Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ

Մայիս 14,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի քրգործերի շարքից

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի գործը: Վերջինս ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» համար:

Դատական նիստին հետեւող սակավաթիվ քաղաքացիները եւ մեղադրվողի՝ Թալինից մի կերպ Երեւան հասած հարազատները ծափողջույններով դիմավորեցին նրան: Հ. Աբրահամյանի մորաքույր Անահիտ Մելքոնյանը, լրագրողների առաջ սիրտը բացելով, հեծկլտալով ասաց. «Մեր խելոք էրեխին անմեղ տեղը դատում են, ո՞վ պիտի պահի նրա անչափահաս տղային ու կնոջը: Մայրն էլ Ռուսաստանում է մահամերձ պառկած: Սա խղճին մոտ բան չէ, որ անում են»:

Նախկինում չդատված Հ. Աբրահամյանի հանրային պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանում հանդես եկավ երկու միջնորդությամբ, որոնցից առաջինում պահանջում էր կարճել քրգործը եւ դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ: «Նախաքննական մարմինը չի իրականացրել պատշաճ նախաքննություն, այն կատարել է քրեական դատավարության չափանիշների խախտմամբ, որը չի ստորագրել Հ. Աբրահամյանը: Նախաքննական մարմինը բավարարվել է միայն 3 ոստիկան-վկաների շինծու ցուցմունքներով: Նա 102 ժամ անազատության մեջ է գտնվել, ապա տարվել է դատարան ու խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեղադրանքը չի հիմնավորվել եւ հանցակազմ չկա»,- հայտնեց պաշտպանը: Ըստ նրա, Հ. Աբրահամյանի ձեռքին որեւէ իր չի եղել, սակայն նրա մարմնի վրա հարվածի հետքեր են եղել՝ ոստիկանների հետ մարտի 1-ին բախման արդյունքում, մինչդեռ ոստիկաններից եւ ոչ մեկը որեւէ հարված չի ստացել:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը պաշտպանի սույն միջնորդությունը մերժեց՝ այն որակելով «դեկլարատիվ, էմոցիոնալ, ոչ իրավական»: Անգամ փորձեց արդարացնել երեք ոստիկաններին՝ «նրանք նախաքննական մարմնում են ցուցմունք տվել, այլ ոչ թե դատարանում»: Պաշտպան Ի. Պետրոսյանի արտահայտած «քաղաքական բանտարկյալ» կապակցությունն էլ որակեց որպես «աչոկներ ձեռք բերելու» դրսեւորում: Ըստ մեղադրողի, նախաքննական մարմինը չի խախտել Քրեական դատավարության 128 եւ 130 հոդվածների ընթացակարգը, որը միջնորդությամբ վիճարկում էր պաշտպանը: Մեղադրող Հ. Սարգսյանը նաեւ նկատեց. «Միջնորդության մեջ չնշվեց որեւէ ապացույց, հիմք, որը կբացառեր հանցակազմի բացակայությունը: Ամբաստանյալը կարող էր մարմնի վնասվածքների մասին ցուցմունք ներկայացնել»: Ի պատասխան մեղադրողի հակադարձման, Ի. Պետրոսյանը առարկությամբ հանդես եկավ եւ պնդեց, որ միջնորդությունը մերժելու առարկությունները չեն բխում Քրեական դատավարության օրենսգրքի հիմնադրույթներից: Ամբաստանյալի՝ մարմնի վրա առկա վնասվածքների մասով էլ ասաց. «Նախաքննական մարմինը սկզբից գիտեր, որ նրա մարմնի վրա վնասվածքներ կան, բայց ուշ են արձանագրվել դրանք»:

Շուրջ մեկ ժամ տեւեց, երբ դատավոր Արմեն Դանիելյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից, հայտարարելով՝ «Պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ միջնորդության համար էական հանգամանքների պարզաբանումը, քրգործում առկա ապացույցների հետազոտումը եւ գնահատումը»:

Պաշտպան Ի. Պետրոսյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր «ամբաստանյալի» խափանման միջոց կալանքը փոխելուն, քանի որ, ըստ նրա, Հ. Աբրահամյանն ապօրինի է գտնվում կալանքի տակ: Դատավոր Ա. Դանիելյանը դատալսման հաջորդ օր նշանակեց մայիսի 21-ը՝ երեկվա նիստում անպատասխան թողնելով պաշտպանի երկրորդ միջնորդությունը:

Հ. Գ. Ի դեպ, դատարան էին ներկայացել, Ի. Պետրոսյանի գնահատմամբ, «շինծու ցուցմունքներ» տված գործով վկաներ՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերլիազորներ Արմեն Հարությունյանը, Հայկ Միքայելյանը եւ Ալեն Կարապետյանը, որոնք անթաքույց քմծիծաղով, հետեւելով դատավորի հրամանին, լքեցին դահլիճը: Հաջորդ նիստին, հավանաբար, դատարանում ցուցմունք կտան նաեւ նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել