Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Պրեսլին՝ Ղրղըզստանում

Մայիս 10,2008 00:00

\"\"Նարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել

Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: Նարեկի կատարմամբ Պրեսլիի «Love me Tender», «My Way», «Blue Suede Shoes» եւ մյուս հիթերի ավարտին հնչեցին բուռն ծափահարություններ ու «բիսեր»: Նա կատարեց 25 երգ: Հայ երգիչը նախ բեմ դուրս եկավ ղրղըզական ազգային տարազով, այնուհետեւ ոսկեգույն կոստյումով, ինչպես ժամանակին հագնվում էր ռոքնռոլի արքան:

«Էլվիսի երգերից հանդիսատեսը հիացած էր …Մարգարյանը բարեխղճորեն աշխատեց իր երկժամյա համերգում՝ վերջում քրտնելով ոչ պակաս իսկական Էլվիս Պրեսլիից»,- 24-ամյա հայ երգչի մասին գրել է 80 հազար տպաքանակ ունեցող «Երեկոյան Բիշքեկը»՝ Ղրղըզստանի ազդեցիկ թերթերից մեկը: Բիշքեկյան համերգի գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ Ն. Մարգարյանի ընկերը՝ ծագումով ղրղըզ Կենեշ Սայնազարովը, այցելել է երեւանյան «Ստոպ» ակումբ, որտեղ այդ օրը ելույթ էր ունենում Նարեկը: «Կենեշին դա շատ դուր եկավ: Նա ասաց, որ այդպիսի բան Ղրղըզստանում չկա եւ պետք է անպայման համերգ կազմակերպել իրենց մոտ»,- պատմում է Նարեկը: Նա Երեւանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ասպիրանտ է: Նարեկը ոչ միայն հմուտ նմանակում է Պրեսլիի ձայնը, այլեւ պարում է ինչպես Էլվիսը, անգամ նրա նման բակենբարդներ ունի:

«Երբ 14 տարեկան էի, ընկերներիցս մեկն ինձ նվիրեց Էլվիսի ձայնագրությունները, որից հետո սկսեցի լրջորեն ուսումնասիրել նրա ստեղծագործությունը՝ ամեն անգամ նոր բան հայտնաբերելով ինձ համար»,- պատմում է Նարեկը, որն այժմ կատարում է ռոքնռոլի արքայի շուրջ 200 երգ: Նրա ջանքերով է 2007-ի աշնանը ստեղծվել www.elvis.am կայքը:

«Ես չգիտեմ՝ վերջիվերջո, կընտրե՞մ երգիչ դառնալու ճանապարհը, թե՝ ոչ, բայց իմ մասնագիտությանը դա չի խանգարում: Ես կերգեմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ինձ դուր է գալիս»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ համագործակցում է «Memphis Recording Service» ընկերության հետ, որը թողարկում է Էլվիսի հազվագյուտ ձայնագրությունները, տպագրում լուսանկարներ՝ կոլեկցիոներների համար:

«Երեւանում Էլվիսի երկրպագուների ակումբ ստեղծելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նրանք, ովքեր ուզում են լինել Պրեսլիի երկրպագու, կարող են ձեռք բերել նրա ձայնագրությունները»,- վստահ է Նարեկը, որն արդեն շփվում է տարբեր երկրներում ապրող իր նման «Էլվիսների» հետ: Ինչ վերաբերում է աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում անցկացվող էլվիսյան փառատոներին, դրանց Նարեկը դեռ չի մասնակցել, քանի որ չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Իսկ աշնանը նա եւս մեկ համերգային շրջագայություն կկատարի Ղրղըզստանի բոլոր 15 շրջաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել