Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Մայիս 16,2008 00:00

\"\"Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը

«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ Արամ Կարապետյանը պետք է տեղափոխվի ստացիոնար բուժման՝ այն բժշկական կենտրոնում, որը նպատակահարմար կգտնեն մասնագետները, եւ ես հացադուլը չեմ դադարեցնի, մինչեւ պարոն Կարապետյանն ազատ չարձակվի եւ նրա նկատմամբ հնարածին քրեական գործը չկարճվի»,- երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, իսկ ավելի ուշ նրան միացան Արամ Կարապետյանի եւս չորս համակիրներ՝ Խոստիկյան Ռաֆիկ, Գրիգորյան Էդուարդ, Հարությունյան Աստղիկ, Հովհաննիսյան Ռոզա: Այս կտրուկ քայլի պատճառն այն է, որ գնալով սրվում է Արամ Կարապետյանի առողջական վիճակը: Մայիսի 14-ին բժշկական կոնսոլիումի արդյունքներով Արամ Կարապետյանին ախտորոշվել է հիպերտոնիկ հիվանդություն՝ ճնշումը մինչեւ 180-120, արյան մեջ շաքարի բաղադրության ավելացում, սրտի հետեւի պատի հաստացում: Նրա շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասում է, որ այդ ամենը պայմանավորված է արեւի եւ թթվածնի պակասությամբ: «Նախնական բժշկական հետազոտության արդյունքներով՝ անհապաղ կորոնար հետազոտման անհրաժեշտություն կա: Իրականում խնդիրը շատ ավելի լուրջ է, քան այսօր դատախազությունն է պատկերացնում»,- ասում է պաշտպանը: Բժիշկները ՆԺԿ ղեկավարին այցելում են, սակայն այդ վերահսկողությունը ճնշումը կարող է իջեցնել մինչեւ 140-100, ոչ ավելի:

Երեկ ժամը 20-ի դրությամբ դատախազությունը դեռ որեւէ պատասխան չէր տվել Արամ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը: Ըստ օրենքի, պատասխանը պետք է տրվի հնգօրյա ժամկետում: Մինչդեռ երեկ քննչական մարմինը դիմել է դատարան՝ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը մայիսի 24-ից հետո, երբ լրանում է նրա մեկուսարանում գտնվելու երեք ամիսը, կրկին 2 ամսով երկարաձգելու համար: Եթե դատախազությունը հաշվի չառնի իր պաշտպանյալի առողջական վիճակը՝ «ապա կնշանակի, որ այդ մարմինն իր առջեւ իսկապես դրել է անձին պատժելու խնդիր», -ասում է փաստաբան Բաղդասարյյանը: Իսկ Ա. Կարապետյանի կուսակիցները պնդում են, որ իրենց ղեկավարի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ նրա կալանքը երկարացնելու միջնորդությամբ միայն պատիժը երկարաձգելու միտում ունի: Մինչեւ ուշ երեկո ՆԺԿ ղեկավարի համակիրներն ու կուսակիցները դեռ դատախազության շենքի առջեւ ցույց էին անում՝ պահանջելով ազատություն, արդարություն: Ուշագրավ էր մի խումբ երիտասարդների վանկարկումը. «Խիղճ ունեցեք, դա էլ մարդու համար է»:

ԵՊՀ ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի սրտաբան Արմեն Գասպարյանը, ում Արամ Կարպետյանի հարազատները հրավիրել են նրան հետազոտելու, երեկ հայտարարեց, որ մի շարք հետազոտությունների արդյունքում ինքը եկել է եզրակացության, որ հիվանդի վիճակը ծայրագույն է, կյանքին լուրջ սպառնալիքով, մանավանդ, որ առկա է հիվանդության ժառանգականություն եւ ընտաիքում կան նույն հիվանդությամբ մահացության դեպքեր: Բժիշկը պնդում է, որ Կարապետյանին, որքան հնարավոր է, արագ պետք է տեղափոխել մասնագիտացված սրտաբանական կենտրոն եւ հետազոտություն իրականացնել: Իր ախտորոշումը նա հանձնել է մեկուսարանի ղեկավարությանը՝ վստահեցնելով, որ Կարապետյանի առողջական վիճակը չի վերականգնվի դեղերի միջոցով: Ներկայումս Արամ Կարապետյանի առողջական վիճակի եւ կյանքի համար պատասխանատու է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը: Բժշկի պատմելով, նախ իրականացվել է էլեկտրասրտագրություն, որով հայտնաբերվել է սրտի միջնապատի սնուցման խանգարում, ինչը 44 տարեկան տղամարդու համար շատ վտանգավոր է: Մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդի մոտ տեղի է ունեցել քաշի կտրուկ անկում: «Առկա է զարկերակային հիպերտենզիա, որի դեպքում սրտանոթային մահացությունը մի քանի անգամ բարձր է, քան սովորական մարդու մոտ»,- ասում է բժիշկը: Մինչ Արմեն Գասպարյանի այցելությունը, Արամ Կարապետյանին զննել է մեկուսարանի բժիշկը եւ գտել, որ Արամ Կարապետյանի վիճակը այնքան էլ վտանգավոր չէ: Եվ, որ ավելի ուշագրավ է, պարոն Կարապետյանի հարազատներին՝ քրեակատարողական հիմնարկից տրամադրված հիվանդության մասին պաշտոնական փաստաթղթում բացակայում է Արմեն Գասպարյանի եզրակացության հենց այն հատվածը, որտեղ նա պնդում է հիվանդին անհապաղ ստացիոնար բուժման տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Արմեն Գասպարյանը չի վախենում «այլախոհության» պատճառով գործազուրկ դառնալու հեռանկարից. «Ես Արամ Կարապետյանին այցելել եմ իբրեւ բժիշկ եւ նրան զննել ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ մարդու: Ես չունեմ քաղաքական հայացքներ եւ միայն սրտաբանական հետազոտություն եմ կատարել»: Նա մեկուսարանի ղեկավարությանը նաեւ առաջարկել է այլ սրտաբանի հրավիրել՝ Կարապետյանին հետազոտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել