Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 14,2008 00:00

Նահանջը շարունակվում է

\"\"Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Առաջին շրջանի եզրափակիչ՝ հինգերորդ տուրում սպիտակներով հանդես եկող Արոնյանը 44-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց Վասիլի Իվանչուկից, իսկ ուկրաինացին տարավ իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Նույն օրը Տոպալովը առավելության հասավ Բու Սյանչժիի նկատմամբ, իսկ Ռաջաբով-Չեպարինով պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

«Mtel Masters»-ի առաջին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,0 միավոր

2. Վ. Տոպալով (Բուլղ.) 3,5

3-4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 2,0

3-4. Իվան Չեպարինով (Բուլղարիա) 2,0

5. Լեւոն Արոնյան (ՀՀ) 1,5

6. Բու Սյանչժի (Չին.) 1,0

Այսօր սկսվում է մրցաշարի երկրորդ շրջանը: Արոնյանը սեւերով խաղալու է Տոպալովի հետ, որին հայ շախմատիստը մրցաշարի հենց մեկնարկային խաղում պարտվել էր:

Ձեռնամուխ եղան վճռորոշ մարզումներին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ օգոստոսին Չինաստանում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի ծանրորդները մայիսի 12-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում, որով սկսվում է «Պեկին 2008»-ի նախապատրաստության ամենապատասխանատու փուլը: Տղամարդկանցից հավաքի հրավիրվել են 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77 կգ քաշային կարգ), Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ 85 եւ Էդգար Գեւորգյանը՝ 94, իսկ աղջիկներից օլիմպիական խաղերին նախապատրաստվում է 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը:

Վստահություն

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Չեմպիոնների լիգայի 2007/08 թթ. մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումում ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեր երկրի ներկայացուցիչն ընդգրկվում է նման կարգի միջոցառման կազմակերպման գործընթացում՝ ստանձնելով առանցքային դեր:

Ֆուտզալի սեմինար՝ Երեւանում

Մայիսի 4-11-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպել էր ֆուտզալի մարզիչների վերաորակավորման հերթական սեմինարը, որի ընթացքում ակումբների եւ դպրոցների 22 մարզիչներ ֆուտզալի Խորվաթիայի ազգային հավաքականի մարզիչ, ՖԻՖԱ-ի ինստրուկտոր Միկո Մարտիչի ղեկավարությամբ օրական ութ ժամ տեսական եւ գործնական պարապմունքներ են անցկացրել: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեմինարի ավարտին Միկո Մարտիչը բոլոր մասնակիցներին շնորհել է մասնակցության հավաստագրեր: ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշել է, որ սեմինարն աննախադեպ էր նրանով, որ առաջինն էր ֆուտզալի ոլորտում, ինչը ՀՖՖ-ի հետագա բոլոր հետեւողական, նպատակային եւ ծրագրային միջոցառումների սկիզբն է:

Միրանդան խոստանում է

Կոլումբիացի բռնցքամարտիկ, միջին քաշային Էդիսոն Միրանդան վճռական է տրամադրված հունիսի 21-ին Հոլիվուդում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ կայանալիք ռեւանշ մրցամարտին: Օրերս նա լրատվամիջոցներին խոստացել է Աբրահամին նոկաուտով հաղթել 7-րդ կամ 8-րդ ռաունդում: «Չեմ համարում, որ մեր նախորդ մենամարտում ես պարտվել եմ,- ասել է նա:- Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, բայց այժմ ես նպատակադրված եմ նոկաուտի: Եվ նրան մրցավարները չեն օգնի: 7-րդ կամ 8-րդ ռաունդում ես վերջակետ կդնեմ նոկաուտով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել