Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացադուլավորներն ուշաթափվում են

Մայիս 14,2008 00:00

Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում

Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներից բացի, իրենցով ոչ մի պաշտոնյա, նույնիսկ՝ մարզի բժիշկները չեն հետաքրքրվում: Բուժաշխատողների ստրկամտությունն այնտեղ է հասել, որ չորս օր ուժեղ գլխացավերի մեջ են թողել Ձորակապում անժամկետ հացադուլի նստած Մուշեղ Սաղաթելյանի որդուն՝ Սեւակին, ով երեկ ուշաթափվել էր: Երեկվա դրությամբ ծանր էր նաեւ Մարալիկում հացադուլի նստած Բաբկեն Ուռուտյանի եւ Կարապետ Լոռեցյանի վիճակը: ԵԿՄ գրասենյակից նույնպես տեղեկացրին, որ գիշերը առողջական խնդիրներ են ծագել գյումրեցի ազատամարտիկներից մի քանիսի մոտ, որոնք առանց այն էլ մի լավ օրի չեն՝ 2-3-րդ կարգի հաշմանդամներ են: Ի տարբերություն բժիշկների, ոստիկանները հացադուլավորներին չեն մոռացել: Անիի տարածքային բաժնի ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հացադուլավորների շրջապատին լավ ճանաչելու, ելումուտը վերահսկելու ու իր շեֆերին մանրամասն զեկուցելու համար ոստիկաններին մերթընդմերթ շրջագայության է ուղարկում: Երեկ այս մասին փաստեցին ձորակապցի երկու նոր հացադուլավորները՝ Սիմոն Բաղդասարյանն ու Մանվել Հակոբյանը: Նրանց ցնցել էր, որ երեկ առավոտյան ոստիկանապետ Սամվել Սարգսյանին հացադուլի նստելու մասին ծանուցագրերը պաշտոնյան վերադարձրել էր՝ պահանջելով դրանք անձամբ հացադուլավորների ձեռքից: Սաղաթելյանները պատմեցին, որ Գյումրիի ոստիկանները Շոթա Սաղաթելյանի գլխին գործ սարքելուց հետո այժմ էլ ընկել են նրա որդու՝ Կարենի հետեւից, ամեն կերպ փորձում են նրա գլխին ջարդել Շիրակի մարզի դատարանի ապակիների փշրվելը: Միջադեպին ներկա են եղել դատավարությունը լուսաբանող լրագրողները ու միաբերան կարող են պնդել, որ դրանում մեղավորները ոստիկաններն են: Մեզ փոխանցեցին, որ արդեն իսկ քրգործ կա Կարեն Սաղաթելյանի դեմ՝ Քրօր.-ի 258 հոդվածով՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Երեկ տեղեկացանք, որ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանում լսվելու է 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի բողոքը: Երեկվա դրությամբ նա եւս պատրաստվում էր նստել հացադուլի, սակայն նրան երեկ Արթիկից տեղափոխեցին Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ: Նրա որդին՝ հացադուլի նստած Բաբկեն Ուռուտյանը, նախազգուշացրեց, որ եթե այս անգամ էլ գործով վկա՝ Շիրակի մարզի դիահերձարանի տնօրեն Վազգեն Նազարյանը, փորձի գործը իր հոր վրա բարդել՝ պատասխան կտա օրենքի առջեւ: Հիշեցնենք, որ Մարալիկում նախագահական ընտրությունների օրը սկանդալ էր ծագել հենց վերոհիշյալ պաշտոնյայի պատճառով, ով Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար Գյումրիից մարդկանց էր տեղափոխել Մարալիկ: Ապա, ըստ Ուռուտյանների, Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիմնարկում կեղծ դիագնոզ էր սարքել տվել, թե Հարություն Ուռուտյանը ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանին, ով նույնպես ընտրությունների օրը լծված էր Գյումրիից Մարալիկ ընտրազանգված տեղափոխելու գործին:

Մեր տեղեկություններով, բողոքի ակցիա է նախապատրաստվում նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայր Փանիկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել