Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 10,2008 00:00

«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր

Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում 2:1 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Բանանցին»՝ նվաճելով պատվավոր մրցանակը:

Չորրորդ փորձն անհաջող ստացվեց

Սոֆիայում մեկնարկել է շախմատի «Mtel Masters»-ի չորրորդ մրցաշարը (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 20-րդ կարգ), որին մասնակցում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Բու Սյանչժին (Չինաստան), Իվան Չեպարինովը (Բուլղարիա):

Շախմատային աշխարհն առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում այս մրցաշարին, որտեղ վիճակահանությունը հենց մեկնարկային տուրում միմյանց դեմ դուրս բերեց հաղթողի գլխավոր հավակնորդներին՝ Արոնյանին, որը խաղում էր սպիտակներով, եւ Տոպալովին: Բանն այն է, որ Լեւոնն այս տարի արդեն երեք անգամ սպիտակ խաղաքարերով հաղթել էր բուլղարացուն (ներառյալ՝ մեկ արագ շախմատը) եւ շատերը սպասում էին նրա հերթական հաջողությանը: Սակայն այս անգամ ճակատագիրը բարեհաճ գտնվեց Տոպալովի հանդեպ, որը հաղթանակ տարավ 61-րդ քայլում: Խաղի ավարտին մասնագետներն այնպիսի տպավորություն են ունեցել, թե Լեւոնն այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Պարտիան ընթացել է հավասար պայքարում, թեեւ սկզբում նախաձեռնությունը հայ շախմատիստինն է եղել: Բայց մրցակիցը պաշտպանվել է անթերի: Իսկ Արոնյանի պարտության գլխավոր պատճառը եղել է ժամանակի սուր պակասը:

Մյուս պարտիաներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Չեպարինով-Բու Սյանչժի՝ 1:0, Ռաջաբով-Իվանչուկ՝ 0:1: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղում էր Չեպարինովի հետ:

Երեկ երեկոյան Արոնյանի եւ Չեպարինովի մրցապայքարը ավարտվեց ոչ-ոքի հաշվով:

Շամիլ Գիտինովը հեռացվել է հավաքականից

Երեկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 96 կգ քաշային Շամիլ Գիտինովը, որ երրորդ տարին էր, ինչ հրավերով հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հեռացվել է թիմից: Պատճառն այն է, որ մայիսի կեսերին Շվեյցարիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում նա եւ բելառուսցի Շեխովը, որը Գիտինովի հայրենակիցն է, գորգի վրա կասկածելի գոտեմարտ վարելու համար հեռացվել են գորգից, որին հետեւել են ՖԻԼԱ-ի պատժամիջոցները. երկու ըմբիշներն էլ որակազրկվել են մեկ տարով, իսկ Հայաստանի եւ Բելառուսի ֆեդերացիաները եւ ըմբիշների անձնական մարզիչները տուգանվել են 10-հազարական շվեյցարական ֆրանկով: «Այս պատմությունը մեզ՝ մարզիչներիս համար շատ տհաճ անակնկալ էր: Դրա համար էլ Գիտինովին անմիջապես հեռացրինք հավաքականից: Հիմա մեր ֆեդերացիան զբաղված է այդ չարաբաստիկ գոտեմարտի հետ կապված բոլոր մանրամասները բացահայտելով: Երբ ամեն բան կպարզվի, անպայման հասարակությանն այդ մասին տեղյակ կպահենք»,- եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Երեկ Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը տարել էր երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ ուշ երեկոյան պետք է պայքարեր երրորդ տեղը գրավելու համար, ինչը նրան Պեկինում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր կապահովեր։ Իսկ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը վերջին պահին փոխարինման էր ելել հիվանդության պատճառով մրցավայր չմեկնած Դենիս Ֆորովին, դուրս մնաց ուղեգրի համար պայքարից։

Այսօր մրցագորգ են մտնելու 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը՝ 96 կգ։

Չորս ակումբ արտոնագրվեց

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստում ծավալված քննարկումների արդյունքում համապատասխան արտոնագրեր են շնորհվել «Փյունիկ», «Բանանց», «Միկա» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբներին, ինչը նրանց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում:

Օլիմպիական կրակը՝ աշխարհի տանիքին

\"\"Բազմաթիվ փորձություններ անցնելուց հետո Պեկինում օգոստոս ամսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կրակը հասավ Երկիր մոլորակի ամենաբարձր կետին՝ Էվերեստ լեռան գագաթ (ծովի մակերեւույթից բարձր 8844 մետր): Մայիսի 8-ին իրականացված այդ պատմական արշավը Ջոմուլունգմայի գագաթին եզրափակեց տիբեթուհի Ցերին Վանմոն, որին այդ պատվին արժանանալ աջակցեցին տասը պրոֆեսիոնալ լեռնագնացներ: Ընդ որում, այդ ընթացքում կրակի փոխանցումավազքի երթուղին ամենակարճն էր անցած եւ անցնելիք ամբողջ ճանապարհի ընթացքում՝ կազմելով ընդամենը 30 մետր: Նրանք բոլորը «Աշխարհի տանիքին» պարզեցին ՉԺՀ-ի, Պեկինի օլիմպիական խաղերի եւ ՄՕԿ-ի դրոշները:

Օլիմպիական կրակը երեկ պատրաստվում էր գրոհել եւս մեկ բարձունք՝ Շենչժեն քաղաքի ամենաբարձր երկնաքերի տանիքը, որի բարձրությունը 384 մետր է: Այդ փուլին մասնակցելու էր 208 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել