Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Մայիս 14,2008 00:00

\"\"Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը

Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ «Բուդոյի» որդին է: Նրան մարտի 3-ին տնից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: «Սահմանադրական կարգի խախտմամբ իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում» Վահե Ղազարյանին «տրաֆարետային» մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»: Նախաքննությունը նրան առաջադրված այս մեղադրանքը համարում է ապացուցված, թեեւ ամբաստանվողի պաշտպան Լուսինե Սահակյանը ամենեւին չի կիսում նախաքննական մարմնի այս կարծիքը:

Իսկ ավելի կոնկրետ՝ Շենգավիթ համայնքի բնակիչ Վ. Ղազարյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2008թ. մարտի 1-ին, ցերեկը՝ ճշգրիտ ժամ նրա քրգործում չի նշվում, ջարդարարություն է արել, իսկ թե դա հատկապես ինչպե՞ս է արտահայտվել՝ անհայտ է. նրա դերն այդ «անկարգություններում» հստակեցված չէ: Իհարկե, ավելի ուշ, մեղադրական եզրակացությունում նախաքննական մարմինը փորձել է պարզաբանել, թե Վ. Ղազարյանի՝ սույն մեղադրանքից բխող գործողությունները արտահայտվել են նրանով, որ նա փորձել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց գտնվող «Ռենկո» ընկերության նորակառույց շենքի պարիսպների ձողերը կոտրել, քարեր ու ձողեր է շպրտել ոստիկանների ուղղությամբ, հետապնդել է փախչող ոստիկանի: Ընդ որում, ինչպես մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված բազմաթիվ այլ քրգործերով անցնողների, այնպես էլ Վ. Ղազարյանի դեպքում նրան վերագրված այդ գործողությունները քրգործում հաստատել եւ դրա շուրջ ցուցմունք են տվել բացառապես ոստիկաններ: Կոնկրետ դեպքում՝ ոստիկանության Շենգավիթ համայնքի երկու ոստիկաններ պնդել են, իբր, այդ օրը եւ այդ ժամին քաղաքացիական հագուստներով եղել են դեպքի վայրում եւ Վ. Ղազարյանի կողմից «կատարված» այդ գործողությունների ականատեսն են եղել:

Քրգործում կան նաեւ տեսագրություններ, որտեղ «թարսի» պես եւ ի հեճուկս այս քրգործի նախաքննությունն իրականացնող մարմնի՝ հստակ երեւում է, որ ճիշտ այն պահին, երբ մարդիկ ոստիկանական մեքենա են ջարդում, Վ. Ղազարյանը այդ գործողությանը ոչ միայն չի մասնակցում, այլեւ թողնում եւ դեպքի վայրից հեռանում է: Ֆրանսիայի դեսպանատան եւ քաղաքապետարանի հարակից տարածքներում մարտի 1-ին տեղի ունեցած զարգացումների տեսագրության մեկ այլ դրվագում հստակ երեւում է, որ երբ մարդիկ ոստիկանի են հետապնդում եւ ծեծի ենթարկում, Վ. Ղազարյանը հասնելով եւ տեսնելով, թե ինչ է կատարվում, առանց անմիջականորեն մոտենալու՝ կրկին թողնում եւ հեռանում է: Ասել է թե՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքերում նա իրեն վերագրված մեղադրանքի հատկանիշներ պարունակող գործողություններ չի արել, ավելին՝ իբրեւ ապացույց ներկայացված տեսագրություններում նրա ձեռքին ոչ մի իր՝ ձող կամ այլ բան չկա:

Այս քրգործում էլ կան զավեշտական ցուցմունքներ: Օրինակ՝ նույն ոստիկանների տված ցուցմունքները, ըստ որոնց՝ Վ. Ղազարյանը սպառնացել եւ հայհոյել է ոստիկաններին: Երբ նախաքննական մարմինը փորձել է պարզել, թե կոնկրետ ի՞նչ սպառնալիք կամ հայհոյանք է նա տեղացել ոստիկանների հասցեին, ցուցմունք տվողը պատասխանել է՝ այնտեղ մեծ աղմուկ-աղաղակ էր, եւ մենք չէինք կարող լսել, թե ինչ է ասում: Իհարկե, վստահ ենք, որ դատարանում Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքը պաշտպանող կողմը ջանք չի խնայելու ամբաստանյալի մեղավորությունը որպես անառարկելի եւ ապացուցված ներկայացնելու համար, բայց թե այդ փաստարկները որքանով համոզիչ կլինեն հասարակության համար, մեղադրող կողմին երեւի հետաքրքիր էլ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել