Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԷԼ ԳՐԵԹԵ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ

Մայիս 15,2008 00:00

\"\"ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի 8 առաջարկներից իրականացվել է միայն 1-ը՝ արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ:

Հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Այս զեկույցը Հայաստանում հայտնի էր դարձել 1 ամիս առաջ: Եվ ավելի վաղ էին հայտնի դարձել Համմարբերգի առաջարկները, որոնք, ինչպես նշված է այս զեկույցում. «Ուղղված են կառավարությանը՝ որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք երաշխավորելու պատասխանատու եւ միջազգային համաձայնագրերով պարտավորված կողմի: Այդուհանդերձ, հանձնակատարը նաեւ դիմում է Հայաստանի քաղաքական ընդդիմությանն այս առաջարկների էական իրականացմանը լայնածավալ աջակցություն ցուցաբերելու եւ այդ զարգացումների խթանման համար անհրաժեշտ երկխոսությանը նպաստելու հայցով»:

Թոմաս Համմարբերգի առաջարկներից 1-ինն է. «Վերացնել արտակարգ իրավիճակը, որպեսզի պետությունում վերականգնվեն ժողովրդավարական կարգը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»: Դե-յուրե՝ արտակարգ դրությունը չի գործում մարտի 21-ից, իսկ դե-ֆակտո՝ դրա որոշ տարրեր պահպանված են մինչ այժմ: Մեր այս պնդման համար հիմք է թեկուզ այն փաստը, որ արգելված է ընդդիմադիրների ներկայությունն Ազատության հրապարակում՝ անգամ համերգների ընթացքում:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 2-րդ առաջարկն է. «Հաստատել արտահայտվելու ազատությանը եւ հավաքների ազատությանը վերաբերող օրենսդրությունում առաջարկվող փոփոխություններն այնքանով, որքանով դրանք համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտականություններին»: Հավաքների ազատության մասով օրենսդրական փոփոխություններ մինչ այժմ դեռ սպասվում են՝ գուցե ԱԺ հաջորդ քառօրյայում:

Չնչին առաջընթաց կա Համմարբերգի 3-րդ առաջարկի առնչությամբ. «Անհապաղ ազատ արձակել այն բոլոր կալանավորներին, ովքեր քրեորեն պատժելի բռնության կոնկրետ գործողություն չեն կատարել: Չառաջադրել մեղադրանքներ եւ չհարուցել դատական գործեր անձանց նկատմամբ զուտ հակաիշխանական կարծիքներ արտահայտելու համար»: Առայժմ փոխվել են նման սահմանման համապատասխանող միայն 3-4 գործիչների խափանման միջոցները:

4-րդ առաջարկն է. «Հետաքննել անհամաչափ ուժի գործադրման դեպքերը եւ պատասխանատուներին ենթարկել պատասխանատվության»: Նշենք, որ Համմարբերգի այս զեկույցում հիշատակված է, թե գլխավոր դատախազի հետ իր հանդիպման ընթացքում պարզել է, որ դատախազությունն իրականացնելու է «առավել ընդհանուր, սակայն սահմանափակ հետաքննություն՝ կասկածյալներին անհատական մեղադրանքներ առաջադրելու համատեքստում»: Հանձնակատարը նշել է. «Նման սահմանափակ հետաքննությունը կարծես բավարար չէ մարտի 1-ի զարգացումների համապարփակ պատկերը բացահայտելու համար՝ ոչ միայն փաստերը հստակեցնելու, այլեւ եզրահանգումներ անելու առումով»:

5-րդ առաջարկն է. «Հետաքննել ձերբակալված անձանց հանդեպ վատ վերաբերմունքի դեպքերը եւ պատասխանատուներին ենթարկել պատասխանատվության»: Զեկույցում նշված է, որ Համմարբերգը ոստիկանության կողմից բռնությունները քննարկել է Աղվան Հովսեփյանի հետ. «Գլխավոր դատախազն ասել է, որ հետաքննություն է նախաձեռնել պարզելու՝ արդյո՞ք ոստիկանությունը համապատասխան եւ համաչափ քայլերի է դիմել, եւ որ նա անձամբ իրավական գնահատական կտա ուժի գործադրման խնդրին»: Նշենք, որ մինչ այժմ չի հնչել այդ գնահատականը: Մինչդեռ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը զեկույցում նշել էր, թե կատարվածից 14 օր անց էլ տեսել էր կալանավորների, որոնց մոտ «դեռեւս ծեծի հետքեր են երեւում», եւ դա «խիստ անհանգստության տեղիք է տալիս»:

6-րդ առաջարկի իրականացման մասին նույնպես հայտնի չէ ոչինչ. «Իրավապահ կառույցների համար սահմանել լրացուցիչ հրահանգներ, որոնք նպատակ կհետապնդեն խստորեն գործադրելու ձերբակալությունների գրանցման եւ ձերբակալվածների՝ հարազատների հետ կապ հաստատելու եւ փաստաբան ունենալու իրավունքներին վերաբերող կարգը»:

7-րդ առաջարկն է. «Իրականացնել համապարփակ հետաքննություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ՝ այդ թվում հաշվի առնելով բռնի գործողություններին հանգեցնող գործոնները եւ արտակարգ իրավիճակի հայտարարումը: Այս հետաքննությունը պետք է լինի անկախ, անաչառ, թափանցիկ եւ վայելի ամբողջ բնակչության վստահությունը: Այն պետք է նպատակ հետապնդի եզրակացություններ անելու եւ առաջարկություններ ներկայացնելու հետագայում նման իրավիճակների կառավարման առնչությամբ»: Թոմաս Համմարբերգն այս առնչությամբ վկայակոչել է խորհրդարանական հետաքննական հանձնախմբեր ստեղծելու եվրոպական փորձը: Տեղեկություններ կան, որ այն կիրառվելու է նաեւ մեր ԱԺ-ում:

Եվ վերջին՝ 8-րդ կետով կառավարությանն է առաջարկել որոշել. «Արդյոք այս հետաքննության իրականացման համար միջազգային հանրությունից էական ներդրո՞ւմ է հայցում եւ, եթե այո, ներկայացնել հստակ ու կոնկրետ հասցեագրված խնդրանք նման աջակցության համար»: Որքան մեզ հայտնի է՝ կառավարությունը չի խնդրել նման աջակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել