Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է

Մայիս 14,2008 00:00

\"\"Հայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները:

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները սկսեցին գնված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրել երաշխիքային կտրոններ, ինչը նշանակում է, որ եթե գնված ապրանքը որոշակի ժամկետի ընթացքում փչանում կամ վնասվում է արտադրողի, այլ ոչ թե գնորդի մեղքով, ապա վաճառող կազմակերպությունը պարտավոր է այն վերանորոգել կամ փոխարինել նորով: Մեր երկրում երաշխիքային սպասարկմամբ աշխատում են հիմնականում այն ընկերությունները, որոնք ապրանքներ են ներկրում արտերկրից: Իսկ արտերկրի արտադրողները կարեւորում են, որ տարբեր երկրներում գտնվող իրենց մասնաճյուղերը սպառողների հետ աշխատեն երաշխիքային սպասարկմամբ, քանի որ դա բարձրացնում է ընկերության հեղինակությունը եւ գնորդի մոտ վստահություն է ներշնչում տվյալ ընկերության հանդեպ: Մեր կենցաղում բազմաթիվ են դեպքերը, երբ հայտնի ապրանքանիշեր ներկայացնող խանութներից գնելով որեւէ կենցաղային իր կամ, ասենք, բջջային հեռախոս, գնորդը հայտնվում է խաբվածի կարգավիճակում, քանի որ օրեր անց պարզվում է, որ տվյալ իրը ունի գործարանային կամ տեղափոխման ընթացքում առաջացած անսարքություններ: Ու չնայած տվյալ խանութը սպառողին երաշխիքային սպասարկման կտրոն է տրամադրում, սովորաբար խնդիրը հեշտ ու հանգիստ չի լուծվում, քանի որ բազմաթիվ դեպքերում խանութի աշխատակիցներն ամեն գնով փորձում են մեղքը գնորդի վրա գցել ու համոզել, որ տվյալ ապրանքի անսարքությունը տեղի է ունեցել հենց գնորդի անփութության հետեւանքով: Ապրանքների ներկրմամբ զբաղվող մի քանի ընկերությունների հետ մեր զրույցից պարզեցինք, որ հատկապես կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող ընկերությունները խուսափում են իրենց վաճառած ապրանքի համար պատասխանատվություն կրել, քանի որ Մաքսային պետական կոմիտեի ոչ ճիշտ վարչարարության հետեւանքով ներկրողները չեն կարողանում տվյալ ապրանքը նորից արտերկիր՝ արտադրողին ուղարկել ու այն մնում է «իրենց վրա»: Խնդիրն այն է, որ ամեն անգամ արտերկրից ներկրված որեւէ ապրանք հետ ուղարկելիս, նորից պետք է մաքսային ձեւակերպումներ անել, ճանապարհածախս վճարել, ինչը ներկրողի համար լրացուցիչ ժամանակ ու հավելյալ ծախսեր է պահանջում: Համակարգչային տեխնիկայի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Քոմփմարկետ» ընկերության տնօրեն Գագիկ Ջուլհակյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող ապրանքն արտադրողին վերադարձնելը Հայաստանում շատ բարդ պրոցես է: Ըստ նրա, գործարարի համար ավելի ձեռնտու է անսարք ապրանքը գնորդից վերցնել ու դրա փոխարեն նորը տրամադրել, քան տվյալ սարքը վերանորոգման կամ փոխարինման համար ուղարկել արտադրողին. «Նման դեպքերում պետք է մաքսայինից ժամանակավոր արտահանման թույլտվություն ստանալ, բայց քանի որ այդ պրոցեսը Հայաստանում խիստ բարդացված է, ապա ես ինքնուրույն եմ փորձում գտնել խնդրի լուծումն ու իմ գնորդին չնեղացնելու համար հետ եմ վերցնում թերություն ունեցող ապրանքը, ու քանի որ հետ ուղարկելը բավականին ծախսեր է պահանջում, վերցրած ապրանքն, ըստ էության, մնում է ինձ վրա»: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ներկայացուցիչ Քնարիկ Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այսօր Հայաստանում անգամ շատ հեղինակավոր ընկերություններ խուսափում են աշխատել երաշխիքային սպասարկմամբ. «Վերջերս մենք արտերկրի մի արտադրողից պետք է մեծ քանակությամբ համակարգիչներ ու համակարգչային աքսեսուարներ գնեինք եւ պահանջեցինք, որ երաշխիքային սպասարկումն իր վրա վերցնի տվյալ արտադրողի՝ Հայաստանում գտնվող ներկայացուցչությունը: Մեր այս պահանջից հետո արդեն խնդիրներ առաջացան, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը չցանկացավ մեզ երաշխիքային սպասարկում տրամադրել»: Սակայն Ք. Բարսեղյանի հավաստմամբ, արտադրող կազմակերպությունը նման դեպքերում տվյալ երկրում իր ներկայացուցչի հետ կնքում է պայմանագիր, ըստ որի՝ ապրանքն արտադրողին հետ ուղարկելու ժամանակ բոլոր տրանսպորտային ծախսերն ու մաքսային ձեւակերպումները կատարվում են արտադրող ընկերության միջոցների հաշվին: Այսինքն, ըստ Ք. Բարսեղյանի, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանում այս կամ այն հայտնի ապրանքանիշը ներկայացնող ընկերությունները իրականում չեն հանդիսանում տվյալ արտադրողի ներկայացուցչությունը եւ հենց այդ պատճառով էլ խուսափում են սպառողի հետ աշխատել նորմալ պայմաններով ու կատարել երաշխիքային կտրոնում նշված իրենց պարտավորությունները:

Երաշխիքային սպասարկման մեջ գտնվող ապրանքներն արտադրողին հետ ուղարկելու ժամանակ մաքսայինում առաջացող խնդիրների առնչությամբ Մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ Գագիկ Քառյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, տնտեսվարողների հետ խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ նրանցից շատերը պարզապես տեղեկություն չունեն մաքսային օրենսգրքից: Ըստ Գ. Քառյանի, եթե գործարարը ներկայացնում է բոլոր պահանջվող փաստաթղթերը եւ եթե հաշիվ-ապրանքագրի մեջ նշված է տվյալ ապրանքի երաշխիքի մեջ գտնվելու մասին, ապա մաքսայինում ժամանակավոր արտահանման համար որեւէ խնդիր չի առաջանում: Պարոն Քառյանի տեղեկացմամբ, խնդիրներ չեն առաջանա անգամ այն դեպքում, երբ տվյալ ապրանքը արտադրողը ոչ թե վերանորոգում է, այլ դրա փոխարեն մեկ այլ ապրանք է տրամադրում, եւ գործարարը ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ արտադրողին հավելյալ գումար չի վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել