Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում կանայք գործազուրկ են

Մայիս 10,2008 00:00

Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ աշխատանք փնտրողներից 1262-ը կանայք են: Կենտրոնում մեծամասնություն են կազմում միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները: Այս տարի ավելացել է կենտրոն դիմող երիտասարդների քանակը: Սա պարոն Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Շատերը ցանկանում են ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, մյուսներն էլ հետաքրքրվում են թափուր աշխատատեղերով, բացի դա, ավելացել է նաեւ գործազրկության նպաստը՝ հասնելով 15 հազար դրամի, մի մասն էլ հենց այդ գումարի համար է գրանցվում»: Այս տարվա առաջին եռամսյակում կենտրոնում գրանցվել են անհամեմատ ավելի շատ գործազուրկներ, քան 2007-ի նույն ժամանակահատվածում: Եթե նախորդ տարի 19-24 տարեկան գործազուրկները 24-ն էին, այս տարի այդ թիվը հասել է 79-ի: 61-ով ավելացել է 25-30 տարեկանների թիվը, 20-ով՝ 35-45 տարեկաններինը: Կտրուկ ավելացել է նաեւ 46-54 տարեկան գործազուրկների թիվը՝ 371-ից հասնելով 504-ի: Կենտրոնի տրամադրած տեղեկության համաձայն, աշնանը մեծ թիվ են կազմել սեզոնային աշխատանք կատարող հիմնարկներից ազատված գործազուրկները: Նրանց մեծ մասը եղել են բանվորներ, որոնք ունեն միջնակարգ կրթություն: «Սեզոնային» հիմնարկների թվում նշված են «Արմավիր կաթ» ԲԲԸ-ն, «Սարդարապատ» գյուղմթերքների ընդունման եւ վերամշակման ձեռնարկությունը եւ այլն: Արմավիր քաղաքում հիմնականում բանվորական ուժի կարիք կա, շատ քիչ դեպքերում է գրասենյակային աշխատանք լինում: Վերջերս էլ աշխատողներ են ուզում սպասարկման ոլորտի համար: Ի տարբերություն Երեւանի գործատուների, Արմավիրում ուշադրություն են դարձնում ոչ թե սլացիկ կազմվածքով, 178սմ-ից բարձր հասակ ունեցող աղջիկներին, այլ աշխատողի ունակություններին: «Մենք գործատուի հետ նման խոսակցություններ չենք ունենում, աշխատողի արտաքինի վերաբերյալ մեր առաջ գործատուները ինչ-ինչ պահանջներ չեն դնում, խնդրում են ուղարկել բանիմաց, գործից հասկացող մարդկանց»,- նշեց Վ. Ասատրյանը:Տնօրենի խոսքերով, ավելի հեշտ են աշխատանք գտնում մինչեւ 30 տարեկանները: Աշխատանք փնտրող 1907 քաղաքացիներից կենտրոնը աշխատանքի կարողացել է տեղավորել ընդամենը 13 հոգու, նրանցից 8-ը եղել են կանայք, 2-ը՝ 25-30 տարեկան: Առանձին են հաշվառվում նաեւ չզբաղված անձինք: Այդ կարգավիճակը ստանալու համար քաղաքացին չպետք է սեփականաշնորհված անշարժ գույք ունենա, կենսաթոշակառու, գործատու լինի: Այդ կարգավիճակով էլ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1740 քաղաքացի, որից 1217-ը կանայք են, 88-ը՝ 16-24 տարեկան, 159-ն էլ 25-30 տարեկաններ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել