու-բիզնեսում: Խոսքը տվյալ դեպքում մասնագիտությամբ օպերային երգիչ, սակայն հանրությանը որպես «Դժբախտ երջանկություն» սերիալի ոստիկան հայտնի դարձած դերասան Ռիչարդ Մադլենյանի մասին է:

«Առավոտի» հետ զրույցում երգիչը հայտնեց, որ ավարտելով Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ ամբիոնը (պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը), վերապատրաստվել է Իտալիայի Մարիո դել Մոնակոյի եւ Ռենատա Տեբալդիի վոկալ ակադեմիայում, տարբեր մեծանուն երգիչների, այդ թվում՝ ակադեմիայի հիմնադիրներից աշխարհահռչակ Մարիո Մելանիի դասարանում: Նշենք, որ դեռեւս ուսանողական տարիներին Ռ. Մադլենյանի հետ մեծ հույսեր էին կապում մասնագետները եւ նա այն եզակի երգիչներից էր, որ այդ տարիներին հանդես է եկել Աստրախանի օպերային թատրոնում՝ կատարելով Սպարաֆուչիլեի դերերգը Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում:

«2007-ի կեսերին, Իտալիայից վերադառնալուն պես, ինձ լսեց օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, ասելով, որ թեեւ երգչական առումով ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց թատրոնում մեներգչի տեղ չկա (այն դեպքում, երբ մեր թատրոնում ձայնի բաս տեսակը միշտ էլ դեֆիցիտ է եղել- Ս. Դ.)… Սկսեցի աշխատանք փնտրել այլ ոլորտում: Գործի անցա շինարարությունում, վաստակելով ամսական 50.000 դրամ, բայց ստացածիս 80%-ը տալիս էի բժիշկներին՝ հասկանալի պատճառով. բանվոր աշխատելու համար էլ է պետք մասնագիտացում: Բայց հավատում էի, որ մի օր մի լավ բան է լինելու…»,- հիշեց Ռ. Մադլենյանը: Այդ «մի լավ բանը» «Դժբախտ երջանկություն» սերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի հրավերն էր, ինչպես նաեւ երգչի մուտքը շոու-բիզնես՝ իբրեւ երգահան: Այդ առիթով մեր զրուցակիցն ասաց, որ եթե դաստիարակված չլիներ դասական արվեստով, ապա դժվար թե հաջողություն ունենար այս ոլորտում: Ռիչարդը նշեց, որ Երեւանի պետկոնսերվատորիայում հաճախել է նաեւ կոմպոզիցիայի՝ Արամ Սաթյանի դասարան: Եվ այսօր իր երգերը հնչում են Ա. Սաֆարյանի, Արամեի, Ռ. Ամյանի եւ այլոց կատարմամբ: Հարցին՝ արդյոք չի՞ վախենում, որ շոու-բիզնեսը կարող է իրեն «կուլ տալ», վերջակետ դնելով երգչի կարիերային, Ռ. Մադլենյանը պատասխանեց. «Մեկ-մեկ մտավախություն կա, բայց ֆինանսի դերը մեծ է երգչի համար: Ի վերջո, գումար է պետք արտերկրյա ագենտների վրա դուրս գալու, մրցույթների մասնակցելու եւ այլնի համար: Ասեմ նաեւ, որ աշնանը հանդես եմ գալու մենահամերգով, որի ծրագրում ընդգրկված են Շուբերտի, Շումանի վոկալ ցիկլերը, իսկ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում պատրաստում եմ Դոն Անիբալեի դերերգը Դոնիցետիի «Զանգակը» օպերայում»:

Հետաքրքրությանը, թե Երեւանի օպերային թատրոնի բեմ բարձրանալու հույսը կտրե՞լ է, երգչի պատասխանը հետեւյալն էր. «Օպերային արվեստն այսօր աշխարհում կարծես իր բարձունքի վրա չի գտնվում: Այս ոլորտի ներկայիս աստղերին չես համեմատի 40-50-60-ականների երգիչների հետ (Կալլաս, դել Մոնակո, Յաուրով եւ այլք): Այդ տարիները երաժշտական քննադատները իրավացիորեն համարել են օպերային արվեստի վերածննդի շրջան: Երեւանի օպերային թատրոնում բեմ կբարձրանամ, թե ոչ՝ չգիտեմ, բայց կգերադասեի փոքր հոնորարով երգել աշխարհահռչակ որեւէ թատրոնում, որտեղ կա պրոֆեսիոնալ ունկնդիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել