Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոլեջները խնդիրներ ունեն

Մայիս 14,2008 00:00

Մայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, Երեւանի հումանիտար տեխնիկական եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջների ուսանողները ներկայացրին իրենց անհատական աշխատանքները: Դրանք ամենօրյա, երեկոյան, հարսանեկան, մանկական, ավանգարդ, սպորտային ոճերում հագուստներ էին, որոնք նաեւ ցուցադրվել էին «Գարուն» փառատոնի ընթացքում: Օրինակ՝ Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները ներկայացրին հագուստներ հղիների համար, ժամանակակից ոճի զգեստներ, որոնց վրա ասեղնագործված էին հայկական տարազի տարրեր: Երբ ամառային ամենօրյա զգեստներն էին ներկայացնում՝ միջոցառումը վարողները ասացին, որ դրանք հարմար են «ինտիմ շփումների համար»: Ցուցադրվեցին մետաղադրամներով, խաղաքարտերով պատրաստված հագուստներ, զգեստներ, որոնց վրա կային փափուկ խաղալիքներ: Ապագա մոդելներն ու մոդելյորները նաեւ տեղեկացրին, որ այս տարվա ամենանորաձեւ գույներն են մարգարտափայլ մոխրագույնը, պայծառ արեւագույնը: «Առավոտը» Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանից հետաքրքրվեց, թե զգո՞ւմ են ԿԳՆ-ի եւ պետական այլ մարմինների աջակցությունը, քանի որ շատ է խոսվում միջին մասնագիտական ոլորտը բարեփոխելու մասին: Ս. Քոչարյանը պատասխանեց. «Այդ բոլոր խոսակցությունները տեսական են, ամբողջ ծանրությունն ընկած է բացառապես քոլեջների տնօրենների վրա: Եվ եթե մի քիչ ուշադիր չլինենք՝ մեզ կտրորեն-կանցնեն»: Ս. Քոչարյանը նաեւ նշեց, որ բազում խնդիրներ ունեն իրենց շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում: Իսկ երբ խոսեցինք իրականացվող բարեփոխումների մասին, պրն Քոչարյանն ասաց. «Դրանք դեռ մեզ չեն հասել, բայց շուտով կհասնեն: 550 ուսանող ունեցող քոլեջի շենքային պայմանները վատը չեն, սակայն 20 տարուց ավելի շենքը վերանորոգված չէ: Ունենք նաեւ գույքի նորացման խնդիր»: Այս եւ այլ դժգոհություններ «Առավոտը» փոխանցեց միջոցառմանը ներկա ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանին: Նա հավաստիացրեց, որ իրենք «աշխատում են՝ չխնայելով իրենց» եւ նշեց. «2004-2005-ի հետ համեմատած, այս ոլորտում այժմ ուշադրությունն ավելի մեծացել է: Ներկայումս իրականացվող ծրագրերի արդյունքները շոշափելի կլինեն 3 տարի հետո»: Պրն Աղբալյանը խոսեց նաեւ այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են աշխատաշուկայում քոլեջների շրջանավարտներին մրցունակ դարձնելու, քոլեջների շենքային պայմանները բարելավելու եւ այլնի ուղղությամբ: «2008-ին կունենանք հիմնանորոգված 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Կստեղծվեն քոլեջների կառավարման խորհուրդներ, մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային խորհուրդ: Քոլեջների վարկի բարձրացումը մեր ամենաթույլ կողմն է: Թույլ է մեր PR-ը: Այսօրվանից գործատուների միության հետ սկսում ենք այց դպրոցներ՝ շրջանավարտներին իրազեկելու, որ կան միջին մասնագիտական հաստատություններ»,- ասաց ԿԳՆ պաշտոնյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել