Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն արհամարհեց ԶԼՄ-ների մասին օրենքը

Մայիս 13,2008 00:00

Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրգործի աղմուկ հանած դատավարությունը: Այս անգամ մի նոր ներկայացում էր նախապատրաստվել դատարանում. մուտքի մոտ ազատամարտիկներին «բալետ» անող ժողովրդին «կարգի հրավիրելու» նպատակով երեք շարք ոստիկաններ էին կանգնեցրել: Ընդ որում, շիրակցի ոստիկաններին օգնության էին եկել մայրաքաղաքի ու Վանաձորի գործընկերները: Ինչպես սպասվում էր, այս անգամ դատարանի մուտքը անձնագրերով էր, նույնիսկ խուզարկում էին պայուսակները: Այս ամենին ժողովուրդն արձագանքում էր անեծքներով. «Ստուգում եք, թե ովքե՞ր են հարազատները, սաղ ժողովուրդը հարազատ է, դուք եք թշնամի, գրողի ծոցն անցնեք, սերժական ստրուկներ»: Զավեշտալին այն էր, որ «մանրակրկիտ» խուզարկման արդյունքում ներս չէին թողել փաստաբաններին: Միայն դատավոր Վահե Խալաթյանի՝ փաստաբաններին ներս հրավիրելու պահանջից հետո ոստիկանները հասկացան, որ սխալվել են: Դահլիճը կարծես թե հանդարտվել էր ու պատրաստվում էր դատավարությունը լսել, երբ դատավորը հիշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կարելի է դուրս հրավիրել: Նա օպերատորներին հրահանգեց 10 րոպե նկարահանելուց հետո տեսախցիկները հավաքել: Սակայն այստեղ ոտքի կանգնեց «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը՝ դատավորից բացատրություն պահանջելով: «Դուք խուզարկեցիք մեզ, մենք հնազանդվեցինք՝ չխոչընդոտելով ձեր աշխատանքը, ո՞ր իրավունքով եք դուք խոչընդոտում օպերատորների աշխատանքը»,- հարցրեց Շամշյանը: Դահլիճում «բունտ» սկսվեց: Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հայտարարեց, որ առանց նկարահանման հրաժարվում է դատական պրոցեսին մասնակցելուց: Ժողովուրդը «ամոթ, ամոթ» վանկարկելով դահլիճից դուրս եկավ: Փաստաբան Հովիկ Արսենյանն այս ամենը որակեց այսպես. «Անօրինականությամբ օրինականություն երբեք չես հաստատի, եւ եթե պետաիշխանական լիազորություններն օգտագործելով՝ ոստիկանական ամբողջ համակարգը չորս շարքով բերել-հասցրել են այստեղ կամ կարգադրիչներին բոլոր մարզերից բերել–լցրել են այստեղ, ի՞նչ են ուզում դրանով ասել: Սա մարտահրավեր է հասարակությանը: Հետո էլ ասում են՝ անհանդուժողականությո՜ւն եւ այլն, խնդրեմ՝ անհանդուրժողականությունը: Ո՞ւմ կողմից է՝ պետաիշխանական լիազորությունները զավթած իշխանությունների կողմից: Չի կարելի այսպես, անջրպետը հաղթահարելու փոխարեն լարված են պահում հասարակությանը: Ի՞նչ իրավունք ունեն այսպես վարվելու մարդկանց հետ, Հայաստանի Հանրապետություն է հռչակված, բայց ուզում են, որ հպատակներ լինեն այս պետությունում, ոչ թե քաղաքացի: Վաղը-մյուս օրը մեզ էլ կարող է վերցնեն առանց հիմքերի, կա՞ր որեւէ առիթ, հիմք, որ էս մարդկանց ձերբակալել են, հիմա էլ դատավարություն է գնում: Գոյություն չունի որեւէ հիմք, հաց թխելը՝ գիտեմ, գործ թխելը՝ չգիտեմ: Մեր իրավապահ համակարգին փոխանակ սովորեցնեն, թե ինչպես հանցագործությունների դեմ պայքարեն, մասնագետներ պատրաստեն հանցագործությունները բացահայտելու, սովորեցնում են, թե ինչպես գործեր սարքեն: Չի՛ կարելի այսպես, ոչ մեկս չի ուզում անպաշտպան լինել այս պետությունում: Մենք չենք ցանկանում հպատակ լինել, հպատակ լինում են թագավորական երկրներում, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Չի՛ կարելի, դատարանը հայտարարում է՝ ժուռնալիստները մնան, նկարահանողները դուրս գան, հարգելիս, բարի եղիր ԶԼՄ-ների մասին օրենքն իմացիր, ամո՛թ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել