Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է

Մայիս 16,2008 00:00

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր:

Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը համարձակություն էր ունեցել ոչ միայն հայտարարելու, որ աջակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած շարժմանը, այլեւ ասելու, թե համաձայն է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ առաջին նախագահի հնչեցրած գնահատականներին: Նա դեռ հրապարակի հարթակում էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը՝ վկայակոչելով, որ օրենքն արգելում է դատախազներին քաղաքականությամբ զբաղվել, միջնորդել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Գ. Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից: Ինչպես եւ ակնկալվում էր, հաջորդ օրն եւեթ Ռ. Քոչարյանը ստորագրեց միանգամից երկու հրամանագիր. մեկով Ջհանգիրյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ այն հիմնավորմամբ, որ նա ելույթ է ունեցել Ազատության հրապարակում, մյուսով՝ զրկվեց դասային աստիճանից: Նույն օրը, հրամանագրերի ստորագրումից ժամեր անց՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ «6-րդ վարչություն», աշխատակիցները մի տարօրինակ՝ ինչ-որ կապույտ գույնի եւ ֆիրմային գովազդներ կրող «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով հարվածելով՝ կտրել էին Իսակովի պողոտայով դեպի Երեւան եկող եւ Արգավանդի խաչմերուկի մոտ կարմիր լույսի տակ կանգնած Գագիկ Ջհանգիրյանին պատկանող ԲՄՎ X5 մակնիշի ջիփի առաջն ու կանգնեցրել: Ըստ իրավապահների, իրենք «օպերատիվ տեղեկություններ» են ունեցել, որ սույն ավտոմեքենայում, որի մեջ գտնվել էին Գագիկ Ջհանգիրյանն ու նրա եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը, եւ նրան ուղեկցող ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայում, որտեղ եղել էր 4 ուղեւոր, «գտնվողները զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում»: Այն, որ նախկին դատախազի մեքենան կանգնեցնողները իրավապահներ են եղել՝ հայտնի է դարձել ավելի ուշ, որովհետեւ նրանց գործողությունները այդ պահին ուղղակի խուժանության են նմանվել. վերը նկարագրված՝ ամենեւին էլ ոչ ոստիկանական մեքենայից իջել են դիմակավորված եւ սեւ հագուստով ինչ-որ մարդիկ եւ առանց ներկայանալու՝ սկսել են հարվածել ու ջարդել Գ. Ջհանգիրյանի ավտոմեքենայի ապակին: Սա դեռ այն ժամանակ, երբ Գ. Ջհանգիրյանը չի էլ հասցրել մեքենայից իջնել, առավել եւս՝ դիմադրություն ցույց տալ: Ի վերջո, նախկին դատախազը բացել է մեքենայի դուռը, իջել եւ ներկայացել՝ պահանջելով նաեւ ներկայանալ ջարդարարներին: Մեքենայի մյուս ուղեւորին՝ Վարդան Ջհանգիրյանին, որն ընդհանրապես չի կարողանում ինքնուրույն նստել եւ իջնել մեքենայից, որովհետեւ ողնաշարի տուբերկուլյոզ ունի եւ կորսետ է կրում, «6-ի» «վոյինները» քաշել, գցել են գետնին եւ անխնա ծեծել՝ անգամ այն դեպքում, երբ Գ. Ջհանգիրյանը բղավել է եւ հասկացրել, թե եղբայրը հիվանդ է: Արանքում «օրինապահներից» մեկի զենքից հնչել են «անզգույշ» կրակոցներ, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել Վ. Ջհանգիրյանը եւ երկու ոստիկաններ: Սա այն դեպքում, երբ Ջհանգիրյանների եւ նրանց ուղեկցողների կողմից զենքի օգտագործման մասին խոսք չկա: Այդ հետո պաշտոնապես պիտի հայտարարվեր, որ խուզարկության ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, ընդ որում՝ դիմադրություն ցուցաբերողն էլ եղել է Վ. Ջհանգիրյանը, որը ֆիզիկապես նման «ճոխություն» իրեն թույլ տալ չէր կարող:

Ջհանգիրյանները բերման են ենթարկվել ԿՀԴՊՎ, որի նախասրահում երկուսն էլ ծեծվել են: Ջհանգիրյանների փաստաբան Լուսինե Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ ինչպես բերման ենթարկելու, այնպես էլ կալանավորելու պրոցեսը տեղի է ունեցել ապօրինաբար եւ օրենքների կոպիտ խախտումներով: Տիկին Սահակյանն ասաց, որ իրենք մտադիր են հայցադիմում ներկայացնել դատարան՝ վիճարկելու համար «6»-ի աշխատակիցների գործողությունների օրինաչափությունն ու որպես այդ գործողությունների տուժող ճանաչել մասնավորապես մարմնական վնասվածք ստացած Վ. Ջհանգիրյանին:

Արդեն փետրվարի 24-ի գիշերը Վ. Ջհանգիրյանին ձերբակալել էին դիմադրության կասկածանքով, իսկ Գ. Ջհանգիրյանին՝ ՔՕ 235 հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով՝ այն դեպքում, երբ իրավապահներին անմիջապես ներկայացվել է, որ Գ. Ջհանգիրյանին ուղեկցող մեքենայից հայտնաբերված զենքը օրինական է եւ փաստաթղթավորված, ինչը եւ ցույց էր տրվել: Գ. Ջհանգիրյանի նկատմամբ ապօրինություններ եղել էին նաեւ հետագայում, երբ արդեն անցել էր ձերբակալության համար սահմանված 72 ժամը: Օրենքով սահմանված կարգով ձերբակալության ժամկետի ավարտից հետո նախկին դատախազին կամ պետք է անհապաղ ազատ արձակեին, կամ մինչ այդ պետք է լիներ դատարանի որոշումը նրան կալանելու մասին: Բայց սահմանված ժամկետը լրանալուց կես ժամ անց միայն, 01:40-ին, մեղադրանք էր առաջադրվել: Նա գրավոր հայտարարել էր, որ ձերբակալության ընթացքում պահանջել է իրեն հասանելիք փաստաթղթերը, ինչը իրեն չի տրվել, իսկ 72 ժամը լրանալուց հետո իրեն այլեւս իրավունք չունեն պահել ոստիկանությունում եւ պետք է անհապաղ ազատ արձակեն: Պահանջը չէր կատարվել: Փոխարենը ժամը 3:30-ին, երբ վաղուց արդեն լրացել էր նրա ձերբակալման օրինական ժամկետը, Գ. Ջհանգիրյանին տարել էին դատարան, որը նրան կալանավորելու որոշում էր կայացրել առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Նրա փաստարկները, թե՝ ինքն ապօրինի է գտնվում անազատության մեջ, դատարանը հաշվի չէր առել: Կալանքի որոշումը ստանալուց հետո իրավապահները Գ. Ջհանգիրյանին տեղափոխել էին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ընդ որում, կալանավորելիս նրան մեղադրանք էր առաջադրվել ոչ միայն ապօրինի զենք-զինամթերքի, այլեւ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ ավելի ճշգրիտ՝ այն բանի համար, որ Գ. Ջհանգիրյանը «6-րդ վարչությունում» ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել: Ըստ նրա պաշտպանի, հասկանալի եւ ակնհայտ է, որ եթե նա դիմադրություն ցույց տված լիներ, պիտի ձերբակալված լիներ նաեւ այդ կասկածանքով: Ու թեեւ նախկին դատախազի կալանավորման գործընթացը հետագայում բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում եւ հիմա էլ բողոքարկվել է Վճռաբեկում, այդուհանդերձ, նրա կալանքի ժամկետը արդեն երկրորդ անգամ եւս երկու ամսով եւ մինչեւ հունիսի 24-ը երկարացվել է: Հիմնավորումը, ինչպես մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների դեպքում, «տրաֆարետային» է՝ կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, թեեւ Լ. Սահակյանի պնդմամբ, անցած ավելի քան երկու ամիսների ընթացքում Գ. Ջհանգիրյանի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Թե այդ ո՞ր քննությանը կամ նախաքննական մարմնի ի՞նչ գործողությանը ու ինչպե՞ս կարող է խոչընդոտել Գ. Ջհանգիրյանը՝ հասկանալի չէ: Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է՝ պաշտոնապես «հաստատված» է, եւ կասկածներ չկան, որ նա «դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչներին», կրել է «ապօրինի» զենք, ուրեմն՝ ինչո՞ւ նրա գործը դատարան չի ուղարկվում եւ շարունակաբար երկարաձգվում է նախկին դատախազի կալանքի ժամկետը: Պատասխանը, ըստ իրավապաշտպանների, ակնհայտ է՝ Ջհանգիրյանի գործը դատարան ուղարկելու չէ, որովհետեւ այդ «թխված» գործը դատարանում որեւէ քննության չի դիմանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել