Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ

Մայիս 14,2008 00:00

\"\"Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել

– Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ է տեղի ունեցել, ըստ ձեզ («Ազատություն»):

– Ծառայողական քննություն նշանակվել է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ, այդ հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, պետք է ուղղեք ծառայողական քննություն կատարողներին:

– Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, դուք երեխա՞ եք ծեծել («Ազատություն»):

– Չեմ կարծում, թե ձեզանից որեւէ մեկը էդ կարծիքին է, որ ես կարող եմ երեխա ծեծել, երեխաների մեջ ընդամենը թեթեւ կենցաղային վիճաբանություն է եղել եւ հարթվել է իմ եւ մյուս երեխայի ծնողների հանդիպումից հետո: Այդպիսի խնդիր չկա, այդ մասին ընդհանրապես մեր տարածաշրջանում խոսակցություն չի եղել, ծառայողական քննություն նշանակվել է, եւ արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին:

– Բայց Գորիսից տեղեկություններ են ստացվում, որ ծեծը եղել է, եւ երեխայի ծնողները վախեցած են, որ դուք հաշվեհարդար կտեսնեք իրենց հետ, դրա համար չեն բողոքում («Ազատություն»):

– Չեմ կարծում, որ այդ երեխայի ծնողները կարող են այդպես վախկոտ լինել, մայրը մտավորական է, նորմալ ընտանիք են, ես կխնդրեի, որ այդ ասեկոսեներին չհավատաք, եւ կուզենայի, եթե հնարավորություն ունեք, կամ ես փորձեմ ձեզ տրանսպորտով ապահովել, գաք եւ տեղում ծնողների հետ ինքներդ խոսեք:

– Ծառայողական քննությամբ պարզվեց, որ իբր ձեր որդուն են ծեծել, հնարավո՞ր է, որ Սյունիքի մարզում որեւէ մեկը ծեծի մարզպետի որդուն («Առավոտ»):

– Եթե իմ որդին դիմացինի հետ կռվի, նա ավելի ուժեղ լինի, հնարավոր է, որ ծեծեն, ի՞նչ կա դրա մեջ, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր է եղել, որ մարզպետի երեխային են ծեծել կամ մյուսի երեխային են ծեծել, այդպիսի խնդիր չի եղել, ես ուղղակի ձեզ («Առավոտի» լրագրողին- Մ. Ե.) խնդրում եմ, որպես մայր, որպես կին, որպես աղջիկ, երեխաների հետ կապված խնդրում մի քիչ ուշադիր լինեք, մի քիչ էլ օբյեկտիվ լինեք: Որեւէ մեկը իրավունք չունի երեխա ծեծել, եթե երեխաները իրար ուղղակի քաշքշել են, դա չի նշանակում, որ դա այսօր պետք է դառնա հանրապետությունում մեծ հնչեղություն ունեցող հարց:

– Սակայն նման բաներ շարունակ հենց ձեր մարզում են լինում եւ հենց ձեր անունն է շոշափվում՝ ծեծերի եւ այլ վատ արարքների հետ կապված («Առավոտ»):

– Միգուցե հրապարակումներ լինում են, բայց դա բերեք փնտրենք մեկ ուրիշ տեղ, բերեք փնտրենք այն մարդկանց մեջ, ովքեր չկամեցող են, ովքեր խնդիր ունեն, ծրագրեր ունեն, նպատակներ ունեն, բերեք փնտրենք, թե խի՞ են նման հայտարարություններով հանդես գալիս, բայց չփորձենք վերագրել, որ մարզպետը երեխա է ծեծել: Ես չեմ կարող հիմա այդ մարդկանց անունները տալ, բայց երեւի ցանկացած լրագրողի համար պարզ է, թե այդ մարդիկ ովքեր են, դուք էլ երեւի տեղյակ եք, ես կուզենայի էդ մարդկանց հետ հարցազրույց անեիք եւ հարցնեիք, թե խի՞ են այդ մարդիկ անընդհատ ուզում թեմա սարքել:

– Բայց մարզից շարունակ տեղեկություններ են գալիս, որ Սյունիքի մարզում մարդիկ անձամբ ձեզանից վախենում են («Առավոտ»):

– Բայց սա ո՞ր թիվն է, որ վախենան, դուք էլ եք համոզված, բոլոր լրագրողներդ էլ համոզված եք, որ այդ վախի պահը արդեն անցել է շատ վաղուց, էսօր ոչ մեկից չեն վախենում, հավատացեք, որ չեն վախենում: Չեմ կարծում, որ հայ ազգի մեջ կան վախկոտներ: Ամեն մարդ էլ իրավունք ունի իր կամքը արտահայտելու կամ իր խոսքը ասելու: Բերեք էդ վախի պահը հանեք, սյունեցին վախկոտ չէ, սյունեցին ոչ մեկից չի վախենում, դուք էլ համոզվեցիք, ոչ միայն պատմությունից, այլեւ արցախյան պատերազմից, որ սյունեցին վախկոտ մարդ չի, սյունեցին ոչ մեկից վախենալու խնդիր չունի: Ընդամենը մեկ-երկու ճիվաղների խոսակցության թեմա է, որ Սյունիքում մարզպետից վախենում են:

– Այնուամենայնիվ, այդ երեխան տուժած է, նրա առողջական վիճակը վատ է եւ այնքան վատ, որ ծնողները վախենում են դիմել հիվանդանոց եւ իրենց ծանոթների մոտ են երեխային բուժում, եւ տուժել է ձեր ծեծի արդյունքում («Առավոտ»):

– Ոչ մի երեխա տուժած չի, հավատացնում եմ քեզ, մի հարայհրոցդ գցի, ուզում եմ հանգիստ խոսես եւ հասկանաս, որ էդ երեխան տուժած չի, ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ էդ երեխան տուժած է, ես չգիտեմ ձեր ցանկությունը որն է, բայց ես ուզում եմ, որ գոնե էս մի հարցում օբյեկտիվ մոտիկանաս, որ էդ երեխան իսկապես տուժված չի, էդ երեխան ծեծված չի, էդ երեխան վնասված չի, ուզում եմ իսկապես պատկերացնես, որ լուրջ է, եւ ես ձեզ հետ անկեղծ խոսում եմ:

– Գուցե ձեր տեղի վրա ա՞չք ունեն («Տարեգիր»):

– Հավատացեք, եթե ժողովրդի 1/3-ն էլ չցանկանա, որ ես աշխատեմ, անմիջապես ես հրաժարական կտամ, բայց որ ինչ-որ մեկը-երկուսը, չգիտեմ էլ, թե ովքեր են, դրանք արժանի չեն էս սուրբ հողի վրա քայլելու, դրանց ասելով ես հրաժարական չեմ տա:

– Ողջունո՞ւմ եք վարչապետի այն պրակտիկան, որ այսուհետեւ մամուլի հրապարակումները պետք է քննության ենթարկվեն («Ազատություն»):

– Դա վարչապետն է որոշում, իր համար պարզ լինելու համար կարելի է, ի՞նչ խնդիր կա, ինձ համար էլ թող պարզ լինի, ես ի՞նչ խնդիր ունեմ:

– Դուք այսօր բյուջեի քննարկմանը կարող էիք ձեր տեղակալին ուղարկել, հաշվի առնելով ձեր անվան շուրջ այս մեծ աղմուկը, բայց եկել եք, արդյոք ձեզ չե՞ն հանձնարարել անձամբ գալ սեփական մեղքը քավելու եւ լրատվամիջոցների առաջ ասելու այն բաները, ինչ որ հիմա ասացիք («Առավոտ»):

– Հավատա, որ նման ցանկություն չեմ ունեցել, չէ, չէ, երեւի տեսաք, որ բոլոր մարզպետներն են նստած, որեւէ տեղակալ այստեղ նստած չէր, եւ ԱԺ-ում հաշվետվություն ներկայացնելու համար, եթե ես հիվանդ չեմ, պառկած չեմ, ինքս կարող եմ ներկայացնել, ես էլ եկել եմ ներկայացնելու:

– Ձեր ամենասիրած լրատվամիջոցը ո՞րն է («Ազատություն»):

– Որ ճիշտն ասեմ՝ ոչ մեկդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել