Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ»

Մայիս 13,2008 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը:

2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց եւ սկսեց իրականացվել Անդրանիկ Մարգարյանի օրոք, կատարվեց Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում, իսկ կատարողական հաշվետվությունը ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սա երեկ նշեց որպես բյուջեի հիմնական առանձնահատկություն: Որպես հաջորդ առանձնահատկություն նշվեց մուտքային «աննախադեպ մեծ աճը»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ եկամտային մասն ավելացել է 33%-ով. «Նախկին 5 տարիների եկամուտի աճի տեմպերը կազմել են 16%, այն պարագայում, որ 2007-ի կատարողականով դա կազմում է շուրջ 33%: Սա նշանակում է, որ շարունակականության ապահովության առումով բավական բարձր ձողանիշ է դրվում նորակազմ կառավարության համար»:

Տ. Սարգսյանն ընդգծեց, որ կառավարության միջնաժամկետ ծրագրում ամրագրված է աղքատության մակարդակի կրճատումը. «Այդ ծրագիրը կշարունակվի, եւ եթե բյուջեի եկամտային մասն իրականացվի, կարեւոր է, որ միջոցները վերադասավորվեն այնպես, որ առաջին հերթին հաղթահարվի աղքատությունը եւ լուծվեն առաջնահերթ խնդիրները»:

Հանրապետականների եւ անկուսակցական վարչապետի հիացական գնահատականներից հետո ցանկացանք ճշտել այլ խմբակցությունների պատգամավորների կարծիքը բյուջեի կատարողականի մասին: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը բյուջեի կատարողականը բավարար գնահատեց, թեպետ նշեց որոշ բացեր. «Եկամուտների ավելի շատ հավաքագրումը հնարավորություն տվեց շատ ծրագրեր իրականացնել՝ դա դրական է, բայց կա նաեւ լուրջ խնդիր. հարց է մնում հարկային հավասարաչափ վարչարարությունը: Հարկային եւ մաքսային մարմինները դեռեւս ունեն կատարելագործման մեծ տեղ, որի դեպքում կկարողանան հարկերի եւ մաքսերի գործող նորմերը հավասարաչափ կիրառել տնտեսվարող բոլոր կողմերի նկատմամբ եւ ոչ թե հատվածական»:

«Ժառանգություն» խմբակցությունից Լարիսա Ալավերդյանը մի կարեւոր հարց առանձնացրեց. «Գուցե կոնցեպտուալ առումով սա չի թվում առաջնային խնդիր, բայց մարդկային առումով առաջնային է. խոսքը սոցիալական ոլորտի այն թվերի մասին է, որ ներկայացված են կատարողականում: Ակնհայտ է, որ բյուջեի հաշվետվությունը գրված է ինքնահիացմամբ: Շարունակ ասվում էր, որ այս կառավարության ծրագրի անկյունաքարերից է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Սակայն հիմա հաշվի է առնված հաշվարկային աղքատության շեմը, որը բոլորս գիտենք, որ չի կարող ընդունվել որպես մարդկային կենսաբանական գոյատեւումն ապահովելու գիծ: Կոալիցիան իր հուշագրում գրել է, որ աղքատության հաղթահարման ծրագիրը պետք է լինի ռազմավարական նպատակ՝ սպառողական զամբյուղն ընդունելով որպես աղքատության շեմ: Հիմա տեսնում ենք, որ 2007-ի հաշվետվության մեջ նույն հաշվարկային շեմն է: Թոշակներն ավելացել են, բայց ռեալ գումարը, որն աղքատը ստանում էր պետությունից՝ կրճատվել է, որովհետեւ գործում է 2004-ի մեխանիզմը. մի փոքր ավելացնելով թոշակը, դուրս են թողնում նպաստի ցուցակից, դրանով «կրճատվում» է աղքատությունը, իսկ իրականում կրճատվում է մարդու ստացած գումարը, այսինքն՝ գործ ունենք մարդասիրությունից հեռու չափանիշի հետ»:

«Բյուջեի հաշվետվությունը դիտավորյալ ներկայացնում են այնքան սեղմ ժամկետներում եւ քննարկումների համար այնքան քիչ ժամանակ է տրված, որ խորքային քննարկում չլինի, սա նշանակում է, որ պատասխանատվություն չեն զգում հանրության առաջ: Իմիտացիա են անում, որ հանրությունը տեսնի, թե իբր ԱԺ-ում քննարկում կա»,- այս կարծիքին է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հ. Գ. Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն իր նախկին պաշտոնում երբեք չէր պատասխանում լրագրողների հարցերին, անգամ մի առիթով «Առավոտի» հարցին՝ իսկ ե՞րբ է, ի վերջո, հարցերին պատասխանելու, ասել էր. «Երբ կսուլի խեցգետինը»: Այն ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր: Իր նոր պաշտոնում պարոն Գեւորգյանը բավականին «շատախոս» է դարձել (համենայնդեպս՝ «պատասխանատու» հեռուստաէկրանից, երբ զեկուցում է վարչապետի հանձնարարությունների կատարման մասին), եւ մենք մտածեցինք՝ գուցե «խեցգետինն արդեն սուլե՞լ է»: Բայց սխալվեցինք, քանի որ երեկ, բյուջեի կատարողականի քննարկումներից հետո, Արմեն Գեւորգյանը դարձյալ խուսափեց լրագրողներից եւ լուռ հեռացավ: Իսկ լրագրողներն ուզում էին նրան հարցնել Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից երեխայի ծեծելու փաստի առիթով իր անցկացրած ծառայողական քննության մանրամասների մասին: Ի դեպ, երեկ լրագրողներից խույս տվեց եւ առանց հարցերին պատասխանելու հեռացավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել