Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելն» առողջությունս քայքայել է»

Մայիս 15,2008 00:00

Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» թույլ չի տալիս, որ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում գործեն նաեւ այլ օպերատորներ:

Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ այսօր հայտնվել են անելանելի վիճակում ու կանգնել փակուղու առաջ, քանի որ «ԱրմենՏել» ընկերության պատճառով իրենք չեն կարողանում բաժանորդներին նորմալ կերպով ինտերնետ կապ մատուցել: Խնդիրն այն է, որ, ըստ պրովայդերների, մեր երկրում ինտերնետ հասանելիության ոլորտում գոյություն չունի ազատ մրցակցություն եւ իրենք տեխնիկապես չեն կարող կապը ձեռք բերել այն գնով, ինչ գնով ձեռք է բերում «ԱրմենՏելը»: Բացի այդ, եթե անգամ դա հնարավոր լիներ տեխնիկապես, ըստ այս ոլորտի մասնագետների, խնդրի լուծումը միլիոնավոր դոլարների հետ է կապված, քանի որ յուրաքանչյուր բաժանորդի համար պետք է նվազագույնը 200 դոլարի ներդրում անել: Պրովայդերների հավաստմամբ, այն բաժանորդները, որոնք օգտվում են անմիջապես ընկերության տրամադրած ինտերնետ կապից, նրանց համար «ԱրմենՏելը» սահմանում է բավականին ցածր գներ, իսկ պրովայդերներին ինտերնետ կապը վաճառում է բավականին բարձր գներով, ինչը, նրանց համոզմամբ, արվում է իրենց հեռահաղորդակցության շուկայից դուրս մղելու նպատակով: «ԱրմենՏելի» նմանօրինակ գործունեության հետեւանքով, շատ գործարարներ նույնիսկ թշնամացել են ընկերության հետ:

«Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքերով. «Այդ հիմնարկը պատուհաս է դարձել մեզ համար, նրանց հետ ունեցած խնդիրների պատճառով իմ առողջությունը քայքայվել է: «ԱրմենՏելը» ոչինչ չի անում, անողներին էլ ամեն կերպ խանգարում է: Ստացվում է, որ կամ մենք ենք ավելորդ այս բիզնեսի մեջ, կամ իրենք այնքան խելոք են, որ մենք այս ոլորտում ընդհանրապես անելիք չունենք»: Իսկ «ԱրմենՏելի» վաճառքի գծով նախկին տնօրեն Ավետիք Քալանթարյանի ներկայացմամբ, իր աշխատելու տարիներին ինքն այդ հիմնարկում պարզապես խայտառակվում էր, քանի որ ստիպված էր լինում ինչ-որ անհեթեթ ու զավեշտալի մեկնաբանություններով մերժել օրական 30-40 բաժանորդների, որոնք խնդրում էին՝ իրենց ինտերնետի մալուխային կապ տրամադրել:

Պրովայդերների խնդրի առնչությամբ կազմակերպած քննարկմանը ներկա էր նաեւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որը նրանց՝ երկար-բարակ խոսելու փոխարեն, խորհուրդ տվեց այլընտրանքային տարբերակ առաջարկել: Նախարարի խոսքերով. «Եթե «ԱրմենՏելը» ոչ մեկին չմերժի եւ բոլոր ցանկացողներին կապ տրամադրի, ինքն էլ ստիպված պետք է հսկայական ներդրումներ անի: Միգուցե մտածենք ալտերնատիվի մասին եւ ա՞յլ ներդրող գտնենք»: Ըստ Ն. Երիցյանի, եթե իրենք ներկայումս բավարարեն պրովայդերների ներկայացրած պահանջները, դա ոչ մի կերպ չի նպաստի ոլորտի հետագա զարգացմանը: Նրա խոսքերով. «Պրովայդերների ներկայացրած խնդիրներին լուծում տալու դեպքում ամենքը կբավարարվեն իրենց «չրթիկ» բիզնեսներով ու մի աշխատավարձի չափ եկամուտ ստանալով, այլեւս չեն մտածի նոր ներդրումներ անելու եւ ոլորտը բարելավելու ուղղությամբ»: Բացի այդ, նախարարը պրովայդերներին խորհուրդ տվեց իրենց խնդիրների մասին խոսելու փոխարեն կառավարությանը կոնկրետ առաջարկներ ներկայացնել. «ԱրմենՏելում» կաղամբներ չեն նստած, պետք է հստակ հարցադրումներ եւ առաջարկներ ունենալ: Հենց այնպես չես կարող գնալ ու ասել, որ մենք նոր ներդրող կբերենք, «ԱրմենՏելում» դրա վրա կծիծաղեն, իսկ հարցն այդպես էլ լուծում չի ստանա»: Իսկ այն, որ Հայաստանի 2 բջջային օպերատորներից ոչ մեկը դեռեւս այս հարցի առնչությամբ քննարկումների չի մասնակցել ու առաջարկներ չի արել, ըստ նախարարի՝ արդյունք է այն բանի, որ մեր կառավարությունը մինչ այժմ չի ունեցել նրանց հետաքրքրող առաջարկներ ու որոշումներ:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս «Վիմպելկոմ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաեւը հայտարարել էր, որ պրովայդերների պահանջներն «ԱրմենՏելի» նկատմամբ անհիմն են, քանի որ հայկական պրովայդերները պարզապես չեն կարող իրենց ընկերության կապուղիներն օգտագործելով, առաջարկել նույնքան էժան սակագներ, որքան ինքը՝ օպերատորը: Ա. Մինաեւի խոսքերով. «Եթե պրովայդերներին դուր չեն գալիս մեր սակագները, նրանք կարող են օգտագործել այլ ուղիներ: Նրանք ուղղակի չեն ցանկանում կառուցել սեփական կապուղիներ ու, չգիտես ինչու, պահանջում են, որ մենք նրանց տրամադրենք էժան տրաֆիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել