Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ

Մայիս 15,2008 00:00

\"\"Համոզված են պաշտոնանկ արված 4 դիվանագետները

Երեկ ՀՀ վարչական դատարանում ընթացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի քննությունն՝ ընդդեմ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որոշման: Հիշեցնենք, որ դիվանագետները փետրվարի 24-ին հանդես էին եկել նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ հայտարարությամբ եւ զսպվածության կոչ էին արել, ինչի պատճառով էլ ԱԳ նախարարը նրանց ազատել էր աշխատանքից:

ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը եւ խորհրդական Լեւոն Ամիրջանյանը երեկ հանդես եկան միջնորդությամբ՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ, այն հիմնավորմամբ, որ մայիսի 12-ին պաշտոնանկ արված դիվանագետները հրավիրած ասուլիսում տարաբնույթ դիտարկումներ են արել: Դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդությունն իրավազուրկ որակեց, քանի որ նախորդ նիստում երկու կողմերն էլ լրացուցիչ ապացույցների անհրաժեշտության կարիք չէին զգացել: Վերոնշյալ ասուլիսում թերեւս ասվել էր այն ամենը, ինչը մինչ այդ հայտնի էր հանրությանը: Միակ նոր գնահատականը Ամերիկայի եւ Կանադայի վարչության նախկին պետ Կարինե Աֆրիկյանինն էր, որը ԱԳՆ-ի «չիստկայի» հետ կապված՝ «Առավոտի» թղթակցի հարցին պատասխանել էր. «Գուցե Վարդան Օսկանյանին աշխատանքից հանե՞լն էլ կարող ենք դիտարկել այդ տեսանկյունով՝ որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատած արտաքին գործերի փոխնախարար»: Դատավոր Հովսեփ Բեդեւյանը միջնորդությունը մերժեց՝ հիմնավոր չլինելու պատճառով: Ի պատասխան դատավորի՝ դիվանագետների հայտարարության քաղաքական միտումներ եւ ենթատեքստ պարունակելու հետ կապված հարցադրումներին, պաշտպան Լ. Բաղդասարյանը պատասխանեց, որ այն բացառապես քաղաքացիական բնույթի հայտարարություն է եղել:

ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանը վարչական դատարանում ասաց. «Ես պնդելու եմ, որ մենք չենք խախտել օրենքը, ապացուցելու եմ, որ այն ամենը, ինչ արել եմ, ամբողջությամբ իմ լիազորությունների սահմանում է եղել: Այն ուղղված էր երկրի՝ այն ժամանակ դեռեւս բարձր միջազգային հեղինակությունը չվտանգելուն, խուսափելու առճակատումից եւ ողբերգական հետեւանքներից»:

Վ. Կարապետյանը նաեւ հավելեց. «Բռնություններից խուսափելու վերաբերյալ հայտարարությունը ստորագրած դիվանագետների կոչին չմիացան մեր մյուս գործընկերները, եւ մենք ունեցանք մարտի մեկի ողբերգությունը՝ տասը զոհ եւ հարյուրավոր վիրավորներ»: Վ. Կարապետյանի գնահատմամբ՝ իրենց հայտարարությունը համահունչ է եղել ԱԳՆ-ի եւ պետության ղեկավարության դիրքորոշումներին, երկրի քաղաքական գծին. «Այն ոչ միայն ապաքաղաքական էր, այլեւ լիովին համապատասխանում էր այդ օրերին հրապարակայնորեն արտահայտված պետական մոտեցումներին»: Նախկին խոսնակը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ կողմից դիտավորությամբ, դատարանին ապակողմնորոշելու համար ներկայացվել է դեսպանների հայտարարության կեղծ տեքստ՝ որպես հիմք: Նա միջնորդեց չքննարկել այն. «Այդ տեքստը ԱԳՆ-ի կողմից խմբագրված լինելու պատճառով, պարունակում է ձեւախեղված իմաստ: Մենք հայտարարում ենք, որ որեւէ կապ չունենք դատարանին ներկայացված տեքստի հետ»:

Իրենց հայտարարության համապատասխանությունը պետական դիրքորոշումներին հիմնավորելու համար, Վ. Կարապետյանը բերեց փաստեր, թե ինչպես են Ռ. Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանն իրենց ելույթներում խոսել ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների եւ միջադեպերի մասին. «Մենք եւս նշել էինք, որ վրդովմունք ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների կապակցությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանում քաղաքակիրթ, ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու մեր հասարակության կամքի վրա»: Մյուս դիվանագետներ Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը եւս պնդեցին, որ իրենց հայտարարությունը ընդամենը քաղաքացիական է եղել, իսկ Վ. Օսկանյանի որոշումը՝ անհիմն: Առաքել Սեմիրջյանը հայտնեց, որ առանց բացատրագիր պահանջելու են իրենց պաշտոնանկ արել, որը խտրականության դրսեւորում է իրենց նկատմամբ, մինչդեռ բացատրագիր են վերցրել նույն օրերին աշխատանքից ազատված ԱԳՆ մեկ այլ աշխատակցից՝ Վիգեն Նիկողոսյանից:

ԱԳՆ երկու իրավաբանները պնդում էին, որ դիվանագետների հայտարարության հիմքում ընկած է բացառապես քաղաքական գործոնը եւ դատարանից պահանջում էին մերժել հայցը:

Դատավոր Հ. Բեդեւյանը հայցվոր եւ պատասխանող կողմերին լսելու գործընթացը ավարտված համարեց եւ հայտնեց, որ մայիսի 29-ին կհրապարակվի դատարանի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել