Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասում են նախագահի «սիրառատ» գործերին

Մայիս 15,2008 00:00

ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքային խումբն առաջարկներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւի առաջարկների իրագործման համակարգման նպատակով: Խմբում ընդգրկված են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, ԱԳ եւ արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, ՀՀՌԽ եւ ՀՌԱՀ նախագահները: Խմբին հանձնարարված էր երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ: Մայիսի 13-ին դրանք ներկայացվել են նախագահին: Բայց խմբի այն անդամները, ումից փորձում էինք պարզել, թե ի՞նչ են առաջարկել, հույժ գաղտնի էին պահում դա:

Կոնկրետ քայլեր իշխանությունները դատապարտված են կատարել, այլապես Հայաստանը ԵԽԽՎ-ում կզրկվի ձայնի իրավունքից: Սակայն երեկ պարզեցինք, որ իշխանությունները հակված են իրենց ունեցած «փաստերով» ապացուցել, որ ցուցարարներն այնքան էլ «խաղաղ» չէին, եւ դրա համար էլ հակահարված են ստացել: Կհավատա՞ն այս պատմություններին Եվրոպայում՝ դժվար թե: Մինչեւ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջան, ՀՀ կժամանի Ջոն Պրեսկոտը՝ դիտորդական առաքելության ղեկավարը, եւ տեղում կստուգի իշխանությունների քայլերը։ Եթե դրանք պարոն Պրեսկոտին չբավարարեն, իշխանությունների վիճակն աննախանձելի կլինի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ իշխանություններն ունեն բավարար կամք՝ 1609 բանաձեւի պահանջների անվերապահ կատարման համար: Ըստ նրա. «Մինչ բանաձեւի հրապարակումը, քաղաքական կոալիցիան՝ նախագահի գլխավորությամբ, արդեն հանդես էր եկել հայտարարությամբ, եւ կոալիցիոն համաձայնագրի մեջ նշված են բոլոր խնդիրները, որոնք կան մեր երկրում: Թող տպավորություն չստեղծվի, որ բանաձեւից հետո են իշխանությունները ցանկացել բարեփոխումների գնալ»: Նա համոզված է, որ Ս. Սարգսյանը եւ նրա թիմը պատրաստ են լուծել երկրի ժողովրդավարացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները. «Հայաստանն ունի մեկ ճանապարհ, այն է՝ ժողովրդավարության զարգացումը, հետընթաց չի լինի, մենք գործով կապացուցենք, որ ոչ միայն 1609 բանաձեւի դրույթներն ենք պատրաստ իրականացնել, այլեւ այն խնդիրները, որոնք դրված են ե՛ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ե՛ւ կոալիցիոն հուշագրում»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, հակառակը, աշխատանքային խմբի առաջարկներից ակնկալիքներ չունի. «Այդ հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաներին նախ պետք է ներկայացնել մեղադրանքներ ամենի համար, ինչ այսօր կա մեր երկրում: Իրենք ունեն մեղքի իրենց բաժինը, եւ իրե՞նք քայլեր պիտի ձեռնարկեն դրանք վերացնելու համար: Ոչ միայն հանձնաժողովի կասկածելի կազմը լավատեսություն չի տրամադրում, այլեւ՝ նախագահի քաղաքական կամքը չի երեւում»: Կեսկատակ նկատեցինք՝ գուցե ճի՞շտ է ժողովրդական խոսքը՝ սերը սեր է բերում, եւ եթե իշխանությունը զգա, որ իրեն գոնե մի քիչ սիրում են, կփոխվի, Ա. Բախշյանը համաձայն էր, բայց կոնկրետ քայլերի է սպասում՝ «որ մարդիկ ազատ արձակվեն, ինչ-որ բան փոխվի: Եթե քայլեր անի, որոնց մեջ սեր լինի՝ անպայման արձագանք կգտնի: Սպասում ենք նախագահի սիրառատ խոսքին եւ կոնկրետ գործերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել