Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենթալիտետի հարց է

Մայիս 14,2008 00:00

Կովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում

«Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ի տարբերություն մյուս ազգերի, այն աստիճան ավանդապաշտ են եւ հավատացյալ, որ անգամ առանց ընտրակաշառքի, ընդամենը մի երդումով կարող են քվեն տալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Կոբա Չոպլիանին: Նրա պատմելով. «Վրաստանի Սվինետի մարզում, իշխանության թեկնածուի օգտին ձայն տալու համար, գյուղացուն ստիպել են երդվել սրբապատկերի առջեւ: Սակայն գյուղացին հրաժարվել է ոչ թե այն պատճառով, որ ազատ կարող է ձայնը տալ ում ցանկանա, այլ աստվածավախությունից, պարզապես անկեղծ խոստովանել է, որ իր ազգականը հակառակ թեւի թեկնածու է եւ չի կարող իր հարազատին, այսպես ասած, քաշել: Այսինքն, երդումը ավելի լուրջ երաշխիք է մեզ մոտ, քան վճարած գումարը»:

Մարդու իրավունքների խախտման հարցում կովկասցիները մի շարք ընդհանրություններ ունեն: Պարոն Չոպլիանիի ներկայացմամբ, վերջերս Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների օրը իշխանության թեկնածուին պաշտպանող Կարաբուլախի ընտրատարածքային հանձնաժողովներից մեկի նախագահը դանակահարել է ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցչին: Մի շարք ընտրատարածքներում նույնիսկ տեսախցիկներ են տեղադրվել: Սակայն, երբ ընդդիմությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ԿԸՀ-ից պահանջել էր գոնե մի քանի տարածքներում նկարահանված տեսանյութերը ստուգել, սակայն այդպես էլ ոչ մի նյութ իրենց չի տրամադրվել:

Կոբա Չոպլիանիի կարծիքով՝ այս երեւույթները հատուկ են վրաց ազգին, քանի որ նրանց մենթալիտետի հետ է կապված: Կ. Չոպլիանին վրացական մենթալիտետ համարեց նաեւ այն, որ «այսօր շատ վրաց երիտասարդներ պարզապես սրբացրել են նաեւ գողական, կրիմինալ աշխարհի մասին գաղափարախոսությունը: Տասը երիտասարդից ութը ուզում էր բանտ ընկնել, գողական դառնալ, դա իրենց համար նույնիսկ ավտարիտետի հարց էր, հիմա մեր երիտասարդները քիչ-քիչ փոխվում են, բայց, միեւնույն է, դեռեւս շատ տարածված է այդ իդեոլոգիան»: Վրաստանում մարդու իրավունքները շատ հաճախ ոտնահարվում են նաեւ բանտերում: Օրինակ՝ կալանավորը, ըստ օրենքի, նամակ գրելու իրավունք ունի, սակայն նա իր այդ իրավունքը չի կարողանում օգտագործել, քանի որ, ըստ Կ. Չոպլիանիի, նրանց նամակ գրելու համար գրիչ չեն տալիս. «Վախենում են, որ կալանավորների հիվանդանոց ընկնելու համար այդ բանտարկյալը գրիչով իրեն կվնասի, քանի որ հիվանդանոցում պայմաններն ավելի լավ են: Դեպք է եղել, երբ կալանավորը ակնոցի պոչով իրեն վնասել է: Այդ դեպքից հետո բոլոր ակնոցները հավաքել են»:

Նկատենք, որ մարդու իրավունքների վերոնշյալ ոտնահարումները առհասարակ հատուկ են կովկասյան մենթալիտետին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը «Առավոտի» հետ զրույցում վկայեց. «Մեզ մոտ էլ ընտրատարածքներից մեկում լրագրողի են ծեծել, կամ էլ մեր բանտերի կալանավորները մեծ մեխ կամ գդալ են կուլ տալիս, որպեսզի ընկնեն կալանավորների կենտրոնական հիվանդանոց: Պարզապես վրացական մենթալիտետով ամեն ինչ բեմականացված է լինում: Մեզ մոտ էլ կա հանցագործ աշխարհ ու դրան համապատասխան գաղափարախոսություն եւ իրենք իրենց կանոններն ունեն, սա հատուկ է Կովկասին, իսկ Եվրոպայում դա բացառվում է: Մենք նամակ էինք ստացել մի կնոջից, որ որդուն կալանավայրում ծեծել են, երբ գնացինք տեղում պարզելու ու հարցաքննում էինք այդ տղային, նա հրաժարվեց խոսել: Այսինքն, վկայություն տալը, ըստ գողական օրենքների, համարվում է շատ վատ բան»: Ըստ պարոն Գրիգորյանցի՝ կովկասյան մենթալիտետին բնորոշ է նաեւ այն, որ մեր կանայք կամ անչափահասները երբեւէ իրենց իրավունքները պաշտպանելու համար չեն դիմի իրավապահներին. «Թեեւ մենք բողոքներ չենք ստացել այն կանանցից, որոնք իրենց ամուսինների կողմից խոշտանգումների են ենթարկվել, սակայն դա չի նշանակում, որ նման երեւույթ չկա: Պարզապես, մտածում են՝ կբողոքեն, ամուսինը փող կտա կազատվի, կվերադառնա ու իրեն նորից կծեծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել