Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստառուները տուժել են

Մայիս 16,2008 00:00

Չնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին

Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս անգամ թոշակների բարձրացման հետեւանքով որեւէ նպաստառու ցուցակից դուրս չի մնալու, այդուամենայնիվ, աղքատության ընտանեկան նպաստ ստացող հարյուրավոր մարդիկ պետական աջակցությունից զրկվեցին: Այս տարվա հունվար ամսվա թոշակների՝ 60 տոկոսով ավելանալը, այսպես ասած, շատ նպաստառուների աղքատության շեմը կրճատեց: Համենայնդեպս, ՀՀ իշխանություններն այս համոզման են: Ս. Սարգսյանը առանձնացրել էր հատկապես անժառանգ, միայնակ թոշակառուներին, որոնք որեւէ պարագայում նպաստից չէին զրկվելու: Ըստ նրա՝ առաջին հերթին հենց այս խմբի նպաստառուները չպետք է զրկվեին իրենց գումարից: Օրերս «Առավոտին» էր դիմել Վեդու Վանաշեն գյուղի 73-ամյա միայնակ բնակիչ, անժառանգ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ Արաքսյա Հակոբյանը, որին այս տարվանից զրկել են նպաստից: Վեդիի սոցիալական ծառայությունը պատճառաբանել է, որ կինն ունի տնամերձ հողամաս: Նա ստանում է ընդամենը 29 200 դրամ թոշակ: Կնոջ պատմելով, այդ գումարով նա մի կերպ կարողանում է բնակվարձերը վճարել: «Նպաստով էլ՝ օրվա հացը հոգում: Եթե Հայաստանում իմ նման թոշակառուն չի ստանում նպաստ, հապա էլ ո՞վ պետք է ստանա: Ես կարծում եմ, որ Վեդու նպաստների բաժնում տեղի է ունենում խաբեություն, մեղմ ասած՝ անտարբերություն կարիքավորների նկատմամբ, քանի որ նրանք հաշվի չեն առնում երկրի ղեկավարի հրահանգները»,- բողոքեց տիկին Արաքսյան: Այս առնչությամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Արաքսյա Հակոբյանը ունի տնամերձ հողամաս, որի տարեկան եկամուտը կազմում է 32 հազար դրամ. «Պետք է այդ եկամուտը պակաս լինի 30 հազար դրամից, որ քաղաքացին նպաստ ստանա»:

Այս օրերին «Առավոտին» էին դիմում նաեւ նպաստառուների ցուցակից դուրս մնացած բազմաթիվ քաղաքացիներ: Այս առնչությամբ Դիլիջան քաղաքի այն բնակիչները, որոնք նախկինում սոցիալապես անապահովների ցուցակում էին ընդգրկված ու պետությունից 7-8 հազար դրամ էին ստանում՝ իրենց գոյությունը պահպանելու համար, այժմ ստիպված են յոլա գնալ «բարձրացված թոշակով»: Բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ մինչեւ այս տարվա թոշակների բարձրացումը՝ ստանում էր մոտ 19 հազար դրամ թոշակ, դրան գումարած նաեւ 8 հազար դրամ նպաստ, որով կարողանում էր ծայրը ծայրին հասցնել, իսկ հիմա ստանում է միայն 26 հազար դրամ թոշակ. «Ստացվում է, որ ես թոշակիս այսքան բարձրացումից իրականում ոչ թե շահում եմ, այլ տուժում, քանի որ թոշակս ու նպաստս իրար հետ կազմում էին 27 հազար դրամ, այդ 1000 դրամն էլ ինձ համար մեծ նշանակություն ուներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել