Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ

Մայիս 15,2008 00:00

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է ստանալ

Վերջին շրջանում քաղաքացիները հաճախակի են դիմում ընտանեկան նպաստի կապակցությամբ: Այս հոդվածը հնարավորինս ամբողջական պատասխան տալու մտադրությամբ է պայմանավորված, որը հիմնականում անդրադառնալու է բոլոր հարցադրումներին, որոնք արծարծվում են քաղաքացիների հեռախոսազանգերում, դիմումներում, նրանց ընդունելությունների ժամանակ:

Ընտանեկան նպաստի ծրագիրը գործում է արդեն 10-րդ տարին, այն սոցիալական աջակցության հասցեական ծրագիր է՝ ուղղված աղքատ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանը: Հասցեականություն ասելով՝ այս պարագայում հասկանում ենք, որ ծրագրում պետք է ընդգրկվեն աղքատ ընտանիքները:

Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե ո՞ր ընտանիքն է աղքատ

Ակնհայտ է, որ ընտանիքի նյութական աղքատության մակարդակն անմիջականորեն կապված է ընտանիքի եկամուտների հետ, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չեն մեր երկրում ստվերային տնտեսության առկայությունը եւ բնակչության (կամ ընտանիքի) փաստացի եկամուտների հաշվառման դժվարությունները: Ուստի եւ այս տարիների ընթացքում կիրառվում է ընտանիքի անապահովության գնահատման այլ եղանակ, երբ օգտագործվում են աղքատությունը բնութագրող անուղղակի ցուցանիշներ:

Ընտանիքի անապահովության մակարդակը որոշվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբով. կենսաթոշակառու, հաշմանդամ, երեխա, գործազուրկ եւ այլն, որոնց համար սահմանված են որոշակի միավորներ: Ընտանիքի անապահովության գնահատման միավորը պայմանավորված է ընտանիքում անաշխատունակ անդամների թվով, ընտանիքի անդամների եկամտով՝ աշխատավարձ, կենսաթոշակ, հողից եւ անասնապահությունից ստացվող եկամուտներ, բնակավայրով եւ մի շարք այլ գործոններով: Նպատակ ունենալով, որ ապագայում ընտանիքի անապահովության գնահատման հիմքում հիմնականում լինելու է տվյալ ընտանիքի եկամուտը, կիրառվող ցուցանիշներից մեկը՝ համակարգի գործելու առաջին օրից մինչ այս պահը, ինչպես արդեն իսկ նշվեց, եկամտի գործակիցն է: Որքան բարձր է ընտանիքի եկամուտը, այնքան ցածր է այդ ընտանիքի անապահովության միավորը, իսկ որքան բարձր է ընտանիքի միավորը, այնքան անապահով է այդ ընտանիքը:

Նշված ցուցանիշները, դրանց թվային արժեքների մեծությունը, ընտանիքի անապահովության միավորի հաշվարկման բանաձեւը հաստատել է ՀՀ կառավարությունը:

Ինչպես նշվեց՝ ընտանիքի եկամտի մեջ հաշվի է առնվում նաեւ ընտանիքի կենսաթոշակառու անդամների կենսաթոշակի չափը: 2008 թվականին սոցիալական ապահովության ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները նախորդ տարիներից տարբերվում են կենսաթոշակի չափի աննախադեպ բարձրացմամբ: Եթե մինչ այդ ընտանեկան նպաստի չափի բարձրացումներն ավելին էին, քան կենսաթոշակի չափի բարձրացումները, ապա այս տարի հարաբերակցությունը ճիշտ հակառակն է: Կենսաթոշակի չափի բարձրացումներն իրենց ծավալով գերազանցեցին ընտանեկան նպաստը: Եվ այն հիմնական բողոքը, որ տարիներ ի վեր լսվում էր՝ թե ինչո՞ւ է կենսաթոշակառուն կորցրել ընտանեկան նպաստի իրավունքը, այն է՝ 7500 դրամ եկամուտը, կենսաթոշակի ընդամենը 1000-2000 դրամ բարձրացման պատճառով, այլեւս արդիական չէ: Կենսաթոշակի չափի, միջին հաշվով, 66-67%-ով բարձրացումն ապահովում է տվյալ ընտանիքի համար առանց նպաստի գումարի, նախորդ տարվա համեմատությամբ ավելի մեծ ամսական եկամուտ, պարզապես կենսաթոշակի ձեւով: Ինչն էլ ՀՀ կառավարության ծրագրի դրույթներից է, որ միջին կենսաթոշակը պետք է գերազանցի աղքատության գիծը:

Ինչպե՞ս է որոշվում ընտանեկան նպաստի չափը

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելման չափը: Արդեն 5-րդ տարին է, ինչ ընտանեկան նպաստի չափը տարբերակվում է, ընդ որում՝ տարբերակվում է երեխայի համար տրվող հավելման չափը: Այդ տարբերակումը պայմանավորվում է ընտանիքի անապահովության մակարդակով, բնակավայրով եւ ընտանիքում երեխաների թվով:

2008 թվականին ընտանեկան նպաստի իրավունք է ձեռք բերում այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30-ից: Ընտանեկան նպաստի բազային մասը սահմանվել է 8000 դրամ, երեխայի համար սահմանված հավելումը տատանվում է 5000 դրամից մինչեւ 7500 դրամ:

Մանրամասն ներկայացնենք հավելման չափերն ըստ տարբերակման սահմանված մակարդակների: Ինչպես արդեն նշվեց, երեխայի համար տրվող հավելման ամենացածր չափը 5000 դրամն է, որը տրվում է նպաստառու այն ընտանիքի երեխայի համար, որի անապահովության միավորը բարձր է 30-ից եւ ցածր 35,01-ից: Եթե նշված ընտանիքը բնակվում է բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրում, ապա այդ ընտանիքի երեխայի համար տրվող հավելումը 5500 դրամ է: Պատկերն այլ է, եթե ընտանիքում կա առնվազն չորս կամ ավելի երեխա (նման ընտանիքներին կոչենք բազմազավակ): Այդ դեպքում վերը նշված պայմաններում հավելման չափը հավասարվում է, համապատասխանաբար, 6000 եւ 6500 դրամի:

Անապահովության միավորի տարբերակման հաջորդ տիրույթը 35,01 միավորից մինչեւ 39 միավորն է, իսկ հավելման չափերը նույնպես 4-ն են, նույն պայմաններով՝ անապահովության միավոր, բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայր եւ ընտանիքում երեխաների թիվ:

Այս տիրույթում երեխայի համար տրվող հավելման չափը 5500 դրամ է, իսկ բազմազավակ ընտանիքի երեխայի համար տրվող հավելման չափը՝ 6500 դրամ: Եթե ընտանիքը բնակվում է բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրում, երեխայի համար տրվող հավելման չափը 6000 դրամ է, իսկ միաժամանակ բազմազավակ համարվող ընտանիքի երեխայի համար տրվող հավելման չափը հավասար է 7000 դրամի:

Երեխաների համար նախատեսված հավելումներն ըստ անապահովության մակարդակի տարբերակվում են երեք տիրույթով, երրորդը 39,01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար է: Եթե մենք այս տիրույթի հավելման չափերը շարադրենք վերը նշված կարգով՝ նույն հերթականությամբ, ապա դրանք կհավասարվեն 6000 դրամի, 7000 դրամի, 6500 դրամի եւ 7500 դրամի:

Ընտանեկան նպաստի ծրագրում գործում է նաեւ միանվագ դրամական օգնությունների համակարգը: Միանվագ դրամական օգնությունը տրվում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքներին, որոնցում երեխա է ծնվել կամ երեխան ընդունվել է հանրակրթական դպրոցի առաջին դասարան, կամ մահացել է ընտանիքի անդամներից մեկը, որն աշխատող, կենսաթոշակառու կամ գործազուրկ չէ:

2008 թվականի համար միանվագ դրամական օգնությունը սահմանվել է հետեւյալ չափերով. երեխայի ծննդյան դեպքում՝ 35 հազար դրամ, իսկ եթե ծնված երեխան այդ ընտանիքում երրորդն է կամ դրան հաջորդողը, ապա միանվագ դրամական օգնության չափը հավասարվում է 300 հազար դրամի, երեխայի առաջին դասարան հաճախելու դեպքում՝ 20 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող հուղարկավորության միանվագ օգնության չափը՝ 50 հազար դրամ: Միաժամանակ հարկ է նշել, որ ընտանեկան նպաստի իրավունք չունեցող, բայց «0» անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների համար եւս տրվում է դրամական օգնություն՝ 300 հազար դրամի չափով: Ընդ որում, ընտանիքը «0» անապահովության միավոր է ունենում, մասնավորապես, այն դեպքում, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով եկամտի չափը գերազանցում է ամսական 30000 դրամը կամ ընտանիքի անդամներից մեկն ունի նախորդ տարի տեխնիկական զննում անցած ավտոմեքենա, մաքսային մուծումներ է կատարել, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն:

Համակարգում հաշվառված՝ ընտանեկան նպաստի իրավունք չունեցող, սակայն «0» անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են ընդգրկվել նաեւ հրատապ օգնության ծրագրում՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ: Հրատապ օգնությունը տրվում է եռամսյակով, որոշումը քննարկվում է յուրաքանչյուր եռամսյակ: Հրատապ օգնության համար նախատեսված ֆինանսական միջոցները սահմանափակ են եւ յուրաքանչյուր եռամսյակ որոշման կայացումը նպատակ է հետապնդում հնարավորինս ավելի մեծ թվով ընտանիքների, թեկուզ կարճատեւ, օգնություն տրամադրել:

Հրատապ օգնության չափը սահմանվել է 8000 դրամ՝ երեխա չունեցող ընտանիքի նպաստի չափին հավասար:

Հրատապ օգնության տրամադրման որոշում կայացնելու համար սահմանված կողմնորոշիչ ցուցանիշների մեջ, դեռեւս 2006 թվականից, առաջինը նշված է կենսաթոշակի չափի բարձրացման պատճառով ընտանեկան նպաստի իրավունքը կորցնելու հանգամանքը: ՀՀ կառավարությունը 2008 թվականին, եւս մեկ անգամ, հատուկ անդրադարձել է այդ հարցին. եթե ընտանիքը նպաստի իրավունքը կորցրել է կենսաթոշակի չափի բարձրացման պատճառով եւ միաժամանակ այդ բարձրացումը եղել է ավելի քիչ, քան իր կորցրած նպաստի գումարն է, ապա այդ ընտանիքը առաջնահերթ պետք է ընդգրկել հրատապ օգնության ծրագրում: Այսպիսով, կարելի է վստահ նշել, որ սոցիալական ապահովության բնագավառի համալիր բարեփոխումների արդյունքում որեւէ կենսաթոշակառուի կենսամակարդակի իջեցում չի լինում: Կամ կենսաթոշակի չափն է այնքան բարձրացել, որ այն իր չափի մեջ ներառում է ավելին, քան նպաստի գումարն է, կամ կենսաթոշակի չափի փոքր բարձրացման դեպքում, որը չի ծածկում նպաստի գումարը, այդ ընտանիքն ընդգրկում են հրատապ օգնության ծրագիր՝ բացառելով տվյալ ընտանիքի նյութատնտեսական վիճակի վատթարացումը:

Ինչպե՞ս դիմել ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստանալու համար

Ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստանալու համար իրեն աղքատ համարող, որեւէ աջակցություն ակնկալող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուսների համաձայնությամբ, դիմում է իր ընտանիքի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին («Փարոս»)՝ ներկայացնելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք նկարագրում են իր ընտանիքի կազմը եւ պայմանները: Ներկայացված տվյալներով որոշվում է այդ ընտանիքի անապահովության միավորը (ինքնաշխատ՝ համակարգչային ծրագրով), իսկ դրանով էլ՝ ընտանեկան նպաստի իրավունքը՝ դիմելու հաջորդ ամսից, եւ ընտանեկան նպաստի չափը: Յուրաքանչյուր դիմող իր իրավունքներին առավել մանրամասն կարող է ծանոթանալ իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմնից («Փարոսից»): Հարկ է նշել, որ շահեկան է փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելը, որովհետեւ դրանով է որոշվում ընտանեկան նպաստ ստանալու սկիզբը: Եթե ներկայացված փաստաթղթերում պակասում են որեւէ մեկը կամ մի քանիսը, ապա դրանք անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան դիմելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա թե ոչ՝ դիմելու օր է համարվելու պակասող վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը, իսկ նպաստի վճարման սկիզբը, նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում՝ այդ օրվան հաջորդող ամիսը:

Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական կամ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը, տարվա երրորդ եռամսյակի ընթացքում, ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:

Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Ստուգվո՞ւմ են, արդյոք, դիմողների ներկայացրած տվյալները

Ընտանեկան նպաստի կամ հրատապ օգնության իրավունքը որոշելու համար սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողը կատարում է տնային այցելություն, որի նպատակն է՝ ճշտել դիմում-հայտարարագրի մեջ նշված տվյալները եւ ընտանիքի նյութատնտեսական պայմանները: Ակնհայտ բարեկեցիկ կենցաղը, նշված տվյալների եւ իրականության չհամընկնելը հիմք են ընտանեկան նպաստի նշանակումը մերժելու համար, իսկ ընտանեկան նպաստի իրավունքի ճանաչումից հետո նպաստի իրավունքի որոշման հարցում նշանակություն ունեցող որեւէ այլ տվյալի հայտնաբերումը նույնպես հիմք է նպաստի իրավունքից զրկելու, ինչպես նաեւ ավելի վճարված գումարները հետ վճարելու պահանջի համար: Դիմում-հայտարարագրերում առկա տեղեկատվությունը միաժամանակ ճշտվում է նաեւ այլ մարմիններում առկա տեղեկատվության միջոցով՝ ավտոմեքենայի առկայությունը, մաքսային մուծումներ կատարելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, կենսաթոշակի, աշխատավարձի չափը, գործազրկության, հաշմանդամության կարգավիճակը եւ այլ տվյալներ:

Ինչպե՞ս է վճարվում ընտանեկան նպաստը

Ընտանեկան նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամիս, տվյալ ամսվա վճարման ցուցակներով, որոնք տպագրվում են կենտրոնացված ձեւով եւ տրամադրվում համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներին: Վճարումն իրականացվում է նպաստառու ընտանիքի բնակության վայրում՝ իր տանը, ինչպես նաեւ նպաստառուի ցանկությամբ՝ նաեւ փոստային բաժանմունքում: Վճարումները հիմնականում իրականացվում են ամսվա վերջին տասնօրյակում՝ ֆինանսական միջոցները տրամադրվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Ընտանեկան նպաստը ստանալու համար անհրաժեշտ է վճարող կազմակերպության աշխատակցին ներկայացնել անձնագիր, ստորագրել վճարման ցուցակում՝ ուշադրություն դարձնելով ընթացիկ ամսվա եւ անցած ամիսների չստացած գումար ունենալու ժամանակ՝ նաեւ այդ գումարների մեծությանը: Անմիջապես նշենք, որ անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով ընտանեկան նպաստ չստացած ընտանիքը կորցնում է ընտանեկան նպաստի իրավունքը:

Ընտանեկան նպաստի հետ կապված որոշու մների հետ անհամաձայնության դեպքում ո՞ւմ եւ ինչպե՞ս կարելի է բողոքարկել

Ընտանեկան նպաստի համար հաշվառման, դրա ստանալու կամ վճարման հետ կապված խնդիրների ժամանակ դիմողը կարող է դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարին, անհրաժեշտության դեպքում այդ մարմնի վերադասին՝ մարզերի բնակիչները՝ ՀՀ համապատասխան մարզպետարան, Երեւանի բնակիչները՝ համապատասխան թաղապետարան, Գյումրու, Վանաձորի (Գուգարքի նախկին վարչական շրջանի գյուղերի), Արարատի եւ Ջերմուկի բնակիչները՝ համապատասխան քաղաքապետարան: Բողոքարկման այս ուղիները սպառելուց հետո, ցանկալի է այդ մարմինների գրավոր պատասխաններով, նրանք կարող են դիմել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Որեւէ ատյանի պատասխանը չբավարարելու դեպքում դրանք կարելի է բողոքարկել նաեւ դատական կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    նպաստների տրամադրման համար ինձանից պահանջել են ընտանիքիս անդամների անձնագրերը,զինվորական գրքույկ,մեր տան սեփականության վկայական,նախորդ ամսվա կոնունալ վձարումների չեկերը ուզում եմ իմանամ ինչի համար են պետք այ փաստաթխթերը.Ես ունեմ կին, երկու անչափահաս երեխա

Պատասխանել