Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիս 10,2008 00:00

\"\"Մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների:

Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում է տեղում: Այսօր եթե խոսք է գնում այդ դպրոցի ոլորտներից մեկի՝ նորաձեւության մասին, ապա հիշատակվում է հիմնականում «Ատեքս» կենտրոնի անունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ մասնակցում են միայն ռուսաստանյան «Ռուսկի սիլուետ» մրցույթին: Իսկ թե ինչո՞ւ այս ոլորտի մասնագետները կտրուկ «շրջադարձի» կամ «հակահարվածի» չեն դիմում, ինչո՞ւ մեզանում դիզայներական աշխատանքը «կոնվեյերային» բնույթ է կրում, ինչը աչք է ծակում հատկապես շոու-բիզնեսի աստղերի ճչան, շաբլոն հագուկապից եւ, ի վերջո, ինչո՞ւ տղամարդ երգիչները (բացառությամբ՝ Անդրեի) չեն դիմում մասնագետի օգնությանը, «Առավոտը» զրուցեց հագուստի մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանի հետ, որը, ըստ մեր դիտարկման, չի աշխատել միայն Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի եւ Քրիստինե Պեպելյանի հետ:

Մեր զրույցը Վ. Խաչատրյանի հետ սկսվեց նրա հետեւյալ հորդորով. «Ես ռեալիստ եմ եւ համոզված եմ, որ մենակ ոչինչ չես փոխի: Պետք է հասնել նրան, որ ողջ հասարակության կենսամակարդակը բարձրանա ու նա պահանջի, որ երգիչը կամ երգչուհին բեմ ելնի ներկայանալի տեսքով: Ես չեմ աշխատում տղամարդ երգիչների հետ, որովհետեւ վերջիններիս հետ համագործակցելը նախ անհետաքրքիր է, երկրորդ՝ սահմանափակումները՝ շատ: Ճիշտ է, վերջին շրջանում նրանք «հայկական» պիջակի վրա գունավոր կոճակներ են ամրացնում, սակայն դա ելք չէ, էլ չխոսենք այն «չերգիչների» մասին, որոնց մոդեռն հագուստն անգամ չի փրկի: Եթե այսօր արեւմուտքին կապկելով՝ մեր տղամարդկանցից շատերը բեմ են բարձրանում, օրինակ, անթեւ մայկայով, առաջին հերթին նրանք պետք է մտածեն իրենց մարմինը մարզելու, մկանուտ դարձնելու մասին: Իսկ եթե դա բացակայում է, ապա նորաձեւությունը կոչված է հենց թերությունները կոծկելուն»: Ինչ վերաբերում է երգչուհիներին, մեր զրուցակիցը, ի տարբերություն տղամարդկանց, նրանց թեեւ այդքան «դաժան» չքննադատեց, սակայն փաստեց, որ կանայք հաճախ կրկնօրինակում են արեւմուտքի իրենց գործընկերներին. «Կանայք պետք է ոչ միայն բեմում, այլեւ կյանքում, ըստ իրենց ներքինի ու արտաքինի, ճաշակ թելադրեն: Օրինակ, Եվրոպայում հայտնի դիզայներներն իրենց ապրանքը գովազդելու նպատակով հաճախ նվեր են անում աստղերին, մոդելներին եւ ընդամենը հաջորդ օրը հասարակությունը շտապում է տվյալ դիզայների սրահ: Ընդ որում, մոդելները կարող են իրենց թույլ տալ ցանկացած տեսքով դուրս գալ հասարակության մեջ, քանի որ նրանց տեղը պոդիումն է, ինչը հակացուցված է երգչուհիներին: Լսել եմ, որ ժամանակին մաեստրո Օրբելյանը մեծ ուշադրություն էր դարձնում իր ղեկավարած Հայաստանի պետական ջազ-բենդի մեներգիչների հագուկապին, իրավացիորեն նշելով, որ կուլիսներից մինչեւ միկրոֆոնի մոտ հայտնվելը անհրաժեշտ է շոյել հանդիսատեսի աչքը, դրանով իսկ ինչ-որ տեղ նախ «պարտադրել» ու տրամադրել, հետո միայն ունկնդրել այս կամ այն երգը»: Դիտարկմանը, թե արտերկրյա որոշ մրցույթներում կան հատուկ անվանակարգեր՝ ճաշակով եւ անճաշակ հագնված երգչուհիների համար, իր կարծիքով, հայաստանյան շոու-բիզնեսում դիզայները նման մրցանակներ ո՞ւմ կշնորհեր, Վ. Խաչատրյանը առանձնացրեց երգչուհիներ Էմմիին եւ Արմինկային, իր խոսքերով՝ «համարձակ» Շպրօտին, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, վիցցե-միսս «Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանին, իսկ անճաշակների հարցում վարվեց հայավարի՝ անուն չտվեց:

Դիզայների հետ զրույցում արծարծվեց նաեւ «վերեւներին» իր ծառայությունները մատուցելու հարցը: Վ. Խաչատրյանի պատասխանը հակիրճ էր. «Իմ աշխատանքները բեմական են, համարձակ մտածելակերպով ու լուծումներով: Խնդրում եմ ասածս չնույնացնել մերկանալու հետ… Իսկ իշխանավորների ոճը, իբրեւ օրենք, պետք է լինի սոլիդ եւ նորաձեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել