Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Մայիս 13,2008 00:00

ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն է դիմել Լոռու մարզում գործող Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:Նա ներկայացնում է 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլը, ծավալված քաղաքական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների գլխավորությամբ: «Շարժումն իր զարգացման ընթացքում ներգրավեց տարբեր հայացքների, համոզմունքների, զբաղմունքի տեր մարդկանց, այդ թվում՝ պետական ծառայողների, որոնք բացահայտ կամ ոչ հրապարակային հանդես էին գալիս Հայաստանում ձեւավորված հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Ինչո՞ւ, որովհետեւ ռեժիմը խնդիր էր դրել վերարտադրել ինքն իրեն՝ այլ անձերի եւ դերակատարների միջոցով: Նման պայմաններում իշխանության լծակներին տիրապետող եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ կիրառվեցին վարչական եւ ուժային բոլոր ռեսուրսները՝ ռեժիմի վերարտադրման ծրագիրը խոչընդոտող քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ: Այդ գործելակերպի գագաթնակետը հանդիսացավ 2008թ. մարտի 1-ի առավոտյան խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի ապօրինի եւ հակամարդկային գործողությունների կիրառումը»,- գրում է Ա. Սաքունցը: Ըստ իրավապաշտպան գրասենյակի գնահատականի՝ կազմակերպվեց սադրանք, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տասը քաղաքացի: Վերջիններիս թվում կային քաղաքացիներ, որոնք ընդհանրապես չէին մասնակցել այդ օրը ծավալված բողոքի ցույցին»: Ա. Սաքունցն անդրադառնում է նաեւ ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւին, ըստ որի՝ Հայաստանի առջեւ դրվեցին որոշակի պահանջներ: «Չնայած արդեն անցել է մեկ ամիս ԵԽԽՎ բանաձեւն ընդունելուց հետո, սակայն մինչ այժմ շարունակվում են անազատության մեջ գտնվել քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքացիներ: Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող քաղբանտարկյալների գործի նախաքննությունը կա՛մ չի կատարվել, կա՛մ իրականացվում է ակնհայտ ճնշումներով, կեղծիքներով եւ շինծու ապացույցներով»,- հավելում է Ա. Սաքունցը: Վանաձորցի իրավապաշտպանն արձանագրում է, որ մինչ օրս թե՛ Երեւանում, թե՛ մարզերում «առանց որեւէ հիմքի արգելվում են հանրահավաքները եւ ցույցերը: Իրավիճակի այս ֆոնի վրա իշխանության արմատական ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, որ բոլորովին էլ պետք չէ ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի բոլոր կետերը»:Ա. Սաքունցի դիտարկմամբ, որեւէ ոստիկանի կամ իրավապահ մարմնի դեմ քրեական գործ չի հարուցվել, ընդ որում՝ նույն ոստիկանները տարբեր քրեական գործերով անցնում են սոսկ որպես վկաներ, որոնց ցուցմունքները հիմք են հանդիսանում քաղբանտարկյալների նկատմամբ քրեական մեղադրանքները ապացուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել