Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ

Մայիս 14,2008 00:00

ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում է նման կամք՝ ընդդիմությունն անմիջապես դա որակում է իբրեւ վախի դրսեւորում. «Ցանկացած հարցի շուրջ բարի կամքի դրսեւորումը ուզում են անպայման ներկայացնել որպես թուլություն, թե տեսե՜ք, իշխանությունները վախեցան, այ, մենք ճնշո՜ւմ գործադրեցինք…»: Լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք կարո՞ղ է իշխանության կողմից մի բարի կամքի դրսեւորման դեպք նշել, որն ընդդիմությունը ներկայացրել է որպես վախի նշան, բայց Գառնիկ Իսագուլյանն ասել էր, թե չի ցանկանում անձնավորել: Սակայն օրերս «Ազատություն» ռ/կ-ով նա որոշակիացրեց իր պնդումը՝ նշելով. «Սուրեն Սուրենյանցի պարագայում եղավ միջնորդություն, եւ կարծում եմ՝ դա, չասեմ իշխանությունների կողմից, բայց համապատասխան ինստիտուտների կողմից բարի կամքի դրսեւորում էր: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Սուրեն Սուրենյանցը դա բացատրեց ոչ այլ կերպ, քան իշխանությունների կողմից վախ, որ նրանք պարտավո՜ր էին, ստիպվա՜ծ էին… Իսկապես կա այս երեւույթը, այսինքն՝ ասածս ունի նաեւ կոնկրետ օրինակ»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդականի այս պնդմանը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն, որն ընդհանրապես ելույթ չէր ունեցել Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում՝ «Առավոտին» ասաց. «Երբեք Գառնիկ Իսագուլյանին լուրջ չեմ վերաբերվել եւ չէի պատասխանի նրան, բայց քանի որ խնդիրը վերաբերում է քաղկալանավորներին՝ ուղղակի ուզում եմ արձանագրել. ես իրենց մոտ պատանդ եմ պահվել եւ այժմ ազատության մեջ լինելով՝ կարտահայտեմ ցանկացած տեսակետ, որը հարմար կգտնեմ: Եվ երբե՛ք իմ տեսակետների արտահայտումը չեմ պայմանավորի Գառնիկ Իսագուլյանի կամ իշխանության որեւէ ներկայացուցչի ճաշակով: Ու ընդամենը մի խորհուրդ կարող եմ տալ Գառնիկ Իսագուլյանին. ինքը ռեժիմի մոտ ընդամենն ինչ-որ պահապանի գործառույթ ունի՝ թող իր վրա չվերցնի ռեժիմի բոլոր մեղքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել