Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐԻ

Մայիս 15,2008 00:00

\"\"Չնայած ոլորտում իրականացվում են շահավետ թվացող բազում ծրագրեր

ՀՀ դպրոցներում ներկայումս կա մոտ 8500 համակարգիչ՝ չհաշված «Պենտիում 3»-ից ցածր հզորություն ունեցողները: Եթե 2006-ին համակարգիչ ունեցող դպրոցների տեսակարար կշիռը 53% էր, ապա 2007-ին՝ 92.15%: Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած տվյալների՝ դրական միտում է նկատվում նաեւ մեկ աշակերտին բաժին ընկած համակարգիչների քանակի մասով: Եթե 2006-ին 71 աշակերտին էր բաժին ընկում 1 համակարգիչ, ապա 2007-ին՝ 49: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ)՝ ՀՀ դպրոցներ ներմուծման գործընթացի համար պատասխանատու են ԿՏԱԿ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական ծրագրերի կենտրոնը: Դպրոցներին՝ համակարգչային հագեցվածության շահավետ տարբերակ է առաջարկվում Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրով:

Այս տարի իրականացվող 4-րդ՝ նախավերջին փուլի ընթացքում մոտ 350 դպրոց՝ 50-ը անվճար, կստանա համակարգիչ: Ըստ ծրագրի պայմանների՝ դպրոցը վճարում է համակարգիչների ձեռքբերման շուրջ 40%ը, որը մարում է 2 տարվա ընթացքում: Առաջին հայացքից շահավետ թվացող այս ծրագիրը, աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների համար, մեղմ ասած, պատուհաս է դառնում: Հաճախ նրանք ստիպված են այդ գումարը ձեռք բերել ծնողներից կատարվող դրամահավաքի միջոցով: Այս կապակցությամբ ԿՏԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանն «Առավոտին» ասաց. «Դրամահավաք չասենք, դա բացասական երանգ ունի: Սա անօրինական չի կատարվում, Համակարգիչների շրջանառու հիմնադրամի ուղեցույցով նախատեսվում է այս գործընթացում համայնքի մասնակցությունը: Մյուս կողմից էլ, սա ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է, այլ հարց է, որ դա կարող է բացասական դրսեւորումներ ունենալ: Համենայնդեպս, իմ պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում համոզվել եմ, որ գյուղական դպրոցներն ավելի հեշտությամբ են այս խնդիրները լուծում, քան Երեւանի կրթօջախները»: Դպրոցներին ինտերնետին կապելու մի ծրագիր է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), որի կառավարումը 2007-ի հուլիսի 1-ից փոխանցվել է ԿՏԱԿ-ին: ՀՀ 1450 դպրոցից ցանցում ընդգրկված է 324-ը, որոնք ունեն մշտական ինտերնետ կապ եւ կարող են մի մասնիկը դառնալ ինտերնետային կրթական միջավայրի: Ցանցում ընդգրկված դպրոցներում, օրինակ՝ գեղանկարչության դասին ուսուցիչը կարող է այցելել թանգարանների կայքեր եւ աշակերտներին ծանոթացնել այս կամ այն նկարչի ստեղծագործություններին: Սակայն ցանցի ստեղծումն արդեն հասցրել է առաջացնել դժգոհություն: Որոշ ծնողներ դժգոհում են, թե երեխաները մուտք են գործում վնասակար կայքեր: Այս կապակցությամբ Ա. Գրիգորյանը նշեց. «ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում զտվում են վիրուսները, այն կայքերը, որոնք քարոզում են բռնություն, սեռական սանձարձակություն: Իհարկե, 100%-ով դա անել գրեթե բացառվում է: Կենտրոնական հանգույցում գործում է նաեւ կրթական պորտալը՝ armedu.am-ը»:

«Առավոտի» հարցի կապակցությամբ, թե դպրոցներում որքանո՞վ են օգտագործվում այս հնարավորությունները, Ա. Գրիգորյանը հիշեց խորհրդային իրականությունից հայտնի մի երեւույթ. «Կան դպրոցներ, որոնք միանգամից ահազանգում են, երբ ինտերնետ չեն ունենում, կան նաեւ բացառիկ դեպքեր, երբ համակարգիչը՝ որպես կահույքի մի մաս, տեղադրում են դպրոցում, ինչպես ժամանակին դաշնամուրն էին դնում սենյակում, ջանասիրաբար վրայի փոշին վերցնում, բայց նվագող չկար»: Նշենք նաեւ, որ այս տարվա վերջին կփորձարկվի նոր ծրագիր՝ Շարժական համակարգչային-ինտերնետային կայանը: Այն լինելու է մի ավտոմեքենա, որի վրա տեղադրված է լինելու 7 տեղանոց «դասասենյակ»: Շրջակայանը կշրջի այն դպրոցներում, որոնք ընդգրկված չեն ՀԴԻՑ-ում:

«Առավոտը» փոքրիկ հարզախույզ կատարեց տարբեր դպրոցների շրջանում, պարզելու, թե որքանով են օգտվում նշված ծրագրերից: Օրինակ՝ Երեւանի թիվ 140 դպրոցի տնօրեն Գալուստ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց. «ՀԴԻՑ-ի մեջ ներգրավված չենք: Պատճառն այն է, որ չունենք համապատասխան միջոցներ համակարգիչներ ձեռք բերելու համար: Մանավանդ այս իրավիճակում, երբ ավագ դպրոցներ են ի հայտ գալիս, ինչի արդյունքում միգուցե ուսուցիչներ կրճատվեն, հազիվ բյուջեն հերիքում է մյուս ծախսերի համար: Նույնիսկ սկզբում կար նախնական պայմանագիր, որպեսզի ձեռք բերեինք համակարգիչներ եւ մտնեինք ցանցի մեջ, սակայն նախահաշիվը ցույց տվեց, որ 5 համակարգիչ ձեռք բերելը կկազմի 6000 ԱՄՆ դոլար»: Թիվ 74 դպրոցը եւս ՀԴԻՑ-ի մեջ ներգրավված չէ: Տնօրենը մեզ փոխանցեց, որ 7 համակարգիչ ձեռք են բերել ԾԻԳ-ի միջոցներով, իսկ ՀԲ-ի վարկային ծրագրերի մասին տեղյակ չէ: «2004-2005-ին, երբ ձեր նշած ծրագիրն իրականացնում էր «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպությունը, մասնակցեցինք մրցույթին, որպեսզի ընդգրկվենք ծրագրում: Սակայն ինչ-ինչ պատճառներով ընտրվեց համայնքի մյուս դպրոցը, իսկ նույն համայնքից մի քանի դպրոց ծրագրից օգտվել չէր կարող»,- նշեց տնօրենը: Լեոյի անվան թիվ 65 դպրոցը ընդգրկված է ՀԴԻՑ-ում, սակայն տնօրեն Նորայր Խրիմյանը դեռ գոհ չէ: Նա դժգոհում է, որ կամ ինտերնետ կապ չկա, կամ էլ եղած ժամանակ վատ որակի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել