Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» հերթական «անակնկալը»

Մայիս 13,2008 00:00

Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ

Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների վրա կռիվ են գալիս:

Օրերս ընկերությունն իր բաժանորդներին հերթական «անակնկալն» է մատուցել: «ԱրմենՏելի» համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով հազարավոր բաժանորդներ ապրիլ ամսին ստիպված կլինեն միանգամից մի քանի ամսվա հեռախոսային խոսակցությունների վարձ վճարել, ընդ որում, կատարված յուրաքանչյուր զանգը համակարգչում ֆիքսվել է եռակի ու քառակի: Այս սխալի հետեւանքով, անտեղյակ բաժանորդները հարկադրված են կատարած ընդամենը մեկ զանգի փոխարեն վճարել իրական արժեքից մի քանի անգամ ավելի: Հարյուրավոր բաժանորդներ դիմելով «ԱրմենՏելին»՝ ստացել են կատարած զանգերի վերծանման թերթիկները ու պարզել, որ միեւնույն վայրկյանին իրենց հեռախոսից նույն համարին միաժամանակ 5 կամ 10 զանգ է կատարվել:

Երեկ ընկերության սպասարկման կետերում հավաքված բողոքավոր բաժանորդների պնդմամբ, այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին օպերատորներն իրենցից բավականին քիչ հեռախոսների վարձեր են պահանջել: Երբ շատ բաժանորդներ կասկած են հայտնել, թե իրենք ավելի շատ են խոսել, քան ընկերությունը պահանջում է, «ԱրմենՏելի» օպերատորները որեւէ պարզաբանում չեն տվել՝ ասելով. «Կոմպյուտերն ինչ ցույց է տալիս, այն էլ ասում ենք»:

Երեկ շատ բաժանորդներ սպառնում էին ընկերությանը դատի տալ, քանի որ նրա մեղքով իրենք հսկայական պարտքեր են կուտակել: Բաժանորդներից մեկի պատմելով, այս ամիս ընկերությունն իրեն 200 հազար դրամի պարտք է ներկայացրել, մինչդեռ բաժանորդի հաշվարկներով իր հեռախոսավարձը 30 հազար դրամից չպետք է անցներ: Չնայած բաժանորդների հաշվին գրանցված պարտքերը առաջացել են «ԱրմենՏելի» մեղքով, երեկ շատ քաղաքացիների հեռախոսներ պարտքի պատճառով արդեն անջատվել էին:

Բողոքների առնչությամբ, «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ բաժանորդների հաշվին ավելի գրված գումարները քաղաքացիներին կփոխհատուցվեն մայիս ամսին: Ընկերությունից էլ հաստատեցին, որ նման խառնաշփոթ առաջացել է համակարգչային ծրագրի սխալի պատճառով: Մեր հարցին, թե ընկերությունը բաժանորդներին ժամկետներ կտրամադրի՞ պարտքը մաս առ մաս մարելու, «ԱրմենՏելից» հայտնեցին. «Ամեն բաժանորդի վերաբերյալ անհատական մոտեցում է լինելու: Մենք բաժանորդներին ժամկետ կտանք, որի ընթացքում նրանք կարող են մաս-մաս վճարել: Դրա համար բաժանորդները պետք է գնան «ԱրմենՏելի» սպասարկման կենտրոններ եւ կնքեն պայմանագրեր»:

Ինչ վերաբերում է պարտքի պատճառով քաղաքացիների հեռախոսներն անջատելուն, ապա սպասարկման կետերում բաժանորդներին բացատրել են, որ դա միտումնավոր չի արվել: Անջատումներն արվում են ավտոմատ կերպով, այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսին պարտք է կուտակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել