Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ ապրի»

Մայիս 10,2008 00:00

Վոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրված էի, իշխանությունը քայքայվեց ու զրկվեցի բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ ժամանակ դիմեցի հանրապետության նորընտիր ղեկավարներին, որ մի բնակարանով կամ կացարանով ապահովեն ընտանիքիս, քանի որ այլեւս հնարավոր չէր վարձով ապրել: Բազմաթիվ անգամ դիմել եմ ու մերժվել: Միայն բանավոր պատասխանում էին՝ գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ մնա, մինչեւ տեսնենք այս ամենը ինչով կվերջանա»,- «Առավոտին» իր կյանքի դժվարությունները պատմեց 68-ամյա Վոլոդյա Փաշինյանը: Հետեւելով իշխանավորների խորհրդին, նա 1992թ. Ծարավ աղբյուր փողոցում կառուցել է 32 քմ մակերեսով փոքր տուն, որտեղ մինչ այսօր ապրում են ընտանիքի 11 անդամներ: Թեեւ 21-րդ դարում այդ պայմանները հեռու են մարդկային բնականոն ապրելակերպից, սակայն դրան էլ է համաձայն, միայն թե գլխին սեփական տանիք ունենա: Նա նամակներով դիմել է նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, սակայն ոչ մի արդյունք: Նույնիսկ հանրակացարան ստանալու համար Քանաքեռ-Զեյթունի համայնքապետին է խնդրել՝ պատասխանել են, թե նախկին համայնքապետը բոլորը սեփականացրել է եւ ազատ տարածք չունեն: Երբ իմացել է, որ կառավարության որոշմամբ ինքնակամ շենք-շինությունները սեփականաշնորհելու հնարավորություն է ընձեռվել, Վ. Փաշինյանը դիմել է քաղաքապետարան, այնտեղից իրեն ուղարկել են ճարտարապետական բաժին, որտեղ խորհուրդ են տվել չափագրումներ անելու համար դիմել գեոդեզիայի աշխատակցին: Բոլոր պահանջվելիք վճարումները կատարել է: Այս բյուրոկրատական քաշքշուկից հետո՝ ճարտարապետական բաժնից տվյալները չեն ուղարկում քաղաքապետարան, որպեսզի որոշում կայացվի: «Պատճառաբանում են, թե 2001-ին տարածքը հատկացրել են պաշտպանության նախարարությանը՝ կարիքավորների համար բնակարան կառուցելու: Սակայն նշեմ, որ 2001-ից մինչ այսօր նախարարության կողմից ոչ մի կառուցապատման աշխատանքներ չեն կատարվել եւ ոչ մի բնակչի չեն զգուշացրել, որ տարածքը պատկանում է նախարարությանը: Եթե դա իրոք պատկանում է նախարարությանը, ապա ինչպե՞ս են այդ տարածքում օլիգարխները դղյակներ, բնակելի տներ, ռեստորաններ, հյուրանոցներ, առեւտրի սրահներ եւ գիշերային ակումբներ կառուցում»,- նշում է Վ. Փաշինյանը: Նրա խոսքերով, իրենք անգամ չգիտեն, թե որ հասցեում են ապրում: Չունենալով սեփականություն, որտեղ կարող են գրանցվել, այժմ չի կարողանում գնալ Ռուսաստան՝ հիվանդ եղբորն այցելության, քանի որ անձնագրային խնդիրներ ունի: Նշենք, որ նրա տղան արցախյան հերոսամարտի մասնակից է եւ ազատագրական պայքարում վիրավորվելով՝ դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել