Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավական «տրյուկներ»

Մայիս 14,2008 00:00

Մեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար:

Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, եւ ամսի 16-ին նշանակված է առաջին դատական նիստը: Քրեական գործի հիմքում ընկած են ոստիկանության ներկայացուցիչների դեմ կատարված գործողությունները, որոնց ընթացքում ոստիկանը ստացել է ծանր մարմնական վնասվածք: Եթե գործը նման սահուն ընթացք ունենար, ինչպես վերոնշյալ շարադրանքն է՝ ոչ մի արտառոց բան չէր լինի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախաքննության մարմինը չի կարողացել ապացուցել Արամ Բարեղամյանին ներկայացված նախնական մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածը՝ անհնազանդության կոչերը, հընթացս որոշում է կայացվել Ա. Բարեղամյանին մեկ այլ մեղադրանք էլ առաջադրել՝ 112-ի 2-րդ մասով: Այն է՝ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը: Բարեղամյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Այստեղ սկզբունքային հարց է այն, որ դատավարության ընթացքում հնարավոր չէ այդ ամենն ապացուցել, քանի որ ընդամենը մեկ տուժողի ցուցմունք կա, իբր իմ պաշտպանյալն իրեն հարվածել է: Այդ ցուցմունքն էլ դարձել է քրեական գործի հիմք, եւ այդ կտրվածքով գործն ուղարկվել է դատարան»: Այս մեղադրանքով նախատեսվում է մինչեւ 10 տարի ազատազրկում: Ստացվում է, որ մեկ մարդու ցուցմունքով մեկ այլ մարդ կազատազրկվի մինչեւ 10 տարով: Փաստաբանը տարակուսած է, թե ինչո՞ւ իր պաշտպանյալը տուժող չի ճանաչվել, քանի որ ոստիկանների ապօրինի գործողությունների արդյունքում գլխից վիրավորվել է եւ ստացել ուղեղի ցնցում (այս ամենը հաստատող փաստաթղթերն առկա են գործում), մինչդեռ անհայտ մեկի գործողությունների արդյունքում վիրավորված ոստիկանը ճանաչվել է տուժող: «Այստեղ էլ է խախտվել դատավարական նորմը: Չնայած օրենքը հնարավորություն տալիս է մեղադրանքի ծավալը փոխելու, բայց ակնհայտ դիրքորոշում է որդեգրվել, որ այս խումբ մարդկանց նկատմամբ կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մյուս խմբին պետք է տուժող ճանաչել: Մինչդեռ, եթե անձը եկել է դատախազություն, հատուկ քննչական մարմին եւ նրա մոտ առկա է վնասվածքը՝ քննչական մարմինը անպայման պետք է ուսումնասիրեր, թե տվյալ անձն ինչ գործողությունների արդյունքում է այդ վնասվածքը ստացել: Չի ուսումնասիրվել, ոչինչ չի ապացուցվել, դեռ մի բան էլ հետագայում նոր մեղադրանք է առաջադրվել եւ փոխվել է մեղադրանքի ծավալը»,- ասում է Հարություն Բաղդասարյանը:

Ոչ պակաս ուշագրավ է փաստաբանի մեկ այլ պաշտպանյալի՝ Աղասի Մկրտչյանի գործը, ով եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վայքի շտաբի պետը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցելը, որոնց հետեւանքով տեղի են ունեցել հրկիզումներ, բռնություններ եւ այլն: Երկու ամիս նախաքննության արդյունքում «պարզվել» է, որ Աղասի Մկրտչյանն այլ գործողություններ էլ է «կատարել»: Մասնավորաբար՝ ընտրակաշառք է բաժանել: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործում մեկ կետ էլ է ավելացել՝ 154-ի պրիմ 2-րդ հոդվածը՝ ընտրակաշառքի բաժանում: «Այսինքն՝ եթե մարդը գտնվում է անազատության մեջ, ուրեմն նրան կարելի է ցանկացած բան վերագրել: Եթե նախընտրական ծախսեր են կատարվել եւ, ասենք, մի գրիչի գումարը չի գրանցվել, ուրեմն այդ փողը կաշառք ես տվել: Փաստը մնում է փաստ, որ անազատության մեջ գտնվող մարդու նկատմամբ ինչպես ցանկանան, այնպես էլ կվարվեն»,- ասում է Հարություն Բաղդասարյանը: Իսկ Աղասի Մկրտչյանն էլ հավելում է՝ «Ովքեր ընտրակաշառք են բաժանել՝ նրանց բան չեն ասում, ինձ մոտ 100-200 դրամի տարբերություն է եղել, ասում են՝ կաշառք ես բաժանել»: Ելնելով այս շրջանի իր գործունեությունից, Հարություն Բաղդասարյանն ասում է՝ չի զարմանա, եթե մի օր պարզվի, որ այս քաղաքական գործիչները «գողություն» են արել կամ, ասենք, հարկային պարտավորություններից են խուսափել: Այս զավեշտալի քրեական գործերի ողջ ենթատեքստը, ըստ փաստաբանի, տպավորություն ստեղծելն է, որ այդ մարդիկ ոչ թե քաղաքական բանտարկյալներ են, այլ քրեական հանցագործներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել