Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 13,2008 00:00

Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական դատական նիստի ընթացքում «ներկայացվել են սույն գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով կապացուցվի, թե դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Որպես ազատման հիմք է ներկայացված դիվանագետների հայտարարությունը, որտեղ ոչ մի բառ կամ խոսք չեք գտնի ինչ-որ կուսակցության հարելու, համակրելու կամ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու մասին: Ավելին, դիվանագետներին ազատել են զբաղեցրած պաշտոններից անգամ չցանկանալով գրավոր բացատրություն պահանջել, որով եւս մեկ անգամ ապացուցվում է, թե չկային վերջիններիս կողմից կատարված այն խախտումները, որ պահանջեին ներկայացնել գրավոր բացատրություն»:

ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ցավալի է, որ չնայած բոլոր կողմերին ուղղված մեր կոչին՝ ձեռնպահ մնալու այն ժամանակվա դիմակայության ուժային հանգուցալուծումից, բռնությունը տեղի ունեցավ։ Դրան հաջորդեցին այնպիսի զարգացումներ, որ մենք՝ որպես դիվանագետներ, չէինք կարող չկանխատեսել՝ գրանցվեց Հայաստանի միջազգային հեղինակության անկում, որը շարունակում է ազդել մեր հնարավորությունների, ի մասնավորի՝ ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերի վրա»: Ըստ նրա, թեեւ հաստատվեցին իրենց կանխատեսումները՝ «ավելի քան զարմանալի է, որ ԱԳՆ-ն շարունակում է պնդել, թե մենք սխալ էինք: Այն պայմաններում, երբ կիրառված բռնությունների հետեւանքով այսօր մեր արտաքին քաղաքականությունը բախվել է նորանոր խնդիրների՝ մեր հարազատ գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են որոնել ինչ-ինչ նոր ռեսուրսներ՝ մեզ դուրս թողնելու ԱԳՆ-ից։ Փոխանակ նշվեր, որ իսկապես զարգացումների այդ ընթացքը կամ, ինչպես նշեց ԱԳ նախկին նախարարը՝ նահանջը ժողովրդավարությունից խիստ բացասական երեւույթ է, ԱԳՆ-ն շարունակում է իր պայքարն այդ ամենի մասին նախօրոք բարձրաձայնած իր աշխատակիցների դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել