Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»

Մայիս 13,2008 00:00

\"\"Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում

Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության եւ քաղաքական դրդապատճառների հարցն էր:

Նման քննարկումները լինելու են պարբերական եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է նախաձեռնող խմբի անդամ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը՝ «Այս ամիսների ընթացքում բազմաթիվ նախադեպեր ունենք, որ կուսակցությունների կալանավորված ղեկավարների, անդամների ու համակիրների վերաբերյալ գործերով նախաքննության եւ դատաքննության ընթացքում փաստաբանները տարբեր միջնորդություններ են ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ եւ մերժվել են: Մինչդեռ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 5 եւ 9 հոդվածներում հստակ ասվում է մինչեւ դատաքննությունը ազատ արձակելու իրավունքի մասին: Ինչպես նաեւ՝ որ դատաքննության սպասող անձին կալանքի տակ պահելը չպիտի լինի ընդհանուր կանոն»: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով՝ սուտ մատնություն անելու համար: Սուտ մատնություն ասելով՝ քննչական մարմինները նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը: Իսկ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի տխրահռչակ դեպքերի կապին: Չմտնելով նախաքննության մանրամասների մեջ, Արամ Կարապետյանի մեղադրանքը փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը համարում է «ֆանտաստիկ» եւ առայժմ չի պատկերացնում, թե մեղադրող կողմն ինչպես է այն դատարանում ապացուցելու: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը հարկ է համարում հիշեցնել, որ, այսպես կոչված, Մեղրիի տարբերակը մեր իրականությունում բուռն շրջանառվում է դեռ 2000 թվականից, երբ «Առավոտ» օրաթերթը «Շպիգել» ամսագրից արտատպեց այդ հարցին վերաբերող մի լուր: Ելնելով այն իրողությունից, որ «Մեղրիի հարցը» եւ դրա շուրջ պտտվող խոսակցությունները ամենաքիչը ութ տարիների պատմություն ունեն եւ ինչ-որ իմաստով մեր կյանքի մի մասն են կազմում, Ստեփան Դանիելյանը գտնում է, որ միայն քաղաքական դրդապատճառներով կարելի էր արդեն չարչրկված այդ հարցերը հնչեցնելու համար մարդուն ձերբակալել: Ընդհանրապես, ընդդիմադիրների համատարած ձերբակալությունները նրա համոզմամբ բացարձակ քաղաքական ենթատեքստ ունեն, նախ այն պատճառով, որ առաջադրված բոլոր քրեական մեղադրանքները նույն հոդվածներով են եւ անհեթեթություններ են: Դրանք աբսուրդի են վերածվում, քանի որ չունեն հասարակական լեգիտիմություն: Այսինքն, հասարակությունը չի հավատում այդ մեղադրանքներին. «Բոլորդ գիտեք, թե ինչպես են անցնում դատավարությունները. կեղծ վկաների են բերում, վկաները հրաժարվում են ցուցմունք տալ եւ դատարանում հայտարարում են, որ իրենց ստիպել են եւ իրականում որեւէ քրեական գործ չի բացվում այն մարդկանց նկատմամբ՝ ում մեղադրականներից ելնելով՝ «վկաներին» ստիպել են ցուցմունք տալ: Մի անհեթեթ իրավիճակ է եւ այս պարագայում անիմաստ է քննարկել, թե որ մեղադրանքն ի՞նչ է: Այսինքն, իշխանությունն ինչ ուզի՝ կանի. կուզի՝ կմեղադրի, կուզի՝ կդատի: Այստեղ արդեն տրամաբանությունը վերջանում է»: Հանգուցալուծումը բանախոսը տեսնում է քաղաքական որոշումների եւ քաղաքական լուծումների մեջ, քանի որ «օրենքը մեզ մոտ չի գործում որեւէ մակարդակում, հետեւաբար անիմաստ է օրենքի դաշտում քայլեր ձեռնարկելը»: Ստեփան Դանիելյանը նաեւ տարակուսում է, թե ինչո՞ւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սուտ մատնության մեղադրանք չեն ներկայացնում, ինչպես Արամ Կարապետյանին: Զուգահեռներ անցկացնելով՝ նա հիշեցնում է հանրահայտ դեպքերը, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ. «Դատախազությունն այս հաղորդագրությունը հիմք չի ընդունում, Արթուր Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցում, մինչդեռ նա մեղադրվել է պետական դավաճանության մեջ: Անցնում է ժամանակ, եւ Արթուր Բաղդասարյանը նշանակվում է Անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ դեպքում, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին պիտի ձերբակալեին՝ սուտ մատնության համար»: Նրա համոզմամբ, սա մեր իրականության երկու դեմքն է ցույց տալիս. «Երբ պետք է՝ օրենքը կաշխատեցնեն, այն էլ՝ պատժելու համար: Պատժողն էլ նա է՝ ում մոտ գտնվում են օրենք աշխատեցնելու լծակները: Մեզ մոտ օրենքը ոչ թե պաշտպանիչ, այլ պատժիչ ֆունկցիա է կատարում»:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նույնպես դատապարտում է նախագահական ընտրություններից հետո, որպես այդ ընտրությունների կեղծելու հետեւանք, Հայաստանում սկիզբ առած քաղաքական դրդապատճառներով զանգվածային ձերբակալությունները. «Արամ Կարապետյանի ձերբակալության քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են: Իշխանությունների համար մարտի 1-ի ողբերգությունը հարմար եւ սեփական մտահղացմամբ կյանքի կոչված առիթ էր՝ նաեւ հիմնավորելու նախորդ օրերին տեղի ունեցած քաղաքական ձերբակալությունները՝ Արամ Կարապետյանի, Սմբատ Այվազյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Պետրոս Մակեյանի եւ մյուսների: Չնայած իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ սահմանված լիակատար վերահսկողությանը, որն արդեն գերազանցել է բրեժնեւյան շրջանի ամբողջատիրական գրաքննությունը, ազգաբնակչության համար պարզ է, որ այդ ձերբակալությունները կրում են զուտ քաղաքական բնույթ: Եվ որպեսզի միջազգային հանրությունից իշխանությունը թաքցնի ազգաբնակչության մեջ ձեւավորված հստակ կարծիքը, արգելափակեցին հանրահավաքները, երթեր անցկացնելու հնարավորությունը՝ ընդունելով օրենքի հայտնի փոփոխությունները, ինչպես նաեւ հետեւողականորեն մերժելով հանրահավաք անցկացնելու ընդդիմադիրների բոլոր հայտերը: Այդ զանգվածային ձերբակալությունները համեմատելի են 30-ականներին իրականացվող հետապնդումների եւ ձերբակալությունների հետ»: Այս ձերբակալությունների համատեքստում բանախոսն առանձնահատուկ է բնութագրում ՆԺԿ ղեկավարի ձերբակալությունը: Քանի որ Արամ Կարապետյանը քաղաքական գործիչ է, քաղաքական կուսակցության առաջնորդ եւ քաղաքագետ, Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ նա կրկնակի իրավասու էր իշխանություններին հարցադրումներով դիմելու: Ի դեպ, պարոն Հովհաննիսյանը նաեւ փաստում է, որ Ա. Կարապետյանի հնչեցրած հարցերում արծարծվող աշխարհաքաղաքական այդ խնդիրը, որը ժամանակին իր հնչեղությունն ունեցել է եւ հայտնի էր «Գոբլի ծրագիր» անվամբ, շրջանառության մեջ էր դեռ 1999 թվականից. «Դեռ այն ժամանակ մենք այդ ծրագրի իրականացման համար լուրջ ահազանգեր ենք ստացել: Օրինակ՝ ես քաջատեղյակ էի այդ ծրագրի մասին մինչեւ 1999 թվականի ոճրագործությունը: Այդ վտանգի մասին ես իմացել եմ հենց Կարեն Դեմիրճյանից: Նա չափազանց մտահոգված էր այդ հարցով եւ կիսվել էր իր մերձավոր զինակիցների, ինչպես նաեւ իր եղբոր՝ ակադեմիկոս Կամո Դեմիրճյանի հետ: «27»-ից հետո նույնիսկ Մեղրին Լաչինով փոխանակելու չափազանց վտանգավոր եւ Արամ Կարապետյանի միանգամայն իրավացի բնութագրմամբ՝ պանթուրքիստական նպատակներին համահունչ ծրագիրը մնացել էր օրակարգում: Դրա ապացույցն է նաեւ այն, որ հոկտեմբերի 27-ից ամիսներ անց՝ հունվարի վերջին, գործարար Սեդրակ Սեդրակյանը ինձ պատմել է, որ մի շարք գործարարների հետ միասին ինքը հրավիրված է եղել Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ իրենց հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանն արտահայտվել է Մեղրիի փոխանակման եւ այդ տարբերակով Լաչինի միջոցով Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատման ու ղարաբաղյան հիմնահարցի լուծման ծրագրի շուրջ: Ռոբերտ Քոչարյանը գործարարներին ներկայացրել է, իբր ծրագիրը միանգամայն հիմնավորված է եւ Հայաստանին ու Ղարաբաղին կարող է նաեւ տնտեսական լուրջ դիվիդենդներ բերել»:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ինչպես 2000 թվականին՝ պատասխանելով քաղաքական գործիչների հարցադրումներին, այնպես էլ վերջին ամիսների իր հեռուստաելույթներում, մամուլի ասուլիսներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատեց, որ բանակցային գործընթացում նման տարբերակի քննարկումներ եղել են, բայց, ի վերջո, այդ տարբերակը մերժվել է: Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ 2000 թվականին ինքը այդ հարցը չի բարձրաձայնել մի նկատառումով՝ Հայաստանի քաղաքացիական ինստիտուտները բավականին փխրուն էին եւ զինվորականության կողմից քաղաքացիական իշխանության տապալման վտանգ կար: Նա հույս է ունեցել, որ «Հոկտեմբերի 27-ի» բացահայտմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կհաղթահարի ճգնաժամը, կամրապնդի իշխանությունը եւ կնպաստի մեր երկրում քաղաքացիական եւ բաց հասարակության կայացմանը, մինչդեռ Քոչարյանի հետագա քայլերը ի դերեւ են հանել Հմայակ Հովհաննիսյանի հույսերը, երբ գործի են դրվել ընտրությունների զանգվածային կեղծման մեխանիզմները, որոնք, բանախոսի համոզմամբ, էապես տարբեր էին մինչ այդ եղածներից: Խոսքը «օլիգարխիայի եւ իր կաշառքների» մասին է, ինչը Հ. Հովհաննիսյանը համարում է ընտրակաշառքների ամենազազրելի մեթոդը, որը գործնականում անհնար է վերահսկել եւ կանխել: «Դրա հետեւանքով խորհրդարանը վերածվեց լիակատար ախոռի, իսկ Արամ Կարապետյանի նման պայծառամիտ քաղաքագետները ձերբակալվում են ընդամենը հարցեր տալու համար»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը: Եվ վկայակոչելով Վոլտերին, պարոն Հովհաննիսյանը դիմում է հատկապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով առաջիններից մեկը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ անգամ պաշտոնական հայտարարությանը չսպասելով. «Ես կարող է համաձայն չլինեմ որեւէ մեկի հետ, բայց կյանքս կտամ, որ այդ մեկը հնարավորություն ունենա ազատ արտահայտելու իր միտքը: Հայաստանում, որը համարվում է ԵԽ անդամ, ձերբակալվում է քաղաքագետը՝ միայն նրա համար, որ համարձակվել է բարձրաստիճան պաշտոնյաներին հարցեր ուղղել կարեւորագույն աշխարհաքաղաքական խնդիրներից մեկի վերաբերյալ: Խնդիր, որը մինչ այդ մշտապես քննարկվել է՝ տարբեր անվանումներ տալով դրան: Խնդիր, որին իր հրապարակային ելույթներում անդրադարձել է գործող արտգործնախարարը: Բայց մարդը ձերբակալվել է եւ արդեն մի քանի ամիս պահում են բանտում: ԵԽ անդամ հանդիսացող որեւէ երկրում այսպիսի զարհուրելի փաստ չեք գտնի: Ինչո՞ւ է Սարկոզին հարգում Վոլտերի գաղափարական ժառանգությունը՝ Ֆրանսիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության իր մոտեցումներում, իսկ Հայաստանի պարագայում արհամարհում է այդ նույն ժառանգությունը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների նկատմամբ իր մոտեցումներում»: Ընդհանրապես, Հմայակ Հովհաննիսյանը տարակուսում է. «1999-2001 թվականներին ես ԵԽԽՎ-ում ներկայացնում էի խորհրդարանական մեծամասնությունը՝ «Միասնություն» դաշինքը, եւ նախապատրաստում էի Հայաստանի մուտքը ԵԽ, անձամբ աշխատել եմ այդ պարտավորությունների ճշգրտման վրա եւ բանակցել այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Ռասել Ջոնսթոնի, Թալլերի հետ, մասնակցել եմ ԵԽԽՎ-ում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը, բայց այսօր իմ վրդովմունքն եմ հայտարարում ԵԽ-ին: Ես այսօր, իսկապես, գտնում եմ, որ խնդիր ունեմ նաեւ իմ խղճի հետ: Գուցե՞ սխալ էի, որ նպաստել եմ, որ իմ երկիրն անդամակցի ԵԽԽՎ-ին, եթե այսօր ԵԽ-ն պետք է անտեսի այս ակնհայտ բաները: Պահանջ ներկայացրել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու, բայց տեր չի կանգնում իր պահանջին, մեկ ամսից ավելի է անցել: Ես իսկապես հիասթափված եմ, որովհետեւ ես էլ եմ պատասխանատվություն կրում ժողովրդի առջեւ՝ իբրեւ այդ գործին աջակցած խորհրդարանական մեծամասնության անդամ: Եթե մտնելով ԵԽ՝ մենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջընթացներ չենք ունեցել, գուցե ճիշտ չենք արել, որ այդ ճանապարհն ենք ընտրել»:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ այս ամենին հավելում է, որ Մեղրիի շուրջ անգամ որոշակի նախապատրաստություններ եղել են 2000 թվականին: Այն ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից: Մասնավորաբար, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացու դիմաց առաջարկվել է 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ բնակարանի դիմաց՝ 10 հազար դոլար: Որոշակի հաշվարկներով այդ գումարն ընդհանուր առմամբ կազմում էր 500 միլիոն դոլար: Գ. Հարությունյանը նույնպես փաստում է, որ Արամ Կարապետյանի բարձրացրած հարցերի պատասխաններն այսօր հուզում են բնակչության առնվազն 90 տոկոսին եւ միանշանակ պնդում է, որ Ա. Կարապետյանի նկատմամբ մոտեցումը քաղաքական է:

«Քննարկման ընթացքում հնչած ելույթները եւ մոտեցումները եւս մեկ անգամ փաստում են, որ իշխանությունների բոլոր փորձերը Արամ Կարապետյանին մեղադրանք ներկայացնել Քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սուտ մատնություն, որեւէ հիմքից զուրկ են։ Հարցին քաջածանոթ մասնակիցների բերած փաստարկները դրա վառ ապացույցն են։ Ասվածս էլ ավելի է հիմնավորվում այն իրողությամբ, որ այսօր Հայաստանում հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ միացել են Արամ Կարապետյանին եւ նույնաբովանդակ հարցադրումներով դիմում են գլխավոր դատախազությանը։ Գլխավոր դատախազությունն ի վիճակի՞ է բոլորի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Կուսակցությունում համոզված են, որ Արամ Կարապետյանը ձերբակալված է եւ պատիժ է կրում իր քաղաքական հայացքների համար»,- ասում է ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել