Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի աչքի առաջ կեղվծել է արձանագրությունը

Մայիս 16,2008 00:00

Սակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող»

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 12-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչներ Սիմոն Ամիրխանյանին եւ Սամվել Կարապետյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, դատախազության հրամցրած Քրօրի 38 եւ 150 հոդվածների այն հիմքով, որ վստահված անձինք ճնշում են գործադրել Գավառի թիվ 22/21 տեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանի վրա եւ ստիպել են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը խեղաթյուրել՝ հօգուտ Տեր- Պետրոսյանի: Ս. Ամիրխանյանը եւ Ս. Կարապետյանը երեկ վերաքննիչ դատարանում պնդեցին, որ այդպիսի բան չի եղել, ընդհակառակը՝ Հ. Հայթյանն է զեղծարարությամբ զբաղվել, կեղծել է ամփոփիչ արձանագրությունը, ջնջել է Ս. Սարգսյանի օգտին քվեարկածների ճշգրիտ թիվը եւ շուրջ 700 քվեով ավելացրել այն: Արդյունքում՝ զեղծարար կինը, ինչպես ներկայացրին մեղադրյալները, 3,5 տարվա ազատազրկման է ենթարկվել, որը պայմանականորեն չի կիրառվել եւ նրան տրվել է մեկ տարի փորձաշրջան:

Վերաքննիչում ծափերով դիմավորեցին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել կամեցող «ճնշողներին», որոնց ոտքերը անվտանգության աշխատակիցներն անմիջապես շղթայեցին նստարանի ձողին՝ 4 կողմից շրջապատելով նրանց: Ներկաների, Ս. Ամիրխանյանի, Ս. Կարապետյանի եւ վերջիններիս պաշտպան Սեդա Սաֆարյանի հորդորներին՝ տրամադրել ավելի մեծ դահլիճ՝ դատավոր, իրավագիտության դոկտոր Սերժիկ Ավետիսյանը մերժեց: Սեդա Սաֆարյանը բացարկ հայտնեց մեղադրողին՝ Վահրամ Մարգարյանին: Պաշտպանը բացարկի պահանջը հիմնավորեց հետեւյալ ձեւով. «Մեղադրանքում կան անբավարար հիմքեր: Մեղադրողը դուրս է եկել իր լիազորության սահմաններից եւ անհավասար մոտեցում դրսեւորել ԲՀԿ-ական Հ. Հայթյանի եւ իմ պաշտպանյալների նկատմամբ: Պաշտպանել է ոչ թե մեղադրանքը, այլ անձի շահերը»: Պաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ, փոխել իր պաշտպանյալների խափանման միջոցը, եթե ոչ՝ ապա գրավի միջոցով նրանց տալ ազատություն: Դատարանն այս միջնորդությունն էլ մերժեց՝ անհիմն որակելով:

Ս. Սաֆարյանը մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ, ըստ որի՝ դատալսմանը ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, իբրեւ պատգամավոր, անձնական երաշխիքներ է տալիս, որ նրանք, գտնվելով ազատության մեջ, չեն խանգարի գործի քննությանը: Դատավոր Ս. Ավետիսյանը՝ պմդելով, որ մեղադրյալները կարող են ոչ միայն խանգարել գործի քննությանը, այլեւ խուսափել 3 տարի պատիժը կրելուց՝ այս միջնորդությունը եւս մերժեց:

Պաշտպան Ս. Սաֆարյանը հրապարակավ հայտնեց, որ դատախազության մեղադրանքը եւ դատավճիռը քաղաքական պատվեր է եւ իրավազուրկ՝ հորդորելով բեկանել այն: Նույնը փաստեցին մեղադրյալները: Սամվել Կարապետյանը դատարանին հորդորեց պատժել միայն իրեն այն բանի համար, որ բողոք-արձանագրություն չի կազմել, երբ տեսել է Հ. Հայթյանի կողմից կեղծված ամփոփիչ արձանագրությունը: Ներկա գավառցիները հայտնեցին նաեւ, որ ազատության մեջ գտնվող Հ. Հայթյանն ընտրությունների օրը անձամբ տարվել է Գեղարքունիքի մարզպետի մոտ, որտեղ փոխել է արձանագրության տվյալները: Ըստ գավառցիների, այդ մասին ցուցմունք է տվել այն ոստիկանը, որը Հայթյանին տարել է մարզպետի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել