Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գործ են սարքում մարդկանց վրա»

Մայիս 13,2008 00:00

\"\"Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի խմբագիր Վասակ Դարբինյանն ու «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը: Թեման՝ ԵԽԽՎ-ի վերջին պահանջով ընդդիմության ու իշխանության մի սեղանի շուրջ նստել-բանակցելն էր: Վ. Դարբինյանի համոզմամբ, չարժե շրջանցել խնդրի բուն պատճառը եւ խոսել երկխոսության մասին. «Այսօր իշխանությունը ոչինչ չի անում… պարզապես իմիտացիա է անում՝ շարունակելով կալանավորված պահել մարդկանց, որոնց առաջադրվել են ամենաանհեթեթ մեղադրանքները»: Ա. Սահակյանն էլ, դառնալով ԵԽԽՎ փաստաթղթին, կարծիք հայտնեց, որ իշխանական եւ ընդդիմադիր որոշ ուժեր տարածում են փաստաթղթի միայն այն դրույթները, որոնք իրենց ձեռնտու են. «Իշխանությունը վերցնում է այն կետը, որում ասվում է, թե ընդդիմությունը պետք է ընդունի ՍԴ վճիռը, ընդդիմությունն էլ որպես նախապայման՝ հռչակում է երեք կետ. մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, քաղաքական դրդապատճառներով բանտարկվածների ազատում, եթե, իհարկե, կան այդպիսիք, իսկ երրորդ կետը վերաբերում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի մասին օրինագծի վերանայմանը: Չեմ ուզում պատասխանել իշխանության փոխարեն, բայց առաջարկում եմ այդ փաստաթուղթը նայել ընդհանրության մեջ, որի հիմնական գաղափարն է կառուցողական երկխոսությունը: Եթե փաստաթուղթը նայենք ամբողջության մեջ, այն վերաբերվում է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, սակայն ընդդիմությունը շահարկում է այն, որ պետք է քաղբանտարկյալներին ազատել: Իմ կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, փաստաթուղթն էլ այդ մասին ոչինչ չի ասում: Օրինակ, ինձ համար Գագիկ Ջհանգիրյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե ընթանում է անկախ հետաքննություն, ապա պետք է սպասել, կլինի բաց դատավարություն, կտեսնենք՝ այդ մարդն, արդյոք, մեղքի բաժին ունե՞ր»: Ա. Սահակյանն անդրադառնալով հանրահավաքներին, Վ. Դարբինյանին հարցրեց. «Ի՞նչ է նշանակում՝ պետությունը կամ բանակը անցնում է մեր կողմը: Որեւէ նորմալ երկրում, եթե նման բան լինի, անկախ նրանից՝ հայտարարություն անողը առաջին նախագահն է, երկրորդը, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, անմիջապես կձերբակալեն ու չեն թողնի, որ այդ հանրահավաքը շարունակվի»: «Ես, ցավոք, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժիկ Սարգսյանի իմաստուն ելույթներից մեջբերումներ չեմ անի… Եկեք առանձին արտահայտություններ մեջ բերելն ու այն, թե նորմալ երկրում ինչ են անում, դնենք մի կողմ, որովհետեւ դրանից երեսպաշտության հոտ է գալիս: Խնդիրը հետեւյալն է՝ կան սպանվածներ, չկան մարդասպանները… Ու՞ր են նրանք»,- նշեց «Հայքի» խմբագիրը: Այնուհետեւ հավելեց. «Մարդասպաններին խնամքով թաքցնում են: Ես իմ տեսածն եմ ասում»: «Ռադիոլուրի» տնօրենը Վ. Դարբինյանին ասաց, որ եթե տեղեկություններ ունի կրակողների վերաբերյալ, ինչո՞ւ չի դիմում հետաքննության մարմիններին: «Ու՞մ դիմեմ, մտավոր հետամնաց են այդ հետաքննիչները»,- պատասխանեց Վ. Դարբինյանը: Ի պատասխան՝ Ա. Սահակյանը նրան մեղադրեց հանցագործների մասին տեղեկություններ իմանալ- չհայտնելու մեջ. «Նշանակում է՝ դուք շահագրգռված չեք, որ գործը բացահայտվի»: Վ. Դարբինյանն էլ Ա. Սահակյանին ասաց. «Ինձ հետ Աղվան Հովսեփյանի լեզվով չխոսեք»: «Հայքի» խմբագրի խոսքերով, քանի դեռ պատժված չեն մարդասպանները, չարժե իմիտացիա անել, թե շահագրգիռ ենք պետականության ամրապնդմամբ. «Այդ բարձրաոճ արտահայտությունները, գալուստսահակյանական ձեւակերպումները, երեսպաշտական արթուրբաղդասարյանական ճառերը ոչինչ չեն տալիս, փոխարենը բորբոքում են մարդկանց կասկածամտությունն ու ատելությունն իրենց հանդեպ»: «Ռադիոլուրի» տնօրենը Վ. Դարբինյանին ասաց, թե ընդդիմությունը երկփեղկում է հասարակությունը. «Ասում եք, ով մեզ հետ չէ՝ տականք է, ով մեզ հետ է՝ ժողովուրդ է: Ես այդ գործելաոճը չեմ ընդունում»: Վ. Դարբինյանն էլ շարունակեց. «Յուրաքանչյուրը տականք լինելու կոչումը վաստակում է սեփական գործողություններով՝ ահաբեկելով, ընդդիմախոսին աշխատանքից ազատելով, կաշառք բաժանելով, որ կեղծեն իրենց օգտին՝ լցոնումներ անեն…»: Ա. Սահակյանն էլ նկատեց. «Մամուլը գրում էր, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ընտրակեղծարար, կեղծելու տեխնոլոգիաներին տիրապետող մարդ էր ու հենց կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ դարձավ հերոս: Առաջին նախագահը ստանձնել է Աստծո ֆունկցիաներ եւ ովքեր կանգնում են իր կողքին, քավարանով անցկացնում-դարձնում է սուրբ: Խոսում եք կեղծարարության մասին, բայց դրանց որմնադիրները եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը»: Վ. Դարբինյանը Ա. Աահակյանին խորհուրդ տվեց. «Պետք չէ մեջտեղ բերել կարոտախտը, հիմա խոսում ենք ներկայի մասին»: «Ռադիոլուրի» տնօրենն էլ նշեց. «Պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչ է ուզում այդ մարդը»: Ի պատասխան՝ Վ. Դարբինյանն ասաց. «Այդ մարդն ուզում է նորմալ պետություն ունենաս, որ վիզդ ծուռ չապրես»: Նա նաեւ փաստեց. «Գործ են սարքում» մարդկանց վրա. «Օրինակ, Արամ Կարապետյանը հարցեր է ուղղել ԱԺ նախագահին, դատախազին ու հիմա նրա մեղադրանքի հիմքում այդ հարցերն են: Հարց տալու համար կուսակցության առաջնորդին կալանավորո՞ւմ են: Կամ Մյասնիկ Մալխասյանին ինչո՞ւ են ձերբակալել… ի՞նչ է, նա էլ մետաղե ձողով ուզում էր իշխանությո՞ւն յուրացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել