Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Մայիս 16,2008 00:00

\"\"Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը

– 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո միջանցքում իրեն քարշ տալով տանում էին՝ Դուք, որ այն ժամանակ ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչն էիք, ոչ միայն ձայն չհանեցիք, այլեւ չթաքցրիք հեգնական ժպիտը: Եղե՞լ է նման բան:

– Ճիշտն ասած, ամբաստանություններին ու կեղծիքներին սովորություն չունեմ պատասխանելու, բայց քանի որ սա համապատասխան ենթատեքստով է ներկայացված՝ ասեմ հետեւյալը: Շատերը կարող են վկայել, որ այդ ժամանակ ես չեմ եղել ԱԺ-ում, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր ԿԸՀ-ն: Շենքից դուրս եմ եկել ցուցարարների գալուց շուրջ կես ժամ առաջ: Եվ երեկոյան 19-ի սահմաններում, երբ գնացել էի ՀՀԿ-ի գրասենյակ՝ այնտեղ եմ լսել կրակոցները: Որոշ ժամանակ անց, երբ պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել՝ փորձել եմ կապվել ԿԸՀ-ի հետ: Ասացին, թե ինչ է կատարվում, եւ պարզեցի, որ որեւէ մեկին ներս չեն թողնում ԱԺ տարածք: Այդ ժամանակ փորձել եմ գտնել ԿԸՀ այն անդամներին, որոնք ԱԺ ներսում չէին: Եվ մի քանի հոգով հավաքվել ենք Վիլեն Սուքիասյանի տանը, որը ԿԸՀ-ում ՀԿԿ ներկայացուցիչն էր: Այնտեղ սպասել ենք մինչ գիշերվա 12.30-ը՝ հույս ունենալով, որ կկարողանանք ԿԸՀ-ի մեր մյուս գործընկերների հետ հավաքվել ու հասկանալ, թե ինչ պիտի արվի: Մինչ այդ ժամը որեւէ հնարավորություն չգտնվեց դա անելու համար, եւ ամեն մեկը գնաց իր տուն:

Իսկապես ցավում եմ, որ մարդիկ ինչ-ինչ նպատակների համար կարող են տարածել սուտ ու կեղծիք: Երկու բան կա, որ ինձ համար աններելի է. նախ՝ դավաճանությունը, երկրորդը՝ սուտ ու կեղծիք տարածելը: Դժբախտաբար, կան մարդիկ, որոնց համար սա կենսակերպ է:

– Դառնանք մեր օրերին: Դատելով այն առաջարկներից, որ ՀՀ նախագահին ներկայացրել է ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը՝ ստեղծվելու է խորհրդարանական հանձնաժողով՝ քննելու մարտի 1-ի դեպքերը: Արդեն կա՞ նման որոշում:

– Ոչ, դեռ չկա: Բայց կարծում եմ, իրադարձությունների զարգացումները բերում են նրան, որ դրա հետ կապված պետք է վերջնական որոշում ընդունվի մոտ ժամանակներս: Նախ՝ գարնանային նստաշրջանն է ավարտվում: Հետո՝ մոտենում է ավարտին այդ գործի քննությունը. արդեն զգալի թվով գործեր ուղարկվել են դատարան եւ այլն: Այսինքն, կարծում եմ, նման մի հանձնաժողով ստեղծելու համար, որպեսզի պահպանվի այն մոտեցումը, որի մասին նաեւ Թոմաս Համմարբերգն էր ասում, թե այդ մարմինը չպիտի միջամտի իրավապահների աշխատանքներին՝ մոտենում է ժամանակը, եւ պետք է վերջնականապես կողմնորոշվել: Համոզված եմ, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում կլինի վերջնական պայմանավորվածություն:

– Երբ առաջարկ եղավ, որ այդ հանձնաժողովը ստեղծվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, Դուք նաեւ հետեւյալ հակափաստարկը ներկայացրիք, թե արտահերթ զեկույցով Պաշտպանն արդեն հստակորեն ներկայացրել է իր տեսակետը: Սակայն նա իր զեկույցում ավելի շատ հարցեր է առաջադրել. ասենք՝ ինչպե՞ս պատահեց, որ մարտի 1-ի առավոտյան 6:30-ի սահմաններում րոպեների ընթացքում ոստիկանությանը հաջողվեց մոբիլիզացնել բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք հարձակվեցին ցուցարարների վրա, եթե այս ամենի նպատակը միայն տեղազննության կատարումն էր: Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը:

– Կարծում եմ, այդ հարցերը ճիշտ է ուղղել համապատասխան հասցեով: Եվ հուսով եմ՝ կստացվեն համարժեք պատասխաններ: Ես այդ գործի քննությամբ չեմ զբաղվել՝ դա իմ պարտականությունն ու իրավունքը չէ:

– Իսկ տրամաբանությունն ի՞նչ է հուշում, ի՞նչ է Պաշտպանի զեկույցում առաջադրված այս հարցի պատասխանը. եթե իրոք առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ ու ատրճանակներ՝ «ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով եւ դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ»:

– Կարծում եմ, կատարվածն այնքան արտառոց ու ցավալի իրադարձություն է, որ ուղղակի ենթադրությունների եւ զուտ տրամաբանության վրա՝ առանց փաստերի, հնարավոր չէ գտնել որեւէ հարցի պատասխան:

– Արդեն 2 ամսից ավելին է անցել, ու պիտի որ նման հարցերի պատասխանը լիներ, թե ի՞նչ ստույգ տվյալներ են ստացվել, որոնք վկայել են Ազատության հրապարակում զենքի կուտակման մասին:

– Գործի քննություն է կատարվում, եւ դա ակնհայտորեն, որպես առաջնահերթ խնդիր, վերաբերելու է նաեւ զենքի կուտակումներին: Կարծում եմ՝ պիտի սպասենք ու պատասխանները ստանանք իրավապահ մարմիններից:

– Պաշտպանի զեկույցում մի դիտարկում կա, թե անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը պայմանավորված էր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որոշակի տարրերի գործունեությամբ, եւ այն «վերաճեց փոխադարձ ատելության ու դարձավ մարտի 1-2-ի հիմնապատճառը»: Մարտի 1-ի հատուկ նիստում Դուք խոսում էիք միայն ընդդիմադիրների սերմանած ատելության մասին: Հիմա կընդունե՞ք, որ իշխանությունն էլ է նպաստել անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը:

– Կարծում եմ, որեւէ ելույթ իր ենթատեքստից չպիտի կտրել, այդ դեպքում միանգամայն պարզ կլինի, թե ինչ էի ասում այդ ժամանակ: Պատրաստ եմ արտահայտածս ցանկացած միտք հիմնավորել ու ապացուցել, որ իրականությունն այն է, ինչ ասել եմ:

Անհանդուրժողականության մթնոլորտը Հայաստանում ձեւավորվել է երկար տարիների ընթացքում: Ես այդ նիստում հիշեցրի 1996-ին կատարված իրադարձությունները: Կարծում եմ՝ դրանք երբե՛ք չպետք է մոռացվեն, եւ ոչ էլ մարտի 1-2-ի դեպքերը պիտի մոռացվեն, որպեսզի չկրկնվեն: Համոզված եմ, որ այդ ամենը ցույց է տալիս, որ անկախության գրեթե ողջ տարիներին անհանդուրժողականությունն ավելի ու ավելի խորացել է: Տարբեր անձեր, կառույցներ կամ կուսակցություններ են «ներդրումներ» ունեցել այդ գործի մեջ: Ի վերջո, քաղաքական ասպարեզում առկա մթնոլորտի համար քաղաքական բոլո՛ր ուժերն են պատասխանատու՝ սա ակնհայտ է: Բայց համոզված եմ, որ այդ անհանդուրժողականությունը որակական մի նոր աստիճանի հասավ 2007-ի հոկտեմբերից սկսած: Շատերի, այդ թվում եւ քաղաքականությամբ չզբաղվողների համար էր նկատելի, որ այս նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում ատելության քարոզը ձեռք էր բերել նոր որակներ: Եվ սա էր պատճառը, որ այդ իրադարձություններն ունեցան նման ողբերգական արդյունք: Այսօր հասարակությունը պետք է մերժի ատելության, կեղծիքի ու ստի, ամբաստանությունների շարունակվող ալիքի ցանկացած դրսեւորում, որ այն կրկին չվերադառնա տիեզերական հաջորդ շրջանը փակվելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել