Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»

Մայիս 15,2008 00:00

\"\"Էջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն անկուսակցական է, բայց սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի հետ, 2003թ. ընտրություններում ակտիվ աշխատանք է ծավալել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այս նախագահական ընտրություններում եղել է համաժողովրդական շարժման ակտիվիստներից, բուռն գործունեություն է ծավալել՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնակցել է հանրահավաքների ու երթերի:

Ժամը 13-ի սահմաններում այցելելով Արթուրենց տուն՝ ոստիկանները չեն համարձակվել միանգամից ասել իրենց այցի պատճառը: Նախ ասել են՝ իբրեւ Արթուրը մեքենա վարելիս ինչ-որ խախտումներ է արել, ապա չկարողանալով դա հիմնավորել՝ սկսել են հետաքրքրվել, թե, ընդհանրապես, ինչով է զբաղվում երիտասարդը: Ըմբռնելով ենթատեքստը՝ նա հետաքրքրվել է, թե իրեն կոնկրետ ինչի՞ համար են բաժին տանում: «Կոնկրետ՝ չգիտենք»,- պատասխանել են ոստիկանները: «Ցույցերի եմ մասնակցել` դրա համա՞ր եք եկել»,- հարցրել է երիտասարդը: «Հենա դու մեզնից լավ գիտես»,- թեթեւացած ասել է ոստիկաններից մեկը: Արթուրը ծանուցագիր է պահանջել: Ոստիկանները «պարզաբանել» են, որ ծանուցագիր դատախազությունն է ուղարկում, իրենք այցելում եւ հրավիրում են, եթե անհամաձայնություն է դրսեւորվում՝ բերման են ենթարկում: Արթուրի հետ հենց այդպես էլ վարվել են: Մոտավորապես ժամը 14-ից մինչեւ 23-ը նրան պահել են ոստիկանությունում: Գլխավոր հարցը, որ հետաքրքրել է ոստիկաններին՝ «Ո՞վ է ձեզ փող տվել կամ ումի՞ց եք փող ստացել»: Մեր զրուցակիցը պատմում է, որ այդ ընթացքում ինքը մենակ չի գտնվել ոստիկանությունում: Էջմիածնի հարակից գյուղերի` մոտ երկու տասնյակի հասնող այլ երիտասարդներ էլ են նույն ընթացքում եղել ոստիկանության բաժնում: Բնականաբար՝ նույն պատճառով եւ նույն հարցի պատասխանը ստանալու համար:

Խոսակցություններ են պտտվում, որ ոստիկանների հիմնական թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Էջմիածնի շտաբի պետ Վարդ Արշակյանն է: Ըստ ամենայնի, նա գտնվում է ընդհատակում, քանի որ նրա հետ որեւէ կերպ չհաջողվեց կապ հաստատել:

Ծիածան գյուղի 29-ամյա բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ով գլխուղեղային լուրջ հիվանդություն ունի, դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել մեկուսարանում: Հարցաքննության ժամանակ Գեւորգը վատացել է, սակայն միայն ժամեր անց, փաստաբանի միջամտությամբ, ի վերջո հնարավոր է եղել նրան բժշկական օգնություն ցուցաբերել. «Ուշագնաց է եղել մի քանի անգամ, ոստիկանությունում փորձել են ուշքի բերել ու այդ վիճակով ցուցմունքներ են կորզել, այն դեպքում, երբ տղան անմեղսունակ է եւ համապատասխան փաստաթղթեր ունի»,- պատմում են համագյուղացիները: Իսկ մայրը պատմում է, որ վերջին շրջանում ամեն օր քաղաքացիական հագուստով մի երիտասարդ է եկել եւ Գեւորգին հարցրել. «Այդ տղան ասում էր` թող գա, բերի թղթերը, ներկայանա, ոչ մի բան չի լինի, դե, ես էլ ինձնից գոհ, որ բան էլ չի լինի, տղուս հանձնեցի ոստիկաններին, ու չգիտեմ՝ ինչ են արել, տեսնողները պատմում էին, որ վրայից ջուր էր գնում ու անընդհատ ուշագնաց էր լինում»: Ի դեպ, տիկնոջ ասելով, «շտապօգնությունը» տղային ինչ-որ ուժեղ դեղեր է ներարկել, ինչի արդյունքում հիմա նա առողջական խնդիրներ ունի: Իսկ նրա հիվանդության պարագայում ուժեղ պրեպարատներն ընդհանրապես հակացուցված են. հնարավոր է դրանց ազդեցության տակ քնի եւ չարթնանա: 72 ժամ հետո, հարազատների եւ համագյուղացիների ճնշումների ներքո, տղային ի վերջո ազատ են արձակել:

Ի դեպ, թե Էջմիածնում, թե հարակից գյուղերում բազմաթիվ են դեպքերը, երբ «լեւոնականներին» ազատել եւ ազատում են աշխատանքից, սակայն, իրավիճակն ավելի չսրելու համար, մարդիկ խուսափում են այդ առիթով լրագրողների հետ շփումներից: Մի հետաքրքիր մանրամասն եւս. արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ աշխատում են պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները եւ այլ «օբյեկտներ»: Հիշեցնեմ, որ գեներալի այլախոհության պատճառով նրա ընտանիքին պատկանող մի շարք ձեռնարկություններ տեւական հարկադիր պարապուրդի մեջ էին: «Մանվելը Սերժի հետ լեզու է գտել»,- ենթադրում են էջմիածինցիները:

Հետապնդումներին եւ բռնություններին զուգահեռ, այս օրերին Էջմիածնում արդիական է նաեւ աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեման: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այդ ընտրություններում պատրաստվում է ոչ միայն առաջադրել իր թեկնածությունը, այլեւ հաղթել: Հ. Հակոբյանի հիմնական մրցակիցը լինելու է գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ով այս պահին զբաղեցնում է Էջմիածնի փոխքաղաքապետի պաշտոնը: Ի հեճուկս հոր քաղաքական համոզմունքների, որոնք մինչ օրս էլ հստակ չեն ուրվագծվում, Կարեն Գրիգորյանը 2008-ի նախագահական ընտրություններում բացահայտորեն «աշխատել» է Սերժ Սարգսյանի օգտին: Հետաքրքիրն այն է, որ այժմ Հակոբ Հակոբյանը վերադառնում է էջմիածինցի եւ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն «Պիպոյի» հովանավորությամբ: Բանն այն է, որ 1990-ականներին այս երիտասարդը Էջմիածնից հեռացավ հենց Մանվել Գրիգորյանի թեթեւ ձեռքով: Պատճառը՝ ունեցվածքի վերաբաժանումն էր: Երկար տարիներ նա բնակվում եւ գործում էր ՌԴ մայրաքաղաքում: Հիմա «Պիպոյի» մասին պատմում են, որ բնակվում է Իտալիայի մայրաքաղաքում, բավականին լավ կապեր ունի վատիկանամերձ շրջանակներում, հաջող բիզնես է ծավալում եւ, ի դեպ, մեծ ներդրումներ է անում հոգեւոր եւ մշակութային բնագավառներում: Հիմա, երբ գեներալն էլ առաջվանը չէ, ինքը որոշել է վերահաստատել դիրքերը հայրենի քաղաքում: Ասում են, որ նախ ինքն է ցանկացել քաղաքապետի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, ապա որոշել է Հակոբ Հակոբյանին տանիք կանգնել: Այլ թեկնածուների անուններ էլ են շրջանառվում, սակայն նրանք հիմնականում «ֆոն» են ապահովելու: Թվում է, որ Էջմիածնում աշունն իրապես թեժ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել