Լրահոս
Օրվա լրահոսը

Շղթայվածներն ավելի են ուժեղանում

Մայիս 16,2008 00:00

Մի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան

Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», որ իրենց «Հայաստանում» ապրում են եւ նույնիսկ աշխատում քրեածին տարրեր: Որոշեցին շղթայել ոտքերը եւ ձեռքերը եւ ի ցույց բոլորիս՝ դատարան բերել այդպես շղթայված: Կարդալ դատավճիռ, որի վրա իրենք էլ են ծիծաղում… Բայց ընկեր իշխանավորները պետք է հասկանան, որ ինչքան էլ շղթայեն ձեռքեր եւ ոտքեր, միեւնույն է՝ չեն կարող շղթայել նրանց բերանները եւ քաղաքական հայացքները: Շղթայվածներն ավելի են ըմբոստանում եւ ուժեղանում: Ուժեղանում են շղթայվածների ընկերները, հարազատները եւս: Ամեն անգամ, երբ նրանք տեսնում են շղթաները՝ կամքով են լցվում ու վճռականությամբ: Ընկեր իշխանավորները լավ հասկանում են, որ շղթայված են նաեւ իրենց կողքին կանգնած, իրենց գովաբանողների բերանները, բայց դրան հակառակ՝ ազատ են ոտքերը, ձեռքերը ու նաեւ գործողությունները:

Շղթայված էին մեր բերանները շուրջ 70 տարի, բայց եկավ 1988-ը: Ժողովուրդը հավաքվեց օպերայի հրապարակում, եւ այնտեղ ստեղծվեց մեր՝ բոլորիս Ազատության հրապարակը: Ու այնտեղ ձերբակալվեցին մեր ամուսինները, մեր ընկերները: Նրանց շղթայեցին մեկ ամիս, վեց ամիս, իսկ մեր Ազատության հրապարակը շրջափակեցին տանկերով: Շրջափակված էր հրապարակը, միեւնույն է՝ հավաքվում էինք տանկերից քիչ հեռու՝ N8 կամ N10 տանկի մոտ:

Այսօր նա, ով մեզ շղթայում է եւ կամ ուզում է շղթայել՝ մեր կողքին էր կա՛մ շղթայված, կա՛մ Ղարաբաղում:

Նրանք քաջ գիտեն, նրանք ապրել են այս ամենը. բայց մինչեւ ե՞րբ…

– Թող անցնի վեց ամիս, մեկ տարի, նույնիսկ՝ երեք, միեւնույն է՝ այդքան մարդու չե՛ք կարող շղթայել: Ձեր խիղճը մի օր կարթնանա, մի օր դուք կհիշեք ձեր պայքարի, պատերազմի, հետո՝ սեղանի ընկերների մասին, դուք էլ եք հայ…

Դուք էլ շատ լավ հասկանում էիք, որ մարդիկ ունեին ցավ ու պահանջ, եւ այդ ամենը նրանք տեսնում էին միայն Ազատության հրապարակում, իրենց հասկացող ընկերների կողքին:

Ժողովրդի մի մեծ հատված օրեր շարունակ (անձրեւի ու ձյան տակ) կանգնած էր Ազատության հրապարակում ազատության ձգտումով: Ազատության ձգտումը մարդու բնական վիճակն է, իսկ իշխանությունն իր գործողությամբ խեղդել է ուզում ազատատենչ հոգիներին: Անհնար է սպանել ազատությունը. այն տրված է ի վերուստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել