Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ

Մայիս 13,2008 00:00

\"\"Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում:

2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ թերություններ կան օրենսդրական դաշտի եւ մի շարք այլ խնդիրներում. «Մի շարք այլ խնդիրների հետ կապված ավելի բաց եւ ավելի թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու դեպքում Վերահսկիչ պալատը կարող է տալ կոնկրետ եզրակացություններ, մասնավորապես, խոսքը վերաբերում է գնումների ոլորտին: Այսպես, 2007 թվականին բյուջեով նախատեսված էր 193 միլիարդ դրամ, եւ քանի որ սա մանրամասն ներկայացված չէր, մենք չկարողացանք առավել ամբողջական եզրակացություն ներկայացնել, չնայած՝ այս հարցում մենք մեր տեսակետն ունենք, եւ երբ Վերահսկիչ պալատը ճյուղ առ ճյուղ կներկայացնի իր սեփական ուսումնասիրությունների արդյունքը, մենք գնումների գործակալության հետ կապված ասելիք կունենանք: Արդեն իսկ շատ պարզ տեսնում ենք շուկայի իրական գների եւ փաստացի կատարողականների միջեւ առկա բավականին զգալի տարբերությունները, որը մտահոգիչ է»:

«Առավոտի» համար պարոն Զաքարյանը առանձնացրեց մի քանի այլ դիտարկումներ եւս: Այսպես՝ պետական բյուջեի ծախսերի գերատեսչական դասակարգման ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բյուջետային տարվա վերջում մոտ 36 միլիարդ դրամ փաստացի դրամարկղային ծախսեր են կատարվել, որի 26 միլիարդը հայտնի ճապոնական վարկն է, իսկ մնացած 10 միլիարդը գերատեսչական ծախսեր են, որը տրվում է կանխավճարով, բայց սրանց կատարողականները դեռ ներկայացված չեն. «Մենք գտնում ենք, որ գանձապետական համակարգը պետք է աշխատի միասնական դրամարկղային քաղաքականության սկզբունքով եւ որպես թերություն նշել ենք այն, որ օտարերկրյա պետությունների կամ կառույցների կողմից տրված վարկային գումարները ուղղակի դրված են գործառնական բանկերում: Նաեւ սա է պատճառը, որ չի իրականացվում միասնական դրամարկղային քաղաքականություն:

2007 թվականի պետական բյուջեի մասին օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետում նշված է, որ այն, ինչ հաստատում է Ազգային ժողովը, կառավարությունը հետո կարող է առանց սահմանափակումների դրանք փոփոխությունների ենթարկել: Սա եւս, կարծում եմ, խնդիրներ է առաջացնում: Մեր կողմից նշված հաջորդ խնդիրը հետեւյալն է՝ հաշվետվության մեջ տնտեսված գումարների մասին խոսելիս ներկայացվեց, որ դրանք դրամի արժեւորման հետ են կապված, բայց մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դա դրամի արժեւորման հետ չի կարող կապվել, որովհետեւ 2007 թվականին ԿԲ-ի եւ ֆինանսների նախարարության միջեւ կնքված պայմանագրում ուղղակի նշված է, որ դրամաշնորհները, արտաքին պարտքի մարումը, ստացումը, տոկոսավճարները եւ այլն, այս բոլոր մուտքերն ու ելքերը փոխարկվում են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում նախատեսված փոխարժեքով, իսկ օրենքում նախատեսված փոխարժեքը 357 դրամն է»:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ 2007-ի բյուջեում եղած շուրջ 52 ծրագիր ԱԺ չի մտել: Վերահսկիչ պալատը պարզել է, որ 20 ծրագրերի փաստացի կատարողականները թերակատարվել են, որպես օրինակ նշեց 4 արտաբյուջետային ծրագրեր, որոնց համար նախատեսված է եղել 351 միլիոն դրամ, բայց 292 միլիոն դրամով թերակատարվել է, մյուս ինը՝ վարկային-դրամաշնորհային ծրագրեր են՝ 5 միլիարդ 635 միլիոն արժեքով, սրանք թերակատարվել են 3 միլիարդ 715 միլիոն դրամով: 7 բյուջետային ծրագրերից՝ 175 միլիոն դրամի փոխարեն, կատարվել է ընդամենը 77 միլիոն դրամի համարժեք աշխատանք:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, ինքը՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահ, ունի՞ որեւէ լիազորություն՝ այս չկատարումների հետ կապված պարզաբանումներ պահանջել համապատասխան մարմիններից, պարոն Զաքարյանը ասաց, որ այս ամենը ուղղակի հետագա աշխատանքները շտկելու միտում ունի. «Մենք կուսումնասիրենք առանձին գերատեսչությունների, մարզպետարանների, նախարարությունների կամ ՏԻՄ այլ օղակների աշխատանքներ, տարբեր վարկային ծրագրեր եւ կոնկրետ դեպքերի հետ կապված եթե կնկատենք լրջագույն շեղումներ, անպայման անհրաժեշտ հետեւություններ կանենք, իսկ վերը նշված թերությունների մասով ես կոնկրետ առաջարկեցի կառավարությանը, որ նրանք այս ամենը հաշվի առնեն, այդ դեպքում հաշվետվությունը կլինի ավելի բաց եւ թափանցիկ»:

Պարոն Զաքարյանն ասաց, որ իրենց ուսումնասիրություններն արդեն բավականին կոնկրետ բացահայտումներ են արել, օրինակ՝ այս պահին Վերահսկիչ պալատը սկսել է ընդերքի հետ կապված հարցերի ուսումնասիրությունը եւ արդեն իսկ բացահայտել է դեպքեր, երբ խախտված է ՀՀ սահմանադրությունը. «Հանդիպում են դեպքեր, երբ ուղղակի բացակայում է օրենսդրական դաշտը, օրինակ՝ ջրերի օգտագործման խնդիրը: Եվ սովորական, եւ հանքային ջրերի մասով օրենք չունենք, այս հարցերը օրենքով չեն կարգավորվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել