Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետականորեն աջակցել տիկնիկային արվեստին

Մայիս 14,2008 00:00

\"\"Մանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի

Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը եւ թարգմանչուհի Զեմֆիրա Մարտիրոսյանը:

Լայն հանրությունը դրամատուրգին անմիջապես կճանաչի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նրա «Թզուկի երգը» ներկայացումով: Տեղեկացնենք, որ ամուսինները Սպայի տանը 1996թ. հիմնել էին «Թմբուկ» տիկնիկային թատրոնը, որը գործել է մինչեւ 2007թ.: Այս ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Ուկրաինայում, Բելառուսում, Չեխիայում, Հունգարիայում, Բուլղարիայում: Հայ դրամատուրգի գործերը բեմադրվել են Ուկրաինայի, Բելառուսի տարբեր քաղաքներում, Սիրիայում, Չեխիայում եւ այլուր:

«Առավոտ» այցելած հյուրերը նշեցին, որ Սպայի տունը քանդելուց հետո թատրոնը չի գործում, բայց իրենց այցի նպատակը դրանից գանգատվելը չէ, իրենք ավելի գլոբալ մտահոգություններ ունեն: «Ամուսինս շուրջ 35 տարի ստեղծագործում է մանուկների համար, բայց, չգիտես ինչու, ի տարբերություն եվրոպական երկրների, մեզ մոտ անպայման պետք է Մայր թատրոնում բեմադրվես, որ համարվես դրամատուրգ: Թատերական գործիչների միությունն էլ առանձնապես հետաքրքրված չէ տիկնիկային արվեստով, մինչդեռ իրենք, նաեւ պետական տիկնիկային թատրոնները, պետք է փնտրեն-գտնեն դրամատուրգին: Իսկ այսօր ի՞նչ է կատարվում: Որոշ թատրոններ իրենք պիեսներ են գրում, իրենք էլ խաղում… Մենք ուզում ենք, որ զարգանա տիկնիկային արվեստը, դրամատուրգիան, որը զուտ «սոսկա» չէ երեխաների համար»,- ասաց տիկին Մարտիրոսյանը: Ամուսինն էլ հիշեց վերջերս Հայաստանում գտնվող ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Շվիդկոյի կոչը, որ պետք է աջակցել մանկապատանեկան գրականությանը, տիկնիկային արվեստին. «Եթե պետության հնարավորությունները չեն ներում, ապա, փառք Աստծո, այսօր ունենք մեծահարուստներ, որոնք չխնայելով միլիոններ՝ ռուսական աստղեր են բերում, գոնե մտածեն թեկուզ իրենց երեխաների մասին ու այդ միլիոններից փոքրիկ մաս հատկացնեն տիկնիկային արվեստին»:

Ամուսիններին հույս էր պարգեւել նորանշանակ վարչապետի խոստումը, որ պետությունը շրջվել ու է դեպի մշակույթ, կրթություն: Ըստ մեր զրուցակիցների, եթե նման լուրջ վերաբերմունք կա, ապա իրենք մեկ-երկու դիտարկում կարող են անել. «Առաջինը. պետք է «մաքրել» եթերը՝ երեխաներին հրամցվող անճաշակությունից: Թե չէ ցինիզմը գրավել է բոլոր TV-ները՝ պրոպագանդելով ապազգային արվեստ: Ցավոք, այսօր դպրոցի «դասագիրքը» հեռուստատեսությունն է: Պետք է գոնե տիկնիկային թատրոններին ազատեն հարկերից եւ բարձրացնեն դերասանների աշխատավարձը: Վրաստանից օրերս վերադարձած Մայր թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ում աշխատավարձը 60.000 դրամ է, ապշել էր վրացի իր կոլեգաների վարձատրությունից, որը կազմում է շուրջ 1000 դոլար…»: Հետաքրքրվեցինք՝ ինչպես է, որ Օբրազցովի տիկնիկային թատրոնը ցանկալի հյուր է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ հայաստանյան տիկնիկային թատրոնները բավարարվում են 1-2 անգամ դրսի փառատոներին մասնակցելով: Պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ միայն Օբրազցովի, այլ Սանկտ-Պետերբուրգի տիկնիկային թատրոնն էլ ճանաչում ունի, որովհետեւ ռուսների ցուցադրած արվեստը բխում է արմատներից, եւ նրանք պետականորեն մեծ ուշադրություն են դարձնում դրամատուրգիային, մատչելի ներկայացնելով համաշխարհային դասականներին, այդ թվում՝ Շեքսպիրին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել