Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ

Մայիս 14,2008 00:00

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: Նման որոշում կայացվել էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կ. Ռուբինյանին նախաքննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա՝ նա չի խոչընդոտի նախաքննությանը եւ նման բաներ: Հետաքրքիրն այն է, որ նման միջնորդությամբ Կ. Ռուբինյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վաղուց էր դիմել պատկան մարմնին, բայց՝ ապարդյուն, իսկ երկուշաբթի օրը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելն ու նրան ազատ արձակելը անակնկալ էր եղել: Հ. Արսենյանն այդ մասին իմացել էր միայն լրագրողներից: «Առավոտի» հետ զրույցում փաստաբանն ասաց, որ նույն հոդվածներով մեղադրվող իր եւս երեք պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը ավելի վաղ էր փոխվել: Հ. Արսենյանն ասաց, որ իր մյուս պաշտպանյալներին, որոնք մեղադրվում են ՔՕ նույն հոդվածներով, կալանքի տակ պահելն ապօրինություն է: Իր՝ Կ. Ռուբինյանի համոզմամբ, իրեն ներկայացված մեղադրանքն ի սկզբանե շինծու է:

Երկուշաբթի օրը քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխվել էր նաեւ նախնական կալանքի տակ գտնվող եւս մեկ մեղադրյալի՝ Նկարիչների միության անդամ Տիգրան Բաղդասարյանի խափանման միջոցը: Նման միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության 4 պատգամավոր: Տ. Բաղդասարյանի համար սահմանվել է 500.000 դրամի գրավ՝ կալանքի փոխարեն: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազին կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել նաեւ Մատենադարանի տնօրեն Արշակ Բանուչյանի համար, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի պրիմ եւ նույն հոդվածի 2-րդ մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել