Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, որը գովազդային ակցիա էր. «Ինչ-որ ռուսական բանկ էր ռեկլամ արվում»: Այս մասին մեզ տեղեկացրեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, որը ցերեկը տեսնելով հրապարակում ընթացող նախապատրաստական աշխատանքները՝ զրուցել էր դրանք իրականացնող ռուսախոս երիտասարդների հետ. «Հարցրի՝ իսկ ո՞վ է կազմակերպել համերգը, պատասխանեցին՝ մենք: Ասացի՝ լավ, ու որոշեցի ակցիա կազմակերպել»: Բողոքի ցույցի նպատակը նա այսպես բացատրեց. «Մենք բազմիցս հայտեր ենք ներկայացրել Ազատության հրապարակում հավաքներ կազմակերպելու համար, ու մեզ միշտ արգելել են: Բայց ահա ինչ-որ կոմերցիոն ակցիա է կազմակերպվում, ու դա թույլատրվում է: Սակայն ինչպես պարզվեց, մեզ այդ համերգին էլ արգելեցին ներկա գտնվել»:
Գայանե Մարտիրոսյանը մի քանի պաստառներ էր պատրաստել՝ «Մեր տունը Ազատության հրապարակն է», «Տանտերերից թաքնվողը լեգիտիմ չէ» եւ «Հայ տանը՝ հայերեն»: Մի քանի հոգու տեղյակ էր պահել, եւ երեկոյան եկել էին Ազատության հրապարակ: Նրանց են միացել նաեւ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքների որոշ մասնակիցներ, նաեւ՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները, որոնց մուտքն Ազատության հրապարակ նույնպես արդեն ավելի քան երկու ամիս է՝ փակ է:
«Համերգի սկզբից հետո պաստառները բացեցինք ու կանգնեցինք հրապարակի մեջտեղում,- պատմեց Գայանե Մարտիրոսյանը:- Պաստառները բացելուն պես՝ մեզ վրա հարձակվեցին ոստիկանները, որոնց ղեկավարում էին պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ այլք: Կապով արագ իրար տեղեկացրին ու հարձակվեցին մեզ վրա: Խլեցին պաստառները, ճղրտեցին, պատառոտեցին ու ցուցարարներին հրելով դուրս հանեցին: Միայն ինձ ձեռք չտվեցին: Ես մնացի մենակ կանգնած: Ասում եմ՝ լավ, սա աննորմալությո՞ւն չի: Ամբողջ աշխարհում ռոք համերգներին ընդունված է պաստառներով մասնակցելը՝ ինչո՞ւ եք պատռում: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ինձ պատասխանում է՝ սենց է պետք, ձեզ չի հասնում ստեղ կանգնել: Ասում եմ՝ դո՞ւք եք որոշում, հեռացեք ու ձեր ներկայությունից ազատեք մեզ: Սկսեց գոռալ՝ հիմա էս պլակատները բերանդ կմտցնեմ: Ասացի՝ ես քո անունը գիտեմ, եղավ, շնորհակալություն, հեռացիր: Ինքը թե՝ դու հեռացի: Ես ասում եմ՝ դու մի որոշի, թե մենք որտեղ ենք կանգնելու: Ի՞նչ է ստացվում՝ Ազատության հրապարակը «չի հասնում» մեզ՝ ազատության, արդար երկրում ապրելու համար պայքարողներին, բայց «հասնում է» ինչ-որ անհասկանալի ռուսախոս ջահելությանը, որոնց մեծ մասն այդ համերգին եկել էր գարեջրի շշերով: Հենց սրա դեմ էինք բողոքում, բայց շատ կարճ տեւեց՝ հազիվ 3 րոպե, չհասցրինք պաստառները շնորհքով բացել: Մենք խնդիր էլ չունեինք այն երիտասարդների հետ, որոնք հավաքվել էին այնտեղ ռոք լսելու: Այդ լարվածությունը ոստիկաններն առաջացրին, որոնք եւս մեկ անգամ սեպ խրեցին թե՛ հասարակության տարբեր հատվածների միջեւ, թե՛ հարամ արեցին խաղաղ ակցիան»:
Տեղի ունեցածի մասին իրենց կայքէջում տեղեկություն է հրապարակել նաեւ «Հիմա» նախաձեռնությունը՝ հավելյալ մանրամասներ հայտնելով, թե քաղաքացիական հագուստով Ռոբերտ Մելքոնյանը խլել էր այդ պաստառները՝ «ամենավերջին հայհոյանքները տալով մի երիտասարդ կնոջ: Այդ պահին քիչ էր մնում, որ ՀԻՄԱ-ի մի քանի անդամներ իրենցից անկախ դառնային քաղբանտարկյալ, քանի որ ափերից դուրս եկած Բազազն սկսեց քաշքշել հիմայականներին, այնուհետեւ ոստիկանական շղթայով նրանց դուրս հանեցին Ազատության հրապարակից, ասելով՝ «մի հարամ արեք էրեխեքի համերգը»: Հարգելի Բազազ, ռոք-համերգը դժվար թե մենակ երեխաների համար էր նախատեսված»: «Հիմա»-ն նաեւ նշել է. «Եթե հիմայականների համար կան արգելված տեղեր, մենք դիմում ենք ՀՀ ոստիկանությանը՝ պաշտոնապես այդ տեղերը հրապարակելու պահանջով, ինչպես նաեւ փոխելու Հյուսիսային պողոտայի ժողովրդին «պաշտպանող» ոստիկաններին եւ նրանց հրամանատարներին, քանի որ նրանք գտնվում են ծայրահեղ նյարդայնացած վիճակում եւ «պաշտպանելու» փոխարեն կարող են լուրջ վնասներ հասցնել այդ ժողովրդի առողջությանը»:
Իսկ «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը մի մանրամասն էր հավելեց. «Երբ տեսա, որ բոլորին քշելով իջեցրին ներքեւ, դանդաղ քայլերով գնացի դեպի Հյուսիսային պողոտա: Իսկ երբ վերադառնում էի, տեսա, որ Կենտրոնի թաղապետարանի մոտով արդեն մի մեծ զորախումբ է գալիս դեպի Ազատության հրապարակ: Երեւի ենթադրում էին, թե մենք էլի փորձելու ենք մտնել Ազատության հրապարակ: Բայց անձրեւ սկսվեց, ու ես կանանց ասացի՝ գնացեք տուն»: